Պարո՛ն Գասպարյան, իրականություն վերադարձեք և աշխատեք ոստիկանության վարքի վրա. Դ. Մանուկյան (տեսանյութ)

Ցանկացած ակցիայի ժամանակ ոստիկանների մոտ սովորություն է դարձել, որ պարտադիր պետք է հրմշտոցներ, ինչ-որ միջադեպեր լինեն՝ տեղի կամ անտեղի, դա արդեն դարձել է անքակտելի մասն այս կամ ակցիայի կամ զանգավածային միջոցառման: Այս կարծիքին է «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը, ով այսօր՝ «Որքանով են իրավաչափ ոստիկանության արձագանքը ակցիաների ժամանակ» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ խոսեց նոյեմբերի 12-ին Ֆինանասների նախարարության շենքի դիմաց «Դ!եմ եմ»-ի անցկացրած ակցիայի ժամանակ ոստիկանության և ակտիվիստների միջև տեղի ունեցած բախումների մասին:

Ըստ նրա՝ մեր ոստիկանությունը իրեն պահում է թաղային հեղինակությունների նման. տեսնելով իր «հակառակորդի» քանակը և ուժը, որոշում է՝ ինչ քայլերի գնա, ինչի չգնա, կամ թողնի հետո ինչ-որ քայլեր անի:

Դ. Մանուկյանը կարծում է՝ երբ ակցիաները բազմամարդ են և զգացվում է, որ իսկապես ուժեղ է այս պատմությունը, որ եկել է ակցիայի, ոստիկանությունը մի քիչ ավելի զուսպ է, իսկ երբ ակցիայի մասնակիցների քանակը փոքրաթիվ է՝ ինչպես նոյեմբերի 12-ին էր, շատ «թևեր առած» են, շատ «հզոր» են իրենց զգում՝ մոռացած, կամ մի կողմ դնելով օրենքները, որոնք սահմանում են ոստիկանի վարքը.

«Նրանք գործում և խոսում են քաղաքացու հետ ինչպես ուզում են, նույնիսկ արհամարհելով այն փաստը, որ իրենք իրականում ակցիայում ներակա քաղաքացիներից 2-3 անգամ ավել են և այդ 50 հոգանոց բազմությունը ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ չէր բնավ, որ պետք էր այդպես արձագանքել»:

Կարդացեք նաև

Դ. Մանուկյանը նկատեց, որ նոյեմբերի 12-ին՝ խոչընդոտելով ակցիայի ակտիվիստների խաղաղ ակցիան՝ ոստիկանները պատճառաբանում էին, որ իրենք պետք է ապահովեն Ֆինանսների նախարարության շենքի բնականոն ելումուտը, դրա համար չէին թողնում ակցիայի մասնակիցներին մոտենալ շենքին.

Դուք բոլորդ ականատես եք եղել, որ այնտեղ «Դ!եմ եմ»-ը բազմիցս ակցիաներ է ունեցել և մշտապես էլ մենք մոտեցել ենք այդ շենքին և երբևէ այդ շենքի ելումուտը չի խափանվել մեր մոտենալու պատճառով, որովհետև մեզ երբեք էլ այդ մուտքի մոտի կամարներից ներս չեն թողել: Այսինքն՝ մի աբսուրդ հիմնավորում էր, որ իբր մենք խանգարում ենք նախարարի աշխատանքին մեր աղմուկով: Հավաքների ազատության մասին օրենքի 32 հոդվածով ոստիկանության սահմանված պարատականություններից մեկն է ապահովել այդ տարածքում գտվող շինությունների ազատ ելումուտը, բայց այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ ոստիկանը ինքն իր կամքով ուղղակի որոշում է, որ մեր մոտենալը կսահմանափակի այդ շենքի ելումուտը, այնինչ մենք պնդում ենք, որ չի սահմանափակի,այդպիսի փորձեր եղել են»:

Դ. Մանուկյանը խոսեց նաև ոստիկանների օգտագործած բառապաշարի և քաղաքացիների հետ խոսելու ձևի մասին՝ նշելով, որ, օրինակ, ոստիկանը քաղաքացուն հետևյալ բառերն է ասում՝ «ոնց ուզում եմ, հետդ խոսում եմ, արա».

«Ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կարող է հիմնավորել, որ սա էլ ինչ-որ օրենքի կետի տակ կարելի է սղացնել և ասել, որ ոստիկանը սրա իրավունքը ևս ունի»:

Դիմելով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ Դ. Մանուկյանը նշեց, որ շատ հաճախ է ոստիկանապետը էկրանից հայտարարում, որ ոստիկանությունը շատ է փոխվել, ոստիկանություն-հասարակություն համագործակցությունը լավացել է. «Ես առաջին ուրախացողներից մեկը կլինեի, որ այդպես լիներ, բայց պարոն Գասպարյան, դա իրականությանն այդքան էլ չի համապատասխանում, իրականություն վերադարձեք և աշխատեք ոստիկանության վարքի վրա, որովհետև նրանք իրենց դեռևս դրսևորում են որպես թաղային հեղինակություններ, այլ ոչ թե իրավապահ մարմիններ»:

Տեսանյութեր

Լրահոս