Լևոն Տեր-Պետրոսյան. «Սկուտեղի վրա տակտիկան չենք մատուցելու Սերժ Սարգսյանին»

«Շարժման ստրատեգիան հայտնի է, որևէ գաղտնիք չի պարունակում՝ ծրագրել ենք Սահմանադրության շրջանակում իրականացվող համաժողովրդական ճնշման տակ իշխանություններին հրաժարական պարտադրել, հետո անցկացնել նախագահական ու խորհրդարանական ընտրություններ՝ նախապես, բնականաբար, հիմնովին վերափոխելով Ընտրական օրենսգիրքը, դրանում ընդգրկելով այնպիսի դրույթներ, որոնք կբացառեն ընտրակեղծքիների հնարավորությունը: Ստրատեգիայի հարցում մենք միակամ ու վճռական ենք, ու հարթակում ոչ մեկ չի հակառակվի սրան, մինչև Սերժ Սարգսյանի ռեժիմից լիակատար ազատումը, այսինքն՝ մինչև վերջնական հաղթանակ»,- այսօր Ազատության հրապարակում ոչ իշխանական ուժերի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նա ընդգծեց, որ շարժման տակտիկան հանրային քննարկման առարկա չի կարող դառնալ, քանի որ երբ տակտիկան բացահայտվում է, այդ պահից այն դադարում է տակտիկա լինել. «Սկուտեղի վրա տակտիկան չենք մատուցելու Սերժ Սարգսյանին»:

Ըստ Տեր-Պետրոսյանի՝ հրապարակում հավաքված ժողովուրդը հիմնականում ՀԱԿ-ի, ՀԺԿ-ի, ԲՀԿ-ի ու «Ժառանգության» համակիրներն են, որոնք վստահում են իրենց ղեկավարությանը. «Դեմ, ձեռնպահ կա՞: Ոչ: Սա էլ մեր պատասխանը Չեմբեռլինին: Այս որոշումը կատարել է ժողովուրդը»:

«Շատ լրջացաք, մի փոքր ուզում եմ ձեզ զվարճացնել»,- ցուցարարներին դիմեց Տեր-Պետրոսյանն ու նշեց, որ քանի որ լարված պայքար է սպասվում, խնդրեց չչարանալ, չմաղձոտել, այլ ամեն ինչին վերաբերվել վերևից, թեթև սրտով, նույնիկ հումորով: Ըստ նրա՝ ի տարբերություն գերլարված վիճակներին, հենց այդպիսի մթնոլորտ էր 88-ին և դրա վկայությունը տարածված անեկդոտներն ու սրամտություններն էին: Ասելով այս մասին՝ Տեր-Պետրոսյան 88-ին տարածված մի քանի հումորներ պատմեց.

Կարդացեք նաև

«Հանրահավաքներից մեկի ժամանակ, սրանից շատ ժողովուրդ էր, մոտենում է մի մարդ, հարցնում՝ ախպեր, էս ի՞նչ հաշիվ ա, ասում են՝ Ղարաբաղն ենք ուզում, ասում ա՝ Սոչին ուզեք, Սոչին ավելի լավ տեղ ա», կամ՝ «այնքան շատ մարդ էր հավաքվում, իրար ոտք էին կոխրտում, ու երբ մեկը մի քանի անգամ կողքինի ոտքը կոխրտել էր ու ներողություն խնդրել, նորից է ներողություն խնդրում, տուժածն ասում է՝ ախպեր ջան, էլի կներեմ, բայց հենց Ղարաբաղի գործը կպավ, տալու եմ գլուխդ ջարդեմ»: «Հիմա չվախենաք, մինչև մեր հաղթանակը հանգիստ կարող եք տրորել»,- կատակեց Տեր-Պետրոսյանը:

«Երբ այդ հանրահավքում հնչեցին գործադուլի առաջին կոչերը, մի երիտասարդ բարձրացավ հրապարակ ու քյավառցիների անունից արաղադուլ հայտարարեց: Նման կատակներ այս հանրահավաքում է հավաքվելու: Մեզ սպասում է նույնպիսի հաջողություն, ինչպիսի հաջողության հասավ Ղարաբաղյան շարժումը»,- հուսադրեց Լ.Տեր-Պետրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս