Էրիկ Անթառանյան. «Որոշել եմ, որ երեխաներիցս յուրաքանչյուրը պետք է և՛ քույր ունենա, և՛ եղբայր» (լուսանկարներ)

Հարցազրույց հաղորդավար Էրիկ Անթառանյանի հետ

– Էրիկ, շուտով կծնվի երկրորդ որդիդ: Այդ հանգամանքն ինչ-որ կերպ ազդե՞լ է քո ապրելակերպի վրա: Արդեն պատրա՞ստ ես գիշերները կրկին չքնել:

– Այդ անքուն գիշերներին սպասում եմ անհամբերությամբ: Եթե ավագ որդուս` Սերգեյի ժամանակ չէի գիտակցում, որ իմ կյանքում նոր մարդ կա, որի հետ ամեն վայրկյանս ուզում եմ անցկացնել, ու թվում էր, թե պարզապես հայտնվել է մի էակ, ով խանգարում է քեզ քնել, ապա Դավիթի ժամանակ ամեն ինչ փոխվեց, որովհետև հասկացա, որ ամենաերանելի բանը, որ եղել է իմ կյանքում, որդուս իմ կրծքին ամուր սեղմած, նրա հետ միասին, ուժասպառ, արդեն լուսադեմին բազկաթոռին քնելն էր… Հենց այնպես չեմ խոսում երկրորդ տղայիս մասին, ասես նա արդեն մեր տանն է: Դա մեր ընտանիքի «դիրքորոշումն» է: Մեզ համար Դավիթն արդեն կա, պարզապես դեռ մայրիկի փորիկում է: Երբ նա մտնի մեր տուն, մենք նրան բարի գալուստ ենք ասելու:

Erik (5)

Կարդացեք նաև

Erik (8)

Erik (9)

– Երբ իմացաք, որ երկրորդ բալիկը ևս տղա է, ի՞նչ զգացողություններ ունեցաք` Դուք և Ձեր կինը:

– Հպարտության զգացում համակեց ինձ, որ Անթառանյանների ազգանունը ևս մեկ շարունակող է հայտնվել (այդ կողմից մի քիչ խեղճ ենք, աղջիկներն են շատ), և ուրախացանք, որ Սերգեյը եղբայր կունենա` իրար թև-թիկունք կլինեն, միասին բարձունքներ կհաղթահարեն:

– Տղամարդկանցից շատերը մինչև առաջնեկի հետ գիշերային անքնությանն անցնելը պնդում են, թե պետք է այնքան տղա ունենան, որ ֆուտբոլի թիմ ստեղծեն: Հաշվի առնելով ֆուտբոլի հանդեպ քո սերն ու երկրորդ տղա զավակի ծնունդը, դու և՞ս նման մտադրություններ ունես:

– Ո՛չ, այս հարցում ֆուտբոլային հակումներս կապ չունեն, այլ այն, որ ես մենակ եմ մեծացել` առանց քույր ու եղբոր: Որոշել եմ, որ երեխաներիցս յուրաքանչյուրը պետք է և՛ քույր ունենա, և՛ եղբայր: Իսկ դա հնարավոր է միայն 2+2 բանաձևի դեպքում: Դրա կեսն արդեն արել ենք:

Erik (11)

Erik (6)

Erik (4)

Erik (10)

– Ժամանակին հարցազրույցներից մեկում նշել էիր, թե «հաջող ամուսնացել» ես: Ի՞նչ է նշանակում` «հաջող ամուսնանալ», ի՞նչ նկատի ունեիր:

– Եթե ձեզ մինչև հիմա պարզ չէ այդ հարցի պատասխանը, ապա հավանաբար չեք տեսել կնոջս կամ երեխայիս… Այս հոդվածին կից մի քանի նկար կտամ` կտեսնեք, թերևս, ամեն բան պարզ կլինի… Կամ ասեմ ևս մեկ անգամ. կողքիս է ամենագեղեցիկ ու խելացի կինը, ով ինձ նվիրել է մի հրաշք որդի… բա դա հաջող ամուսնական կապ չէ՞գ Էլ չեմ խոսում անսահման սիրո մասին:

– Ինչպե՞ս ես վերաբերվում տնփեսա հասկացողությանը: Դա, իհարկե, ազատում է տղամարդուն հարս ու սկեսուր բախումներից, սակայն «մարտի» ուղին տանում է մեկ այլ հարթություն:

– «Տնփեսա» ֆիլմը վատը չէ, երևույթն ինձ համար` ոչ այնքան ցանկալի: Թեպետ ինձ էլ է բախտ վիճակվել «խաղալ» այդ հույժ կարևոր դերը: Մեր բնակարանի վերանորոգման ժամանակ երկու ամսով տեղափոխվել էինք կնոջս ծնողների տուն: Բայց մի շտապեք ուրախանալ` «մարտ» տեղի չունեցավ… Նախ` զոքանչս անեկդոտների հերոսներից չէր, երկրորդ` նրանք այդ ժամանակ ընդհանրապես երկրում չէին: Այնպես որ, ինչպես սկզբից կնքել էինք խաղաղության ու համերաշխության համաձայնագիր, այդպես էլ պահպանեցինք ստատուս-քվոն:

Erik (3)

 

– Գաղտնիք չէ, որ մրցակցությունը հեռուստատեսության ոլորտում մշտապես առկա է, հատկապես` հաղորդավարների շրջանում: Ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի հաղորդավարը` հեռուստատեսությունում երկար կյանք ունենալու համար:

– Հեռուստատեսությունում եմ արդեն 17 տարի… Ի՞նչ հատկանիշներով եմ օժտված… Երևի ուղղակի անկեղծ եմ տեսախցիկի հետ…. Քանի որ կա պարզ մի կանոն` չի կարելի խաբել տեսախցիկից այն կողմ գտնվողին: Ու մի բան էլ, մի կանոն, որ երջանկահիշատակ Դիջեյ Սեդրակից` իմ ուսուցչից մնաց ինձ. «Ավելի լավ է ոչինչ չասել, քան ասել «ոչինչ»»:

– Ըստ քեզ` ի՞նչ նորություն բերեցիր «Ազատ գոտի»` դառնալով տվյալ հաղորդման հաղորդավար: Բացի նրանից, որ զրկեցիր տվյալ հաղորդումը «մանկական» նշաններից:

– Չգիտեմ, թե ի՞նչ եք ակնկալում լսել, բայց ամբողջ աշխարհում կան բազում թոք-շոուներ, որոնք նայում ես` ինքդ քեզ համար առանձնացնելով` ինչն է դուր գալիս, կամ ինչը` ոչ: Պարզապես ամեն մեկն իր մոտեցումն ունի, իսկ հեռուստադիտողն էլ` ընտրելու հնարավորություն: Կարծում եմ` այս հարցին ճիշտ կլինի, որ ոչ թե ես պատասխանեմ, այլ մեր հեռուստադիտողները:

Erik (2)

Erik (1)

– Երբ փոխվում է հաղորդման հաղորդավարը, խոսակցություններ են սկսվում, թե «մեկը մյուսի տակը փորել է», և հաղթել է նա, ով հաղթել է: Առիթներ եղե՞լ են, որ մեկնաբանես, թե ինչպես դարձար «Ազատ գոտիի» հաղորդավար` փոխարինելով նախորդին:

– Սովորաբար ես «փորել» բառն օգտագործում եմ ուղիղ և օգտակար իմաստով (սիրում եմ այգիս խնամել): Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ «Ազատ գոտուն», պարզապես ինձ կրկին հրավիրեցին իմ հարազատ հիմնարկություն` տվյալ հաղորդման հաղորդավարի` արդեն թափուր տեղը զբաղեցնելու: Ես Առաջին ալիքում եմ սկսել ամեն ինչ, և ինձ հաճելի էր կրկին այնտեղ վերդառնալ:

– Դու նաև պրոդյուսերական գործունեություն ես ծավալում: Առավել շատ սիրում ես քո աշխատանքը կադրո՞ւմ, թե՞ կադրից դուրս:

– Այստեղ արդեն «մոնո» սերս երկատվում է: Սիրում եմ և՛ մեկը, և՛ մյուսը: Պրոդյուսերը ստեղծում է այն, ինչ պետք է սիրի հաղորդավարը, որպեսզի նախագիծը հաջողություն ունենա: Ու եթե ցանկացած նախագիծ սիրով ստեղծես, հանդիսատեսն էլ այն սիրով կընդունի:

Հիմա ինքս աշխատում եմ մի պրոդյուսերի հետ, ով ինձ համար 2 նախագծերում էլ կոմֆորտ է ստեղծել: Որպես հաղորդավար, բացի իմ տեքստերի, ասելիքի, հաղորդման նյութի մասին մտածելը, այլ խնդիր չեմ ունենում: Թիմն ամեն ինչ անում է ժամացույցի մեխանիզմի պես, ու դրա համար շնորհակալ եմ նրանց: Այդ կոմֆորտն ինձ ահագին ազատ ժամանակ է պարգևում, և ես մեծ սիրով նվիրվել եմ նաև մեկ այլ գործի: Այս պահին ղեկավարում եմ Հանրային հեռուստաընկերության միջազգային կապերի բաժինը, որտեղ էլ ստեղծել եմ իմ փոքրիկ, բայց ամուր թիմը: Ահա այս երկու գործերն են, որ երկատում են իմ սերը գործի հանդեպ: Բայց մի հուսադրող բան կա` երկուսն էլ հեռուստատեսության աշխարհում են. այնպես որ` մեկին մյուսով չեմ «դավաճանում»:

– Քեզ համարո՞ւմ ես կարիերիստ: Եվ, ըստ քեզ, ինչո՞ւ մեր հասարակության որոշ հատված այդ բառին շատ հաճախ բացասական մեկնաբանություն է տալիս: Ի՞նչ վատ բան կա կարիերիստ լինելու մեջ:

– Կարիերիստ չեմ, պարզապես նպատակասլաց եմ: Փորձում եմ հաղթահարել ամեն խոչընդոտ և հասնել արդյունքի:

– Հեռուստատեսության ոլորտում կա՞ մի հաղորդավար, ում դիտելիս` դու շարունակ սովորում ես, կամ` ո՞ւմ պրոֆեսիոնալ մակարդակին կցանկանայիր հասնել:

– Վլադիմիր Պոզներ…

– Քեզ երբևէ մեղադրե՞լ են որևէ հայտնի հաղորդավարի ոճը յուրացնելու մեջ:

– Չեմ կարող նույնիսկ հասկանալ այն հաղորդավարին, ով, հերիք չի, ոճն է յուրացրել, նմանակում է, դեռ մի բան էլ հպարտ է ու չի թաքցնում: Ինձ հետ դեռ նման «դժբախտություն» չի պատահել… իսկ եթե այս հարցին անդրադառնալուց առաջ մի պահ հետադարձ հայացք գցենք 90-ականների վերջ, ապա ընդհանրապես կհիշենք երկու խենթ երիտասարդների, որոնք լրիվ թարմ շունչ մտցրեցին հեռուստատեսություն: Նման չէին ոչ մեկին` ո՛չ խոսքով, ո՛չ ոճով: Նոր էին, ու ասում են` սիրվեցին: Արդյունքը` փոխադարձ սեր ու անբաժան համագործակցություն արդեն 17 տարի:

Erik (12) Erik (13)

– Երբ տղադ նոր էր ծնվել, շարունակ պնդում էիր, որ նա դառնալու է վարչապետ: Չափազանց գործնական հարց. ինչի՞դ էր պետք: Չե՞ս փոխել մտադրությունդ` նրան վարչապետ դարձնելու հարցում:

– Շարունակ չեմ պնդել: Միայն մեկ անգամ հարցազրույց տալու ժամանակ ցանկությունս եմ հայտնել: Հետո ամեն ինչ փոխվեց: Սերգեյը մեծացավ ու ինքնուրույն որոշում կայացրեց:

– Իսկ հիմա` լուրջ: Քո երեխաների ապագան տեսնո՞ւմ ես մեր երկրում:

– Վստահ եմ, որ երբ տղաս մեծանա, այլ ժամանակներ են լինելու: Իրենք են որոշելու, այլ ոչ թե որոշվելու է իրենց փոխարեն: Մեզնից հասնում է միայն մեկ բան` աջակցել նրանց բոլոր նախաձեռնություններում և ճիշտ ժամանակին հետ քաշվել` թողնելով նրանց ինքնուրույն որոշում կայացնել: Ես իմ ուղին մենակ եմ հարթել: Հուսամ` որդիս, չէ, կներեք, որդինե՛րս, կլինեն իրենց հոր նման այս հարցում: Ու ինչ էլ որոշեն, ես միայն կաջակցեմ:

– Երբևէ մասնակցե՞լ ես «գրին քարտի» խաղարկություններին: Եթե` այո, ապա ինչո՞ւ: Եվ նմանապես, եթե` ոչ. կրկին` ինչո՞ւ:

– Իսկ ի՞նչ է տալիս «գրին քարտը»: Ազատ մուտք ու ելքի հնարավորությո՞ւն: Եվ այն էլ միայն մի երկի՞ր: Գոյություն ունի երկիր մուտքի արտոնագիր մեկանգամյա կամ բազմակի մուտքի իրավունքով: Դեռևս, փառք Աստծո, որևէ երկիր մուտք գործելու խնդիր չեմ ունեցել, այդ թվում` նաև ԱՄՆ: Երբ անհրաժեշտ է եղել, դիմել եմ, ստացել եմ, մեկնել եմ ու առանց ժամկետի խախտման` վերադարձել: Եթե լիներ մեկ միասնական «գրին քարտ»` աշխարհի բոլոր երկրների մուտքի իրավունքով, սիրով կդիմեի դեսպանատներ` այցելելու բյուրոկրատիայից ազատվելու համար:

Լուսանկարները` Ռուբեն Մարտիրոսյանի

Տեսանյութեր

Լրահոս