Արամ Սարգսյան. «Այդ նախկին ՀՀՇ-ականները, որոնք այսօր ՀԱԿ են կոչվում, ինչպե՞ս միանգամից փոխվեցին, խելոքացան»

«Հաշվի առնելով այն, որ ես հանրահավաքների կազմակերպման և մասնակցության ահռելի մեծ փորձ ունեմ, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ նպատակ է դրված»,- ասաց ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով այսօրվա ներքաղաքական իրավիճակին:

Նրա խոսքով՝ իսկապես ժողովրդի ցասումը կարող է բավարար լինել, որ իշխանությունը ստիպված լինի հեռանալ, բայց այսօր Հայաստանում նման իրավիճակ չկա. «Ոչ թե այն պատճառով, որ դժգոհություններն են քիչ, այլ հարցն այն է, թե ովքեր են խոսում այն փոփոխություներից, որոնք անհրաժեշտ են երկրին: Այդ նախկին ՀՀՇ-ականները, որոնք այսօր ՀԱԿ են կոչվում, ինչպե՞ս միանգամից փոխվեցին, խելոքացան, այդ ո՞նց միանգամից փոխվեց նրանց մտածելակերպը. ես էլ հո հիշողությունս չե՞մ կորցրել, հո չե՞մ մոռացել, թե ոնց են կառավարել: Այնտեղ չկա այնպիսի մարդ, որ գա իշխանության ու արդար կառավարի. արդար կառավարող էին, թող 90-ականներին կառավարեին: Այդ ուժերը, որ ասում են՝ գանք, կոռուպցիան վերացնենք, այսինչն անենք, այնինչը փոխենք, բայց, ներողություն, բա այդ միլիարդները որտեղի՞ց են ձևավորվել, այդ ի՞նչ հաջողակ բիզնեսմեններ կային մեզ մոտ, որոնք կարողացան կարճ ժամանակում օլիգարխներ դառնային: Ինչպե՞ս կարող են նրանք այնպիսի համակարգ ստեղծել, որը դեմ կգնա իրենց իսկ շահերին»:

Ըստ Արամ Սարգսյանի՝ այստեղ խոսքը ոչ թե իրական փոփոխությունների մասին է, այլ նրա, թե որքան է նրանց անհրաժեշտ այս իշխանափոխությունը. «Ես այդպիսի մեխանիկական իշխանափոխություն չեմ ընդունում: Մեր կուսակցությունը դրա հետ որևէ առնչություն ունենալ չի կարող: Այս բոլոր գործընթացները պարզապես սակարկություններ են իշխանության հետ: Ոչ ոք չէր խանգարում այդ քաղաքական ուժերին, որոնք պառլամենտում էին, ոմանք էլ կոալիցիայի մեջ, այդ բոլոր բաներն այնտեղ ասել: Այն ժամանակ սուսուփուս բոլոր կոճակները սեղմում էին. ընդամենը մեկ տարի է անցել, այդ ի՞նչ հեղափոխական տրամադրություններ ի հայտ եկան նրենց մոտ»:

Այսօր ժողովուրդը չգիտի, թե որ քաղաքական ծրագրով են ոչ իշխանական ուժերը գալու իշխանության, ինչ տնտեսական քաղաքականություն են վարելու, և հետո՝ այդ կառույցներն իրական ռազմավարական տեսանկյունից փոփոխություններ Հայաստանում իրականացնել չեն կարող. այս համոզմանն է Արամ Սարգսյանը, որի համար, իր խոսքով, դեռևս մութ են հանրահավաք անցկացնող ուժերի իրական նպատակները:

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս