Բաժիններ՝

Որոնվում է սուպերմարկետից գողության փորձ կատարած անձը. Տեղեկություն ունեցողներին խնդրում ենք հայտնել քննչական բաժին

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու «Կիվի» սուպերմարկետից գողության փորձ կատարած անձի ինքնությունը։
Դեպքը տեղի է ունեցել 2014 թ. հունիսի 16-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում: Անհայտ անձը, դիտավորությամբ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով, տեխնիկական միջոցների գործադրմամբ դռները բացելով, մուտք է գործել Երևան քաղաքի Խորենացու 26ա հասցեում գտնվող «Կիվի» սուպերմարկետ, ապա կոտրելով բացել սուպերմարկետի դրամարկղը, սակայն իր կամքից անկախ հանգամանքերով գողությունն ավարտին չի հասցրել, քանի որ դրամարկղում գումար չի հայտնաբերել:

Դեպքի առթիվ 16.06.2014թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34 -177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Քննության ընթացքում «Կիվի» սուպերմարկետից ստացվել է դեպքի տեսագրությունը (Տեսանյութը` կից https://www.youtube.com/watch?v=dOMLPgGumig&feature=youtu.be)։
Ովքեր ճանաչում են կամ որևէ տեղեկություն ունեն տեսագրությունում պատկերված անձի ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք այդ մասին հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս