«Հասկանալի է, որ անգրագիտությունը Հայաստանում նոր հորիզոններ է նվաճում». ՀՀԿ-ական պատգամավորը՝ ԲՀԿ-ականի հարցադրման վերաբերյալ

Երկրում 40% աղքատության և սոցիալական ծանր վիճակի պայմաններում պետական կառույցների պահպանման ծախսերի ավելացումը, մեքենաների ձեռքբերումն անթույլատրելի է: Նման հայտարարություն այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի քննարկումների ժամանակ արեց ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը: Նա ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին հարցրեց, թե ի՞նչ մեքենաներ են ձեռք բերվելու և ո՞ւմ համար:

«Թույլ տվեք 40% աղքատության և ԱԳՆ պահպանության ծախսերի մեջ կապ չտեսնել: Այնպես չի, որ ԱԳՆ ծախսերը չանենք, աղքատությունը կպակասի»,- նկատեց Պ.Սաֆարյանը՝ նշելով, որ ԱԺ-ն է համաձայնություն տվել աշխատավարձերի բարձրացման համար:

Նա տեղեկացրեց, որ գնվելու է ծառողական մեկ մեքենա՝ «Տոյոտա կորոլա» մակնիշի, 10 մլն դրամ արժողությամբ, և մեկ միկրոավտոբուս:

«Երբ երկրում աղքատություն է լինում, գնում են ծախսերի կրճատման, ոչ թե ավելացման»,- հայտարարեց Վ.Բաբայանը՝ հարցադրում անելով, թե էլեկտրաէներգիայի թանկացումն էլ հո ԱԺ-ն չի՞ արել:

Պ.Սաֆարյանը կոչ արեց պատգամավորին բյուջեն քննարկել և առաջակություններ անել. «Եթե դուք առանց կրճատելու կարող եք գնալ ավելացման, մենք շատ սիրով կգնանք դրան»:

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը շատ ավելի կոպիտ արձագանքեց ԲՀԿ-ական գործընկերոջ դիտարկումներին: Ըստ նրա՝ եթե բյուջետային քննարկումների ժամանակ ամպագորգոռ հայտարարություն են անում, քաղաքական մասի ներկայացուցիչները պարտավոր են նաև քաղաքական գնահատական տալ։ Իսկ ԱԳ նախարարության ծախսերի ավելացումը, Ֆարմանյանի խոսքով, կապված է աշխատավարձերի բարձրացման հետ, բնականաբար, նաև պետք է բարձրացվեին ԱԳՆ-ի աշխատողների աշատավարձերը:

«Հասկանալի է, որ անգրագիտությունը Հայաստանում նոր հորիզոններ է նվաճում, բայց նաև պետք է սեփական կոչումը հարգել և ձեռնպահ մնալ վերամաբարձ, օդի մեջ, քամի տատանող և չհիմնավորված հայտարարություններից»,- ասաց Ֆարմանյանը:

Քիչ անց Վահան Բաբայանը լուռ հեռացավ նիստերի դահլիճից:

Տեսանյութեր

Լրահոս