Ընդդիմադիրները՝ առանց ծանոթանալու, կարդալու՝ շուտասելուկի նման անընդհատ կրկնում են նույն միտքը. Արտակ Դավթյան

«Այդ նրանց ո՞ր մի կանխատեսումներն են իրականություն դարձել»,- նման հարցադրում այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ արեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներից մեկի այն կանխատեսումը, որ սահամադրության փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ նախագահի՝ եզրակացության մինչև փետրվար-մարտ հետաձգելը, նշանակում է, որ իշխանությունները ուզում են հրաժարվել դրանից, իրականություն դառանա:

Ա. Դավթյանը նկատեց, որ կանխատեսումներ անելը շատ անշնորհակալ գործ է, և ինքը զերծ կմնա կանխատեսումներ անելուց. «Նույն «Ժառանգության» մեր գործընկերը և եռյակը միացել էին, մի նախագիծ էին ներկայացրել, որ օրակարգում մենք քննարկենք, ինչն ամբողջովին իր էությամբ հակասահմանադրական է: Ես չեմ կարծում, որ եռյակում իրավական գիտելիքների պակաս ունեն, որովհետև ունեն մասնագետ իրավաբաններ:

Այսինքն՝ իրենք պետք է քվեարկեին այդ օրենքի օգտնի՝ իմանալով, որ սա Սահմանադրությանը հակասում է, և ԱԺ-ն չունի լիազորություն ընդունելու նման որոշում: Հրապարակավ բերել և Սահմանադրությանը հակասող որոշում ներկայացնե՞լ: Մի կողմից խոսքն է, մյուս կողմից՝ գործը: Խոսքը գործից էականորեն տարբերվում է: Մինչև մեզ քննադատելը՝ իրենք իրենց գործունեության մեջ գոնե պետք է չլինեն այնպիսին, ինչի մեջ մեզ քննադատում են»:

Լրագրողի հարցին՝ քաղաքական կոնսենսուսը կարևորվում է հայեցակարգի ընդունման հարցում, իսկ ընդդիմության կեցվածքը մերժողական է, նման պարագայում ինչպե՞ս եք պատկերացնում այդ քննարկումը, Ա. Դավթյանն այսպես պատասխանեց.

«Երբ ասում ենք ընդդիմության կեցվածքը մերժողական է, գոնե ամբողջ ընդդիմության վրա չտարածենք, որովհետև կոնկրետ ինձ համար՝ որպես քաղաքացի, շատ կարևոր է ՀՅԴ-ի կեցվածքն ու դիրքորոշումը, որովհետև մեր ամենահին կուսակցություններից մեկն է, կամ երկրորդն է իր տարիքով: Կուսակցություն է, որին կարող ենք անվանել գաղափարական կուսակցություն: Մնացած ընդդիմադիրները, որոնք, այսպես թե այնպես, առանց ծանոթանալու, կարդալու վերցնում և կարծես շուտասելուկի նման անընդհատ կրկնում են նույն միտքը (վերարտադրության համար է արվում), ազնվությամբ ասում եմ, որ եթե զուտ ասելու համար են ասում և ընդհանարպես գաղափարական որևէ հիմնավորում չկա, ճիշտն ասած, այս պահին գոնե ես դա այդքան էլ չեմ կարևորում»:

Այն դիտարկմանը, թե ձեր ընդդիմախոսները նշում են, որ փոփոխությունների անվան տակ նոր Սահմանադրություն է ներկայացվում, քանի որ կառավարման մոդելն է փոխվում, Ա, Դավթյանն այսպես պատասխանեց. «Մի պահ պատկերացրեք, որ կառավարման մոդելը չի փոխվում: Եթե այդ կառավարման մոդելն իրենց համար այդքան կարևոր նշանակություն ունի, թող համոզեն, որ կառավարման մոդելն իրականում պետք չէ փոփոխել: Իմիջիայլոց, մեր նախագահն էլ է ասել, որ գործող կառավարման մոդելը մեր ժամանակների համար ամենաճիշտն է, բայց եթե մասնագիտական հանձնաժողովը կունենա այլ կարծիք, ինքը մասնագիտական հանձնաժողովի այդ կարծիքը կհարգի»:

168.am-ը հետաքրքրվեց, թե երկբևեռ քաղաքական համակարգը, որի մասին խոսվում է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում, ի՞նչ է իրենից ներկայացնում: Ա.Դավթյանն ասաց, որ եթե խոսքը վերաբերվում է կառավարման համակարգի ձևի ընտրությանը, ապա մասնագիտական հանձնաժողովի կողմից խորհրդարանական ձևին է տրված նախապատվությունը. «Այսինքն՝ այստեղ կլինի խորհրդարան և գործադիր իշխանություն: Եթե համեմատելու լինենք այսօրվա գործողը և նախկինը՝ առաջին Սահմանադրությունը, ապա առաջին Սահմանդրությունը ավելի շատ իշխանակենտրոն էր: Այս պարագայում, եթե այդ երկբևեռ ասվածը հասկանում ենք զուտ պառլամենտ և գործադիր իշխանություն հարաբերությունների հարթությունում, ապա դա ուղղակի մասնագիտական հանձնաժողովի առաջարկած տարբերակն է, որ գտնում են, որ այս պահի դրությամբ ավելի նպատակահարմար է կառավարման խորհրդարանական ձև ընտրելը»:

Տեսանյութեր

Լրահոս