«Եթե որոշ խնդիրներ շտկենք, Շվեյցարիայի պես երկիր կդառնանք»

Թոնի (Էնթոնի) Մորոյան անունը հայտնի է ՏՏ ոլորտի գիտակներին` ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս։ Ծնվել է Լիբանանում, հետո տեղափոխվել ԱՄՆ, ավարտել Բերքլիի համալսարանն ու ներխուժել բարձր տեխնոլոգիաների ոլորտ։ Աշխատել է ժամանակի տեխնոլոգիական հսկաներից մեկում` «Texas Instruments»-ում, երկար ժամանակ գլխավորել «Hitachi» ընկերության ամերիկյան մասնաճյուղը: Հետո որոշել է զբաղվել սեփական նախագծերով` start-up-երով։ «Viasphere International» վենչուրային ընկերության (ԱՄՆ) և «Viasphere» տեխնոպարկի (Հայաստան) հիմնադիր-նախագահն է, Համահայկական բանկի և «Candle» նախագծի խորհրդի անդամ, «ԱրմԹեք» («ArmTech») համաժողովի համահիմնադիր և համանախագահ, ՏՏ ոլորտի տասնյակ ընկերությունների հիմնադիր: Թոնի Մորոյանը նաև ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ է։ Թ. Մորոյանի հետ մեր հարցազրույցը սկսեցինք հենց վերջին մրցանակաբաշխությունից։

– Օրեր առաջ տեղի ունեցավ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2014 թ. մրցանակաբաշխությունը։ Դափնեկրին` Մարիո Մացցոլային, Դուք էիք ներկայացնում։ Որքանո՞վ է կարևոր այդ մրցանակը, ի՞նչ կշիռ ունի այն։

– Շատ կարևոր և առանձնահատուկ մրցանակաբաշխություն է։ Նախագահական մեդալներ՝ որպես այդպիսիք, շատ կան։ Բայց այս գաղափարով մեդալ չեմ տեսել։ Չկա։ Միակ նմանությունը գտնում եմ Նոբելյան մրցանակի հետ։ Իհարկե, Նոբելյան մրցանակը շատ հին պատմություն ունի, շատ ճանաչված է, միջազգային հռչակ ունի և մեծ բյուջե։ Ամենահարգված մրցանակն է գիտության ոլորտում։ Բայց իրենք ՏՏ ոլորտի համար մրցանակ չունեն, չեն ավելացրել, ինչն ինձ համար զարմանալի է։ Ես ոչ թե համեմատում կամ նույնացնում եմ մեր մրցանակը Նոբելյանի հետ, այլ ցանկանում եմ ասել, որ այն համահունչ է Նոբելյան մրցանակի գաղափարախոսությանը։

– Հայաստանում անկախացումից ի վեր խոսվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման մասին։ Այն տնտեսության գերակա ուղղություն է հայտարարված։ Ո՞ւր ենք հասել իրականում, և ի՞նչ է պետք իրոք զարգանալու համար։

– Ամենամեծ գաղտնիքը քայլերի հերթականությունն է` որ քայլը որ քայլից հետո պետք է անես, որպեսզի շենքը վերևից չսկսես շինել։ Հենց նման հարցերի համար Հայաստանի կառավարությունն ինձ հրավիրեց, որ օգնեմ այդ հարցին պատասխանել։ Իսկ այդ հարցին պատասխանելու համար նախ պետք է ունենաս տեսլական` ռազմավարություն, ու նաև հասկանաս, որ սահմանափակումներ ունես։ Իսկ Հայաստանը շատ սահմանափակումներ ունի։ Նախ` IT ոլորտում մարդկանց թիվը քիչ է։

– Նկատի ունեք, որ Հայաստանում ոլորտի մասնագետների դեֆիցի՞տ կա։

– Ոչ թե ՏՏ ոլորտի, այլ ընդհանրապես։ Եթե դիտարկում ենք այս ոլորտի և բնակչության թվի հարաբերակցությունը, վատ չէ։ Սակայն ես մասշտաբների մասին եմ խոսում։ Մարդկանց թիվը փոքր է, այդ թվում` բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Օրինակ, Չինաստանում երբ խոշոր IT ընկերություն է բացվում, կարող են մի քանի հազար աշխատող վարձել։ Մեզ մոտ այդքան մարդ չկա։

Այսինքն, մեկ լուրջ ու խոշոր ընկերությունը կարող է կլանել ամբողջ որակյալ աշխատուժը։ Սա առաջին սահմանափակումն էր։ Երկրորդն աշխարհագրական դիրքն է. ելք չունենք դեպի ծով, հարևան երկրների հետ գիտեք ինչ հարաբերություններ են։ Ու որպես երրորդ սահմանափակում` ես առանձնացնում եմ հայկական բնավորության որոշ գծեր։ Մենք` հայերս, ուրույն նկարագիր ունենք` լավ և վատ կողմերով։

Լավ գծեր շատ ունենք` նորարար ենք, մրցունակ ենք, թրծված ենք, դժվարություններին դիմացող ենք։ Բայց չափից դուրս անհատական ենք։ Նախանձի զգացումը մեզ մոտ շատ է, և դա շատ մեծ խնդիր է։ Քանի՞սն են տեսել, որ հատկապես դրսում հայն ուրիշ հայի գովի։

– Դա բիզնեսում է՞լ է արտահայտվում։

– Այո, իհա՛րկե։ Մրցակցությունը լավ բան է, այդ թվում` անհատական մրցակցությունը։ Սակայն, երբ դա հասնում է ծայրահեղության, ոչ մի լավ բանի չի կարող բերել։ Այս ամենը վերլուծելով` պետք է որոշես` ինչ տիպի ընկերություններ բերել Հայաստան։ Օրինակ, երբ «Synopsys»-ը գալիս էր Հայաստան, ես իրենց ասացի, որ հարկավոր է բերել ամենաառաջավոր և բարդ նախագծերը: Հայերի միտքը միշտ առաջ է գնում։ Աշխատավարձն արագ է աճելու, և եթե առաջավոր ու մրցունակ բան չբերեք, կկորցնեք։ Նաև ասացի, որ եթե մտադիր եք Հայաստանում 10-20 հազար աշխատող ունենալ, գործ չունեք այնտեղ, մենք այդքան ռեսուրս չունենք։ Հայաստանի մտավոր ռեսուրսը չի կարող միայն մեկ ընկերության ծառայել։ Մեզ դիվերսիֆիկացիա է պետք։ Մեծ ընկերություններն էլ թող գան։ Բայց եթե այդ մեծ ընկերությունը պետք է միանգամից 10 հազար հոգու տանի իր մոտ, դա սխալ է։

– Մենք ճիշտ ձևո՞վ սկսեցինք։

– Միգուցե ասածս զարմանալի հնչի, սակայն մեր բախտը բերեց, որ անկախություն ստացանք հենց 1991-ին։ Ժամանակային իմաստով եմ ասում։ Եթե 20-30 տարի առաջ անկախանայիք, հատկապես ՏՏ ոլորտում դժվար կլիներ ներդրումներ բերել, կապի միջոցները զարգացած չէին, և այլն։ Լավ է նաև, որ 2020-ին չանկախացանք, որովհետև արդեն ուշ կլիներ ինչ-որ բանի հասնելու համար։ Այսինքն` մեր մեկնակետը ճիշտ ժամանակին էր, անցումային, փոփոխությունների փուլում` գլոբալ առումով։ Անցում եղավ` հին տնտեսությունից նոր տնտեսություն։

– Իսկ այդ անցումային պահը ճի՞շտ օգտագործեցինք։

– Որոշ չափով` այո, որոշ չափով` ոչ։ Ես հպարտ եմ, որ 1991-ին գալով այստեղ` իմ ներդրումն ունեցա բարձր տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու գործում։ Եվ այսօր շատ ուղղություններով Հայաստանը շատ առաջատար դեր և դիրք է զբաղեցրել։ Օրինակ, EDA-ի մեջ (electronic design automation) 10-ից մեկն ենք աշխարհում։ Նախագահական մրցանակաբաշխության ժամանակ պրն Մացցոլային ներկայացնելիս` մինչ իր մասին խոսելը ես այս մասին խոսեցի, ցույց տալու համար, որ Հայաստանն այս ոլորտում «դատարկ տեղ» չէ։ Որ փոքր ենք, սակայն լուրջ հաջողություններ ունենք։ Եվ մենք ունենք մի շատ հզոր գործոն` Սփյուռքը։

– Դուք Համահայկական բանկի խորհրդի անդամ եք։ Այս հարցում ի՞նչ դեր ունի բանկը։ Այն կարողանո՞ւմ է Սփյուռքի ռեսուրսները բերել Հայաստան և վերածել ներդրումների։

– Ես այդ կարծիքին չեմ, որ ՀԲ-ի նպատակը սփյուռքահայերի միջոցները մոբիլիզացնելն էր։ Ռեսուրսները գալիս են գլոբալ, միջազգային լուրջ աղբյուրներից։ Նման բան չեմ լսել, որ հայերից պետք է դրամ հավաքենք և ներդրումներ անենք։ ՀԲ-ի ստեղծման նպատակն էր` ունենալ ներդրումային բանկ, որ շատ մաքուր, թափանցիկ և օրինակելի լինի։ Որ երկարաժամկետ և ցածր տոկոսադրույքներով միջոցներ ներգրավի տարբեր նախագծերի համար։ Արդեն 6-7 ներդրումային նախագիծ է իրականացվել։

– Սակայն, եթե ԱՄՆ-ում ապրող հայ գործարարն ինքը ներդրում չի ցանկանում անել Հայաստանում, նրան ծանոթ այլազգի գործարարն ինչո՞ւ պետք է անի։ Սփյուռքահայ գործարարների ոչ բավարար հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ չի՞ խանգարում օտարազգի գործարարներին։

– Կարող է նման բան լինել։ Կարող է և չլինել։ Ես այսպես եմ մտածում. եթե ինչ-որ պատճառներով սփյուռքահայ գործարարը ներդրում չի անում Հայաստանում, և նրան հարցնում են` ինչո՞ւ, կարող է պատասխանել, որ այս պահին չի ցանկանում։ Ոչ թե ամեն ինչ մռայլ գույներով ներկայացնել և 3 վայրկյանում «կտոր-կտոր անել» Հայաստանն օտարերկրացու աչքում։

Դու չես կարող` մի արա, բայց ուրիշներին ետ մի պահիր։ Այնպես չէ, որ ամերիկացիները չեն գալիս Հայաստան։ Գալիս են։ Ես ԱՄՆ-ում Սիլիկոնային հովտում start-up ընկերություններ եմ ստեղծում և դրանց մասնաճյուղեր հիմնում տարբեր երկրներում` Բրազիլիա, Իսրայել և այլն։ Սկսեցի Հայաստանում դնել։

Մեծ ընկերությունները start-up բիզնեսներ են գնում Սիլիկոնային հովտում և տեղափոխում այստեղ։ Դա ամենալավ ճանապարհն է, որովհետև մեծ ընկերությունները մարդ հավաքելու ժամանակ չունեն։ «Menthor Graphics»-ի դեպքում այդպես է եղել։ Այդպես է եղել նաև «Synopsys»-ի դեպքում, որի բանակցությունները ես եմ վարել։

Այնպես որ, արտասահմանյան ընկերությունները Հայաստան կարող են գալ։ Սակայն, եթե ամերիկյան ընկերությունը գա Հայաստան և ձախողվի, դա արդեն շատ վտանգավոր կարող է լինել։ Օրինակ, երբ ինչ-որ մեկը ցանկանում է Հայաստանում բիզնես սկսել, զանգահարում են ինձ, կարծիք հարցնում։ 2003-2004-ին Հայաստան բերեցի «Menthor Graphics»-ի և «Synopsys»-ի ղեկավարներին։ «Menthor»-ն այն ժամանակ ասաց` ոչ, դեռ մեր ժամանակը չէ։ Սակայն «Synopsys»-ը եկավ։

Մոսկվա պետք է գնային, սակայն համոզեցի գալ Հայաստան։ Հետո արդեն Հայաստան եկավ նաև «Menthor»-ը։ Սակայն, եթե «Synopsys»-ն այստեղ ձախողվեր և համակարգային դժվարություններ ունենար, ոչ մի ընկերություն չէր գա։ Իսկ ընդհանուր առմամբ, ներդրում անողի համար դաշտը պետք է կանխատեսելի լինի, և ինքը պետք է վստահ լինի, որ կկարողանա իրեն պաշտպանել։ Եթե հասկացավ, որ չի կարողանալու, ուրեմն վերջացավ, չի գա։

– Դուք այստեղ խնդիրներ ունեցել եք, երկար ժամանակ դատական գործընթացների մեջ եք։ Այդ խնդիրները լուծվե՞լ են։

– Դատը շահել ենք ԱՄՆ-ում, սակայն ամբողջ դատական պրոցեսը դեռ չի վերջացել։ Խնդիրն Արամ Վարդանյանի հետ էր, ով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահն էր։ Դեռ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք ես գնեցի նախկին «Տրանզիստոր» գործարանը և դրա հիմքի վրա ստեղծեցի «Վիասֆեր տեխնոպարկը», որի 100%-անոց սեփականատերն է իմ հիմնած «Վիասֆեր Ինթերնեշնլը»։ Արամ Վարդանյանին նշանակեցի որպես գլխավոր տնօրեն` որպես գիտության մարդ։ Հետո պարզվեց, որ այս մարդըգ Շատ բաներ է արել, կարող եք կարդալ (ԱՄՆ Առաջին ատյանի դաշնային դատարանն այս տարվա հոկտեմբերի վերջին բավարարեց «Վիասֆեր Ինթերնեշընլի» հայցն` ընդդեմ Արամ Վարդանյանի, և վճռեց «Վիասֆերի» օգտին բռնագանձել 1,074,213 ԱՄՆ դոլար։ Ըստ երդվյալ ատենակալներին ներկայացված ապացույցների` Ա. Վարդանյանը խաբեությամբ տիրացել է ընկերության գույքին, օգտագործել է «Տեխնոպարկի» աշխատակիցներին ու ռեսուրսներն իր անձնական նպատակներով, «Տեխնոպարկի» միջոցները վատնել է անձնական տուն կառուցելու վրա, յուրացրել է «Տեխնոպարկի» մտավոր սեփականության իրավունքները և դրանք մարմնավորող օբյեկտները, որոնցից է, օրինակ` «Զենիթ» հակակարկտային կայանը.- Բ.Թ): 2000-ից վեր մենք այստեղ ներդրումներ ենք արել։ Մարդիկ այստեղ «ներդրում» ասելով՝ հասկանում են միայն դրամը, սակայն իրականում դրամը ներդրման ամենափոքր մասն է։

Ներդրումներ ասելով` պետք է հասկանալ ժամանակը, «նոու հաու»-ների, անձնակազմի վերապատրաստման, Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային ցանցին հաղորդակից դարձնելու, վաճառքի միջազգային ուղիները Հայաստան ուղղելու և Հայաստանն ավելի ճանաչելի դարձրած քայլերը։ Իմ տնօրենների խորհուրդն ասաց` թող այդ ամենը և դուրս արի, առանց այդ էլ` այդտեղ ահագին բաներ ունենք։ Կամ այդպես պետք էր անել, կամ` պայքարել։ Որոշեցի մնալ և պայքարել, ապացուցելու համար, որ Հայաստանում կարող ես իրավունքդ պաշտպանել։ 3 տարի դատավարության մեջ էինք։ Այդ պատճառով շատ նախագծեր, ներդրումներ սառեցվեցին, որովհետև չես կարող ներդրումների մասին խոսել, երբ դատարանում ես։

– Այսինքն, ստացվեց, որ, ի վերջո, Ձեր իրավունքը պաշտպանեցիք ամերիկյան դատարանում, ոչ թե ՀՀ արդարադատության համակարգի միջոցով։ Հիմա եթե օտարերկրացի բիզնեսմենը Ձեզ հարցնի` իմ իրավունքները և սեփականությունը Հայաստանում պաշտպանվա՞ծ են, Դուք ի՞նչ կպատասխանեք։

– Հասկանում եմ` ինչ եք ուզում ասել։ Այստեղի ընկերությունը 100%-ով պատկանում էր ամերիկյան մայր ընկերությանը։ Եթե անգամ 1% պատկաներ տեղի բաժնետիրոջ, դժվարություններն ավելի մեծ կլինեին։ Ինձ ամերիկյան հեռուստատեսությամբ ձեր նույն հարցը տվեցին, որ գիտենք` գնում ես ամերիկյան դատարան, բայց Հայաստանում կկարողանա՞ք հաղթել։ Հիմա Հայաստանում փոքր դատավարություն ունենք (այստեղ շարունակվում է «Զենիթ» հակակարկտային կայանքի նկատմամբ արտոնագրային իրավունքների գործով ընթացող դատական վեճը.- Բ.Թ.)։ Նիստը նշանակված է այս նոյեմբերի 19-ին։ Դա, այսպես ասենք, test-case է։ Մի դատավարության փոքր մասն է։

– Այսինքն` Դուք իմ հարցին ավելի հստակ կկարողանաք պատասխանել հայաստանյան դատավարությունից հետո՞։

– Այդ ժամանակ ավելի լիարժեք կպատասխանեմ։ Սակայն ամերիկյան հաղթանակը նույնպես մեծ բան էր։ Դրանով ցույց տվեցինք, որ Հայաստանում գործունեություն իրականացնող ամերիկյան ներդրողները կարող են պաշտպանել իրենց ներդրումները` դատական պաշտպանություն հայցելով ինչպես` ԱՄՆ-ում, այնպես էլ` Հայաստանում` կախված այն հանգամանքից, թե ինչպիսի կորպորատիվ կառուցվածք ունի ընկերությունը: Հաճախ է պատահում, որ ասում են` այսինչն ազնիվ չէ, «աղտոտ» մարդ է։

Սակայն ոչ մի բան չեն անում, համարում են, որ անցավ-գնաց։ Եթե ոչինչ չանես, այդ աղբը չես կարող մաքրել։ Մենք պիտի մաքրենք։ Կոնկրետ հայաստանյան դատավարությանը շատ պատրաստված ենք գնում, բոլոր փաստաթղթերն ունենք, շատ կզարմանամ, եթե իրենք հաղթեն։ Ասածս այն է, որ կարող ես հաղթել, սակայն պետք է գործես։ Շատերը հիասթափվել, գնացել են։ Սակայն, եթե մեկ դրական օրինակ լինի, մյուսներն էլ կքաջալերվեն։ Բոլորը քարոզում են օրենքի գերիշխանություն։ Եթե դա լինի, ամեն բան կհաջողվի։ Եթե լինի օրենքի իշխանություն, ներդրողները պաշտպանված զգան, շատերը կգան։ Շատերն ասում են, որ նման բան չի կարող լինել, սակայն ես ասում եմ` կարող է։

Մեծ վստահություն ունեմ, որ այստեղ էլ կհաղթենք, ու այդ գործն օրինակ կհանդիսանա։ Սրանից առաջ էլ դժվարություններ եղել են։ Մարդիկ կան, որ այստեղ խնդիրներ են ունեցել բիզնեսի մեջ, հեռացել են, բայց կրկին եկել են։ Այսինքն` ամեն ինչ կարող ենք շտկել։ Ես դրանում 100%-ով համոզված եմ։ Եթե օրինակները շատանան, մարդիկ ավելի շատ կգան։ Եթե չշտկվի` մոռացեք հաջողության մասին։

– Այսինքն, յուրաքանչյուր գործարար նախևառաջ ի՞նքը պետք է պայքարի մինչև վերջ, այդ թվում` օտարերկրյա դատարանում` առանց սպասելու, որ այստեղ արդարադատության համակարգը բարելավվի։

– Պետք է պայքարեն և, միևնույն ժամանակ, օգնեն իշխանությանն այդ հարցում։

– Բայց իշխանությունը ցանկություն ունի՞ շտկելու։

– Այո, ես նկատում եմ, որ այդ ցանկությունը կա։

– Երբվանի՞ց եք նկատում:

– Արդեն 3-4 տարի է։ Այսինքն` այս խնդիրների ի հայտ գալուց հետո է առիթ եղել գործնականում համոզվելու դրանում։ Գիտեք, անցկացնում ենք «ArmTech» համաժողովը արդեն 7-րդ անգամ, Դրա շրջանակներում կառավարության հետ քննարկումներ ենք ունենում` ինչպես լուծել խնդիրները, ինչպես շտկել իրավիճակը, որ ավելի շատ ներդրումներ գան։ Կառավարությունը գիտակից է, ցանկանում է դրան հասնել։ Ինձ այդպես են ասել, և ես իմ աչքով էլ դա տեսել եմ։

– Լավատես եք։

– Հարցը լավատեսության մեջ չէ։ Սա իմ անձնական փորձով եմ ասում։ Որևէ մեկին օգնելու կամ սիրաշահելու խնդիր չունեմ։ Ինձ ճանաչողները գիտեն. իմ ասելիքն ասում եմ, որևէ մեկից չեմ վախենում։ Բայց ես` մեր ընկերությունը, չէր կարող գոյատևել, եթե կառավարության քաջալերանքը չլիներ։ 3 տարի դատավարության չէինք գնա։ Էլի կրկնեմ` օրենքի իշխանությունն է գլխավորը։ Եթե դա շտկվի, ներդրումները կգան։ Կապ չունի` ծով չունենք, նավթ չունենք, խնդիրներ ունենքգ Շվեյցարիայի պես երկիր կդառնանք։ 100-ից 100 վստահեցնում եմ Ձեզ։ Հայ ժողովուրդը ստեղծագործ ժողովուրդ է, խելացի և աշխատասեր ժողովուրդ է։

Տեսանյութեր

Լրահոս