«Տաշիրը» միջմարզային երիտասարդական փառատոն է անցկացրել

Ստեփանավան քաղաքում ավարտվեց Միջմարզային երիտասարդական մշակութային փառատոնը, որը կազմակերպել էին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, վերջինիս հետ ակտիվ համագործակցող «Լոռու երիտասարդ սերունդ» հասարակական կազմակերպությունը և Ստեփանավանի քաղաքապետարանը: Փառատոնին մասնակցեցին բազմաթիվ երիտասարդներ հանրապետության բոլոր մարզերից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Մասնակիցներն ընտրվել էին մարզպետարանների և ԼՂՀ մշակույթի նախարարության կողմից:
Ինչպես փառատոնի բացմանը նշեց «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը, նման փառատոնի մրցութային բաղադրիչն առաջին հերթին ֆորմատային նշանակություն ունի:

Առաջնայինն, ըստ Ն. Կարապետյանի, այն է, որ երիտասարդների համար ստեղծվում է համապատասխան հարթակ՝ ինքնադրսևորվելու, հաստատվելու, հանդիսատեսին ներկայանալու համար, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում փոխադարձ շփումների, փորձի փոխանակության ու նաև երիտասարդներին հուզող տարաբնույթ հարցեր միասին քննարկելու: Մյուս կողմից, հաշվի առնելով, որ մեր իրականության մեջ առկա են օտարածին երևույթների ներխուժման վտանգավոր միտումներ, կազմակերպիչները նպատակ ունեն նման միջոցառումների միջոցով մեր երիտասարդությանը, նաև հասարակության լայն շերտերին հնարավորություններ ընձեռել առավել սերտորեն առնչվել մեր ազգային արժեքներին, ազգային մշակույթին, նշեց Նարեկ Կարապետյանը:

Փառատոնի ժյուրիի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը փառատոնի հաղթանակներից մեկը համարեց այն հանգամանքը, որ համախմբվեցին հարյուրավոր երիտասարդներ, ովքեր հաստակ մշակութային արժեհամակարգերի կրողներ են: Մյուս կողմից, ևս մեկ անգամ ապացուցվեց, որ մեր երիտասարդության մեջ քիչ չեն նրանք, ովքեր անմիջականորեն առնչվում են բարձրակարգ արվեստին ու մշակույթին:
Թե փառատոնի ընթացքում, թե գալա-համերգին Ստեփանավանի մշակույթի տան լեփ-լեցուն դահլիճում թևածում էր բարձր տրամադրությունն ու ոգևորությունը:
Հատկանշական է, որ մասնակիցների թվում էին թե մի շարք փառատոնների դափնեկիրներ (այդ թվում՝ միջազգային), թե, չնայած երիտասարդ տարիքին, իրենց ընտրած բնագավառներում որոշակի հաջողությունների հասած երիտասարդներ և թե սկսնակներ: Ու չնայած մրցակցությունը շատ թեժ էր, փառատոնի ավարտին տոնական տրամադրություն ունեին և մրցանակակիրները, և բոլոր մնացյալ մասնակիցները, ովքեր կազմակերպիչների կողմից արժանացան շնորհակալագրերի: Ի դեպ, մրցանակակիրներ ունեցան անխտիր բոլոր մարզերն ու ԼՂՀ-ն:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս