Մույժնիեքսն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերջ դնել իրավապաշտպանների հանդեպ բռնություններին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի Խորհրդի՝ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մույժնիեքսն իր երկօրյա ադրբեջանական այցի արդյունքներով հայտարարել է, որ պետք է վերջ տրվի Ադրբեջանում իրավապաշտպանների հալածանքներին:

Մույժնիեքսն ընդգծել է, որ Ադրբեջանում բազմաթիվ իրավապաշտպանների կալանավորման պատճառով փաստացիորեն անհնար է դարձել այդ երկրում մարդու իրավունքների ոլորտում աշխատանքներ իրականացնելը:

Մույժնիեքսի խոսքերով՝ Ադրբեջանում նման իրավիճակ էր տիրում նաև 2013 թվականի մայիսին, սակայն ընթացիկ տարում իրավիճակն ավելի է վատթարացել, և որ անհրաժեշտ է վերջ դնել բռնություններին:

Մույժնիեքսը մտահոգություն է հայտնել ՀԿ-ի մասին օրենսդրության փոփոխությունների կապակցությամբ, ինչի հետ է կապված կալանավորման դեպքերի մի մասը, և ինչի հետևանքով ՀԿ-ների աշխատանքը հայտնվել է մեծ ռիսկի ներքո:

Մույժնիեքսը հայտարարել է, որ հիասթափված է այն հաղորդագրություններից, որ Ադրբեջանում դատարանները երկարաձգել են Լեյլա Յունուսի ու Ինթիգամ Ալիևի կալանավորման ժամկետները.

«Ես այդ բոլոր թեմաները քննարկել եմ գլխավոր դատախազ Գարալովի ու արդարադատության նախարար Մամեդովի հետ՝ ընդգծելով Լեյլա Յունուսին ազատելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը: Սակայն ամեն ինչ տեղի ունեցավ ընդհակառակը»:

Տեսանյութեր

Լրահոս