«Մենք այսօր խաղում են մեր երեխաների բարոյական կերպարի հետ՝ այլանդակելով ու այլասերելով այն». Հայր Կոմիտաս

«Երբ Արմեն Մարտիրոսյանը հրատարակեց երեխաներին սեռական դաստիարակություն տալու երկհատորյակ, ես ափ բերան էի մնացել, երբ մտածեցի, որ 5-14 տարեկան երեխան, որը դեռ զուգարան գնալուց հետո չի կարողանում իր որոշ օրգանները մաքրել, հանկարծ նրան պիտի բացատրենք, թե ինչ է նշանակում սեռական հարաբերություն»,- ասաց Հայր Կոմիտասն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով մանկական գրականության ոլորտում այսօր առկա բազմաթիվ խնդիրներին:

Նրա խոսքով՝ ամեն ինչն էլ իր ժամանակը, վայրն ու տեղն ունի. «Ես համաձայն եմ, որ գրաքննություն պետք չէ, բայց սահմանները պետք է ճշտվեն: Մենք այսօր որքան էլ խոսում ենք վարքի, խոսքի, խղճի ազատությունից, բայց թույլ չենք տա որևէ մեկին զուգարանի փոխարեն հրապարակում իր արտադրությունները կատարել: Ի՞նչ է նշանակում՝ այսօր խաղում են մեր երեխաների բարոյական կերպարի հետ՝ այլանդակելով ու այլասերելով այն:

Արդյո՞ք այս կերպ ենք ուզում Եվրոպային միանալ: Եվրոպա չի նշանակում ո՛չ միասեռություն, ո՛չ էլ այլասերություն. եվրոպական արժեքները մեզ համար այն էին, ինչը ձևավորեց մեր գիտական, մշակութային և բարոյական կերպարը, ոչ թե ճիշտ հակառակը: Մենք այսօր պարտավոր ենք նմա՛ն կերպարով նմանվել եվրոպային՝ ավելի ճիշտ՝ ինքներս մեզ, որովհետև հայը միշտ էլ եղել է բարոյական կերպար, գիտական կերպար և փայլուն մտքի կերպար: Այնպես որ եթե մենք մնանք մեր ազգային սահմանագծի մեջ, արդեն իսկ եվրոպացիներին կհասնենք, եթե չասենք՝ կանցնենք»:

Հայր Կոմիտասի կարծիքով՝ պետություն հասկացության մեջ երկու կարևոր կառույցներ կան՝ օրենսդիր մարմինը, որ Ազգային ժողովն է, և գործադիր մարմինը, որ վարչապետն է՝ ամբողջ նախարարներով: Այս իմաստով՝ նա թերություն է տեսնում Ազգային ժողովի օրենսդիր կառույցից ներս, որովհետև օրենքները, որպես կանոն, շատ էլաստիկ են, այսինքն՝ այնտեղ հստակություն չկա, ոչպեսզի յուրաքանչյուր քայլն ունենար իր համապատասխան հստակեցված օրենսդրությունը. «Ես կարծում եմ՝ այստեղ ամենամեծ պատասխանատվությունը պետական կառույց հանդիսացող օրենսդիր մարմնի վրա է»:

 

Տեսանյութեր

Լրահոս