ՄԻԵԴԸ դիմումատուների հայցը բավարարել է՝ ՀՀ կառավարությունից փոխհատուցման համարժեք գումար սահմանելով 64.000 եվրոն

2014 թվականի նոյեմբերի 13-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել «Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով: Այս գործով դիմումատուները ՀՀ կառավարությունից պահանջել են մոտ 370.000 եվրո գումար: Եվրոդատարանը, սակայն, դիմումատուների հայցը բավարարել է՝ սահմանելով 64.000 եվրո փոխհատուցում:

Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշմամբ 2005թ-ին պետության կարիքների համար վերցվել է Բուզանդի 25 հասցեում գտնվող 57ք.մ. մակերեսով բնակարանը: Սեփականատերեր Լ.Ղասաբյանին, Գ. Ղասաբյանին, Ա. Ղասաբյանին և Լ. Գրիգորյանին որպես փոխհատուցում առաջարկվել է 23,640 ԱՄՆ դոլար (գույքի գնահատված արժեքը) և ևս 14,827 ԱՄՆ դոլար, որպես խրախուսում, եթե նրանք պայմանագիրը ստորագրվի 5 օրվա ընթացքում (ընդհանուր առմամբ 38,467 ԱՄՆ դոլար):

Սեփականատերերը առաջարկը մերժում են և կառուցապատողի բողոքի հիման
վրա 03.03.2005 Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը
բավարարում է կառուցապատողի հայցը և պարտավորեցնում է դիմումատուներին
կնքել պայմանագիր՝ 23,640 ԱՄՆ դոլար գումարով:

28.06.2005 դիմումատուները հայց են ներկայացնում ՄԻԵԴ ընդդեմ Հայաստանի
Հանրապետության պնդելով, որ խախտվել են Կոնվենցիայի 8-րդ հոդվածով և 1-ին
Արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանված իրենց իրավունքները:
21.11.2007 գործն ուղարկվում է ՀՀ կառավարությանը:

24.09.2008 կառավարությունը դիմումատուներին առաջարկում է հաշտության
համաձայնագիր կնքել և ՄԻԵԴ-ից նրանց հայցը ետ վերցնելու և նրանց արդեն իսկ
վճարած 23,640 ԱՄՆ դոլար գումարը վերադարձնելու պայմանով նրանց տրամադրել
իրենցից վերցված (57ք.մ.) բնակարանից 30 մետր հեռավորության վրա (Բուզանդ-
Կողբացի խաչմերուկում) կառուցվող շենքից 140 ք.մ. մակերեսով բնակարան և 2005թ.
օգոստոսից մինչև տվյալ շենքի շահագործման հանձնելը ամսական 120,000 ՀՀ դրամ՝
որպես այլ բնակարան վարձակալելու համար վարձավճար (ընդհանուր 7,200,000 ՀՀ
դրամ), կամ վճարել 22,260,000 ՀՀ դրամ և վարձավճարի գումարը:

Այս առաջարկը ևս մերժվում է և պահանջվում 130,200,000 ՀՀ դրամ (մոտ 252,000 եվրո), գումարած 70,000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում: Ընդհանուր
առմամբ՝ մոտ 320,000 եվրո:

ՄԻԵԴ-ը կառավարությունից պահանջում է հստակեցնել որպես փոխհատուցում
առաջարկվող բնակարանի տվյալները: Հարցմանն ի պատասխան կառավարությունը
տեղեկացնում է, որ որպես փոխհատուցում դիմումատուներին առաջարկվող կոնկրետ
բնակարանը 117.7 ք.մ. է, և դրա կոնկրետ հասցեն է՝ Ամիրյան 4/6 շենք, բնակարան 40, և
ՄԻԵԴ է ուղարկում բնակարանի սեփականության վկայականը:

Հաշտության համաձայնության հասնելու անհաջող փորձերից հետո կառավարությունը 10.09.2010 հանդես է գալիս Միակողմանի հայտարարությամբ՝ ընդունելով, որ խախտվել են դիմումատուների Կոնվենցիայի 1-ին Արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանված իրավունքները և պահանջելով ՄԻԵԴ-ից դադարեցնել գործի քննությունը և առաջարկում է դիմումատուներին տրամադրել նշված բնակարանը՝ որպես փոխհատուցում նրանց կրած ամբողջ վնասի համար:

27.10.2010 ՄԻԵԴ ուղարկված նամակով դիմումատուները մերժում են կառավարության միակողմանի հայտարարությունը նշելով, որ նշված բնակարանը չի հանդիսանում արդարացի փոխհատուցում իրենց կրած վնասի համար և պահանջում են 117,700,000 ՀՀ դրամ (մոտ 230,000 եվրո)՝ որպես նյութական վնասի փոխհատուցում և 140,000 եվրո՝ որպես բարոյական վնասի մասնակի փոխհատուցում, ինչպես նաև ՄԻԵԴ-ից պահանջում են փաստաբանական ծախսերի փոխհատուցում:15.11.2011 ՄԻԵԴ-ը, հիմք ընդունելով կառավարության միակողմանի հայտարարությունը, կայացնում է որոշում, որով դադարեցնում է գործի քննությունը և պարտավորեցնում է կառավարությանը դիմումատուներին տրամադրել նշված բնակարանը:

Կառավարությունը հայտնում է իր պատրաստակամությունը՝ տրամադրել
դիմումատուներին նշված բնակարանը, և պահանջում է վերադարձնել արդեն իսկ
վճարված 23,640 ԱՄՆ դոլար գումարը:

Դիմումատուները հրաժարվում են վերադարձնել 23,640 ԱՄՆ դոլար գումարը
պատճառաբանելով, որ ՄԻԵԴ որոշման մեջ դրա վերադարձի վերաբերյալ նշում չկա և
պահանջում են իրենց տրամադրել բնակարանը՝ առանց նշված գումարը
վերադարձնելու:

26.03.2012 դիմումատուների ներկայացուցիչ փաստաբան Ա.Գրիգորյանը նամակ
է ուղարկում ՄԻԵԴ պահանջելով վերսկսել գործի քննությունը, քանի որ, ըստ նրա,
կառավարությունը հրաժարվում է իրենց տրամադրել նշված բնակարանը՝ առանց
իրենց կողմից 23,640 ԱՄՆ դոլար գումարը վերադարձնելու:

10.07.2012 ՄԻԵԴ-ը որոշում է կայացնում վերսկսել գործի քննությունը:

Դիմումատուներն իրենց փոխհատուցման պահանջում ՀՀ կառավարությունից
պահանջում են 117,700,000 ՀՀ դրամ (մոտ 230,000 եվրո)՝ որպես նյութական վնասի
փոխհատուցում և 140,000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում (ընդհանուր
առմամբ մոտ 370,000 եվրո), նաև ՄԻԵԴ-ից պահանջում են փաստաբանական ծախսերի
փոխհատուցում:

ՀՀ կառավարությունը ներկայացնում է իր առարկությունները և 13.11.2014 ՄԻԵԴ-ը
վճիռ է կայացնում նշված գործով: Համաձայնելով կառավարության այն դիտարկման
հետ, որ փոխհատուցումը պետք է հաշվարկել դիմումատուների իրականում կրած
վնասը հաշվի առնելով, վճռում է, որ ՀՀ կառավարությունը դիմումատուներին պետք է
վճարի 40,000 եվրո՝ որպես նյութական վնասի փոխհատուցում և 24,000 եվրո՝ որպես
բարոյական վնասի փոխհատուցում, ընդհանուր առմամբ՝ 64,000 եվրո գումար:

Ամփոփում- ՀՀ կառավարությունը դիմումատուներին առաջարկում է իրենցից վերցված
57ք/մ մակերեսով բնակարանի դիմաց տրամադրել 117.7 ք.մ. մակերեսով բնակարան՝
պահանջելով վերադարձնել արդեն իսկ վճարված 23,640 ԱՄՆ դոլար գումարը:
Դիմումատուները հրաժարվում են վերադարձնել 23,640 ԱՄՆ դոլար գումարը՝
կառավարությունից պահանջելով մոտ 370.000 եվրո գումար:

Եվրոդատարանը դիմումատուների հայցը բավարարում է՝ փոխհատուցման համարժեք
գումար համարելով 64.000 եվրոն:

Տեսանյութեր

Լրահոս