Գևորգ Կոստանյանը` իր և Աղվան Հովսեփյանի հարաբերությունների մասին

Ինչպես հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազությունը մի շարք քրեական գործեր է հարուցել ՀՀ քննչական կոմիտեի մի շարք պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների կապակցությամբ: Շրջանառվող լուրերի համաձայն՝ այս քրեական գործերի հարուցումը ՀՀ նախկին դատախազ, այժմ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփայանի և գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հակամարտության հետևանք է:

Լրագրողների հարցին՝ արդյոք սա նշանակո՞ւմ է, որ երկու կառույցների միջև լարվածություն կա, Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Նախ, ինքնին քրեական գործի հարուցումը դատախազի իրավունքն է, այսինքն՝ երբ դատախազը տեսնում է հանցագործության հատկանիշներ, նա պարտավոր է քրեական գործ հարուցել: Եվ երբ քրեական գործը հարուցվում է այս կամ այն ոլորտում որևէ չարաշահման կապակցությամբ, դա ամենևին չի նշանակում և չի կարող նշանակել, որ այդ համակարգերի ղեկավարների կամ համակարգերի աշխատողների միջև կամ նրանց կողմից կան որոշակի հակասություններ, և ինձ համար, անկեղծ ասած, և´ անընդունելի է, և՛ զարմանալի, որ յուրաքանչյուր համակարգի կամ պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների իրականացումն անպայմանորեն ներկայացվում է էմոցիոնալ կամ անձնական որոշակի զեղումներով և դրդումներով:

Դա ինձ համար ինչո՞ւ է անընդունելի: Որովհետև քրեական գործի հարուցում, քրեական հետապնդման հարուցում`դրանցից յուրաքանչյուրը քրեական քաղաքականության այն մասն է, որն ուղիղ մարդու ճակատագրի հետ է կապվում, և ես չեմ կարծում և վստահ եմ, որ երբևէ էմոցիոնալ կամ անձնական շարժառիթներից կամ դրդապատճառներից ելնելով՝ չի կարելի մարդու ճակատագիր որոշել:

Եվ ավելին, մարդու ճակատագրի նկատմամբ հարգանք և մարդու կենսագրության և ապրած կյանքի, անունի նկատմամբ վերաբերմունքը չի կարող էմոցիոնալ հարթության կամ անձնական, կամ խմբային շահերից ելնելով իրականացվել:

Կարդացեք նաև

Այդ առումով ինձ համար անընդունելի է, և ես ձեզ վստեցնում եմ, որ որևէ անձնական կամ էմոցիոնալ հարթության մեջ չի կարելի նման հարցերը քննարկել, չի կարելի նման հարցերի նկատմամբ վերաբերմունք ցուցաբերել, որովհետև մենք գործ ունենք յուրաքանչյուր քրեական գործով կոնկրետ մարդու ճակատագրի հետ, և դա պարտավորեցնում է յուրաքանչյուրիս, հատկապես դատախազին, ով հսկողություն է իրականացնում նախաքննության օրինականության նկատմամբ, լինել հատկապես զուսպ և հատկապես հիմանվորված և կշռադատված մոտեցումներով օժտված»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս