«ԵՏՄ-ն Հայաստանի համար չի ունենալու երկարատև շահերի սպասարկման դաշտ». Թևան Պողոսյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ խոսելով ԵՏՄ անդամակցության շրջանակներում Հայաստանի ազգային-անվանգության խնդրի մասին, ասաց որ պետք է կարողանանք պարզ գիտակցել, որ անվտանգությունը միայն առաջին գիծը և բանակը չեն:

«Նաև մեր ներքին կյանքի անվտանգության խնդիրները պետք է ինչ-որ չափով գիտակցենք, ինչպես՝ ոստիկանություն, ազգային անվտանգություն, արդարադատության էլեմենտներ, դատական համակարգի անկախ աշխատանք: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ կոռուպցիան նույն անվտանգության խնդիր է, որի դեմ պետք է պայքարել: Առանց ներքին այս հարցերի լուծման՝ ամբողջական անվանգություն միշտ էլ չի լինելու:

ԵՏՄ-ի հետ անդամակցության շրջանակիներում, ուղղակի նայելով, թե ինչ երկրներ են այնտեղ, արդեն մեծ կասկած է առաջանում, թե ինչ պետք է մենք նրանցից ընդօրինակենք և ինչպես պետք է, ասենք, կոռուպցիայի դեմ պայքարենք»,- ասաց նա:

Ըստ Թ. Պողոսյանի՝ հիմա Հայաստանը գտնվում է վտանգի տակ. «Եթե ԵՏՄ-ի հետ հարաբերությունները խորանան (չնայած ասվում է, որ միայն ու միայն տնտեսական միություն է, բայց այնուամենայնիվ ժամանակի ընթացքում եթե չձեռնարկենք համապատասխան քայլեր՝ Հայաստանը վերականգնի գոնե այլ ոլորտներում՝ քաղաքական բաղադրիչի համագործակցություն Եվրոպական միության հետ), ապա ունենալու ենք ավելի վատ իրավիճակ:

Մեր Արտգործնախարարությունը և բոլոր մնացած շահագրգիռ ինստիտուտները պետք է փորձեն հնարավոր բոլոր միջոցներն օգտագործեն, և Եվրամիության հետ գոնե մինչև տարվա վերջ հասնեն ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչի ստորագրմանը, և բարեփոխումենրն այդ ուղղությամբ էլ շարունակեն:
Հայաստանը իր շահերը պետք է հետապնդի և իր շահերով առաջնորդվի:

Բոլորիս ասվում է, որ ԵՏՄ-ն միայն ու միայն տնտեսական միություն է և միայն ու միայն տնտեսական ոլորտի խնդիրներով է համագործակցությունը, եթե այդպես է՝ եկեք այս ժամանակը լավագույնս օգտագործենք: Ունենք Ուկարինայի փորձը, որ կարելի է քաղաքական բաժինը առանձին ստորագրել, տնտեսականն առանձին»,-պարզաբանեց նա:

ԵՏՄ անդամակցության հետ կապված եռյակում առկա տարաձայնություններ կան. Րաֆֆի Հովհաննիսյանը հոկտեմբերի 10-ին խոսեց ԵՏՄ-ին դեմ և Ժառանգության շատ ներկայացուցիչներ էլ խոսում են ԵՏՄ-ին դեմ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ խոսողներին անվանեց մեկ-երկու տասնյակ «ջղաձգվողներ»: Լրագրողներ այն հարցին, թե արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյանը նկատի ուներ հենց «Ժառանգության» անդամների՞ն և իսկապե՞ս ԵՏՄ-ին դեմ մարդիկ այդքան քի՞չ են, Թևան Պողոսյանը պատասխանեց.

«Թե ինչ է մտածում Լևոն Տեր- Պետրոսյանը՝ ճիշտ կլինի իրեն հարցնեք: Ես հավատում եմ, որ Հայաստանում ոչ թե մեկ-երկուսն են դեմ, այլ հազարավորները: Քանի որ եռյակում արտաքին քաղաքականության խնդիրը չի քննարկվում, երևի եռյակ ֆորմատն արտաքինի մոտեցման համար ճիշտ չի լինի օգտագործել, իսկ մնացած հարցերում ամեն մարդ իր կարծիքին կարող է մնալ: Ապագան ցույց կտա, թե ով է ավելի ճիշտ իր մոտեցումների մեջ:

Վստահ եմ, որ առաջին հերթին ԵՏՄ-ն Հայաստանի համար չի ունենալու երկարատև շահերի սպասարկման դաշտ, իսկ այդ ինստիտուտի հաջողությանը չեմ էլ հավատում: Ապացույցն այն բոլոր ինտեգրացիոն պրոցեսներն են, որոնք տեղի են ունենում հետսովետական տարածքում, որ որևէ մի կառույց ոչ թե զարգանում, այլ ամեն օր կամ ամեն տարի պակասում է, ինչպես անդամակցության, այնպես էլ իր կարևորության իմաստով»:

 

Տեսանյութեր

Լրահոս