Բաժիններ՝

«Նորարական տեխնոլոգիաների գաղափարները ֆինանսավորելու շնորհիվ կխթանվի արտագաղթած հայերի վերադարձը հայրենիք». Յիգալ Էրլիխ

Դիլիջանում մեկնարկած Բիզնես ինովացիոն ֆորումի առաջին օրվա պլենար նիստի հիմնական խոսնակներից էր իսրայելական «Յոգմա գրուպ» վենչուրային հիմանադրամի հիմնադիր եւ գործադիր ղեկավար Յիգալ Էրլիխը։

Պարոն Էրլիխը ներկայացրեց Իսրայելի տնտեսական համակարգը, նկարագրեց, թե ինչպես է Իսրայելը քսան տարի առաջ դարձել տնտեսագիտական առաջատար երկրներից մեկը, զուգահեռներ անցկացրեց Հայաստանի եւ Իսրայելի միջեւ։

«Հրեաները եւ հայերը ունեն նույն գենետիկ կոդը, մեր ազգերը հավասարաչափ տաղանդավոր են, եւ մենք կարող ենք իրարից սովորել։ Ի՞նչ է պետք այսօր Հայաստանին զարգանալու համար. գիտական ուղղվածությամբ համալսարաններ եւ համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ։ Նաեւ անհրաժեշտ է ռիսկի գործոնը։ Եթե անգամ դուք ռիսկի դիմեք եւ ձախողվեք, մեծ է հավանականությունը, որ, օգտագործելով երկրորդ շանսը, դուք հաջոության կհասնեք։ Այս ոլորտում անհրաժեշտ են ամբիցիոզ մարդիկ»։

Պարոն Էրլիխը շեշտեց կառավարության դերակատարման կարեւորության գործոնը։ Իսրայելի կառավարությունը տարեկան ֆինանսավորում է 500 ՏՏ ոլորտի տեղական ծրագիր։ «1992 թվականին հետխորհրդային երկրներից մեկ միլիոն բնակչություն ներգաղթեց Իսրայել, եւ կառավարությունը պարտավոր էր նրանց աշխատանքով եւ բնակատեղիներով ապահովել, այդպիսով ամբողջ երկրում ստեղծվեցին ինկուբատորներ, սկսեցին ֆինանասավորվել տարբեր գաղափարներ։ ԱՄՆ-ը հետաքրքրվեց Իսրայելով, եւ մեզ մոտ հիմնվեցին Վենչուրային հիմնադրամները։ Մինչեւ 1990 թվականը իսրայելցիները չէին կարողանում իրենց գաղափարները ֆինանասավարել, – մեկնաբանում է Յիրլիխը, – սակայն երբ հնարավորություն եղավ գաղափարների իրականացման, սկսվեց հայրենադարձության մեծ գործընթաց։ Նույնը կսպասվի նաեւ Հայաստանին, եւ իմ կարծիքով Հայաստանի կառավարության համար ամենամեծ առաքելությունը պետք է լինի հայրենիք ետ բերել խելացի հայերին, որպեսզի տնտեսական համակարգը փոխվի։ Իսրայելը կարողացավ հաջողության հասնել, քանի որ Իսրայելի կառավարությունը հասկացավ, որ բացի իրենից ոչ ոք չի կարող իրականացնել այդ ծրագրերը»։

Այսօր Իսրայելում տարեկան ստեղծվում է 700-800 ընկերություն, որոնցից 300-ը ձախողվում են եւ փակվում, սակայն վերապրած ընկերությունների թիվը 500 է։ «Հայաստանի պես երկրի համար շատ կարեւոր են ե՛ւ արտասահմանյան ներդրումները, ե՛ւ կառավարության օգնությունը – հավելեց Էրլիխը, – այսօր Իսրայելի ընկերությունների ֆինանսավորման 80 %-ն իրականանում է արտասահմանյան երկրների՝ հիմնականում ԱՄՆ-ի կողմից, իսկ մնացած 20 %-ն ապահովում է Իսրայելի կառավարությունը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս