Հոգնած ենք

Հոկտեմբերի 27-ի 15-ամյա տարելիցին ռիտուալային խոսքեր հնչեցին՝ «խունկ և խոնարհում», «հավերժ խնկարկում», «նրանց հիշատակը միշտ կմնա մեր սրտերում», և այլն: Եթե անկեղծ լինենք՝ սրանք ժամանակավրեպ, ռետրո արտահայտություններ են՝ հատուկ, ավելի շուտ, 19-րդ դարի վերջին: 21-րդ դարը կոնկրետ, պրագմատիկ ու արագ դար է՝ առանց ձանձրալի «խնկարկումների»: Ի՞նչ ունենք այսօր «Հոկտեմբերի 27»-ի գործում՝ բացի նրանից, ինչ ունեինք 15 տարի առաջ հոկտեմբերի 27-ին: Ոչի՛նչ ավելի:

Հոկտեմբերի 27-ի իրադարձություններից անմիջապես հետո ողջ հասարակությունը շոկի մեջ էր, սիրելի մարդկանց անակնկալ կորստից զոհերի հարազատները ևս կարկամած էին, հարցականները շատ էին: Այլ կերպ ասած՝ կար հետաքրքրություն՝ գործը բացահայտված տեսնել: Վկաները, դատավարության պրոցեսը ողջ հասարակության ուշադրության կենտրոնում էր: Առաջին 1-2 տարին, թերևս, իներցիայով, գործի բացահայտումը պահանջված էր: Ժամանակի ընթացքում հետաքրքրությունն ու իրականությունն իմանալու ցանկությունը նվազեց: Հոգնեցինք:

Տասը անմեղ զոհ ունեցանք նաև 2008-ի մարտի 1-ին: Բոլորս բորբոքված էինք, կուսակցություններն ու քաղաքական գործիչները պահանջում էին արդար քննություն: Մարտի 1-ի մարդասպանների ինքնությունը պարզելու հարցը բոլորիս էր մտահոգում: Հետո հետաքրքրությունը կամաց-կամաց նվազեց, հանցագործության վաղեմության ժամկետն ու մեր հոգնածությունը հանդիպեցին: Այսօր մարդասպաններին գտնելու խնդիրը, այնպես չէ, որ չկա: Կա, սակայն ելույթներում, հանրահավաքներում խոսքին ազդեցիկություն ու ցասում հաղորդելու նպատակով: Իշխանությունների կողմից հանցագործներին գտնելու՝ անգամ ցուցադրական փորձ էլ չի արվում: Հասարակական ճնշում էլ չկա: Որևէ կողմի շահագրգռություն՝ ևս:

Սպանեցին Պռոշյան ավանի դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանին: Համագյուղացիները սարսափելի վրդովված էին: Փակվեց միջպետական մայրուղին, մայրաքաղաքում եղան ցույցեր՝ մարդասպանին գտնելու ազնիվ պահանջով: Հետո մարդիկ հոգնեցին: Սպանությունից 2-3 ամիս անց, համայնքի ղեկավարի նոր ընտրություններին հաղթեց ՀՀԿ թեկնածուն:

Նախորդ տարի, կառավարության որոշմամբ՝ բուհերում ուսման վարձը բարձրացավ 80-200.000 դրամով: Կառավարության շենքի առաջ բողոքի ցույցեր եղան: Մասնակիցները չափազանց քիչ էին: Հետո ցույցերը մարեցին: Ուսման վարձի բարձրացումը, թվում էր, ոտքի կհաներ երիտասարդ, կյանքով ու նպատակներով լեցուն ուսանողներին: Սակայն նրանք զառամյալ թոշակառուներից ավելի հոգնած էին. հանձնվեցին՝ առանց պայքարելու:

Ուսանողները, թերևս, մտածեցին, որ իրենց ուսման վարձը վճարում են իրենց ծնողները, հետևաբար` վերջիններս էլ պիտի փողոց դուրս գան: Դասադուլի մեկ-երկու տկար կոչերը խլացան ընդհանուր աղմուկի մեջ:

Առհասարակ, արագ ենք հոգնում: Ցանկացած պայքար տևում է այնքան, քանի դեռ մեր էմոցիոնալ, հուզական վիճակը բորբոքված է: Հետո մեր ուշադրությունը շեղվում է այլ խնդրի վրա, ու պայքարն անմիջապես մարում է: Այդպես եղավ «Դ!եմ եմ» շարժման հետ: Ի՞նչ պատահեց, որտե՞ղ են այսօր այդ ծրագրավորողները, ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետները, որոնք կառավարության մուտքն էին փակել, հանրահավաքներ էին անում, խոստանում, որ թեժ են պահելու իրավիճակն այնքան, մինչև օրենքից չհանեն «պարտադիր» բաղադրիչը: Պարտադիր կուտակային կենսաթոշակների խնդիրն այսօր էլ կա՝ այլ, գեղեցիկ ու գունավոր փաթեթավորմամբ:

Հոգնեցին պայքարելուց: Այդքան արա՞գ: Բայց երիտասարդներն այդքան շո՞ւտ են հոգնում, հիասթափվում՝ այն էլ սեփական իրավունքները պաշտպանելու հարցում:
Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով Վարդան Պետրոսյանի ավտոմեքենան հարվածեց առջևի մեքենային: Տեղի ունեցավ անդառնալի ողբերգություն՝ զոհվեցին երկու երիտասարդ տղաներ: Արտիստի համար, որպես խափանման միջոց, ընտրվեց կալանքը: Ստորագրահավաք, հրապարակումներ՝ խափանման միջոցը փոխելու նպատակով: Ակնհայտ էր, որ խափանման միջոցի ընտրության հարցում բանականությունը չէ, որ ուղեկցել է իրավապահներին, այլ լրիվ, մասնագիտական բարեխղճության հետ առնչություն չունեցող էմոցիաներ: Ի՞նչ եղավ. հասարակական վրդովմունքի ալիքը բարձրացավ ու արագ մարեց: Հիմա արդեն մեր աչքերը սովորել են տեսնել գունատ, հյուծված, շղթայված ձեռքերով արտիստին՝ ինչպես հասարակության համար ահավոր մեծ վտանգ ներկայացնող հանցագործի: Հոգնեցինք:

Շանթ Հարությունյանի դատավարությունից հետո՞ ինչ եղավ: Դատարանի դահլիճում և դատարանից դուրս մի փոքր բարկացանք, հերթական անգամ փաստեցինք, որ այս իշխանությունը հանցագործների, կոռումպացված ու այլանդակ չինովնիկների կոնգլոմերատ է: Իսկ ներքուստ, անկեղծ լինենք, նեղացանք Շանթից, թե ինչո՞ւ ձերբակալվելու վտանգն աչքի առաջ ունենալով՝ գոնե իշխանության որևէ բարձրաստիճան ներկայացուցչի գլխից մի մազ չպակասեցրեց: Ափսոսեցինք նրան ու նրա ընկերներին ու ցրվեցինք տներով՝ մխիթարվելով, որ 15-ամյա Շահենին գոնե պայմանական պատժաչափ տվեցին: Իսկ մեր խղճի հետ ունեցած փոքրիկ տարաձայնությունը փորձ արվեց հարթել դրամահավաքով՝ հօգուտ Շանթի ընտանիքի:

Սյունիքի մարզպետ նշանակվեց մեկը, որի տան բակում մարդ է սպանվել, իսկ որևէ ձերբակալված մինչ օրս չկա: Փողոցնե՞ր փակվեցին, բողոքի ցույցե՞ր եղան: Չեղավ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Ֆեյսբուքում քննարկեցինք, բողոքեցինք, հայհոյեցինք, սրամտեցինք ու դրանից էլ հոգնեցինք:

Գուցե ճիշտ չեմ, սակայն ոչ մի պայքարում հետևողական չենք: Պայքարելու մեջ իմաստ չենք տեսնում՝ պայքարելը համարելով ուժերի, էներգիայի զուր վատնում: Ձանձրանում ենք պայքարել, արագ հոգնում ենք: Կարելի է հակափաստարկ ներկայացնել՝ բերելով Մաշտոցի պուրակի և քաղաքային տրանսպորտի ուղեվարձը 100 դրամից չբարձրացնելու համար տարվող պայքարի օրինակը: Սակայն սրանք բացառություն են, որոնք ընդգծում են օրինաչափությունը:

Հետևողական ենք, թերևս, Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում: Իսկ այդ պայքարի երկարակեցության գաղտնիքը պարզ է՝ մեզնից որևէ կոնկրետ ջանք, ֆիզիկական ներկայություն, աշխատանք չի պահանջվում: Մեր պահանջատիրության թիրախում միջազգային հանրությունն է, որի հետ աշխատանքը բարդել ենք Սփյուռքի հայկական լոբբիի վրա: Վստահ՝ որ դա էլ Սփյուռքի առաքելությունն է: Իսկ մե՞նք ինչ ենք անում: Մենք մեր դերը սահմանափակել ենք մի շատ կարևոր առաքելության մեջ՝ ապրում ենք: Ինչպե՞ս: Հոգնած…

Տեսանյութեր

Լրահոս