Բաժիններ՝

«Շատ տարածված է «հանուն պատվի» թանկ թաղում կազմակերպելը». Դագաղագործն ասում է, որ մահվան մասին աշխատելիս չի մտածում. medialab.am

medialab.am-ը գրում է. «Քարե պատերի ներսում, հողոտ ու փոշոտ խցում, արհեստավորների գործիքների սիմֆոնիկ աղմուկի մեջ իսկական աշխատանքային եռուզեռ է: Սենյակի պատերին կողք կողքի շարված են սրբապատկերներն ու խաչերը, որոնց մոտ` կիսավառված, չորացած մոմեր: Մեջտեղում մեծ վառարանն է, կողքի սեղաններին երկարությամբ փռված դագաղներ, որոնց ջանասիրաբար ձև ու չափ են տալիս բազմամյա փորձով վարպետները:

29-ամյա Վահե Զաքարյանը՝ ամենօրյա աշխատանքի ծխից ու փոշուց դեղնած շորերը հագին, գլխարկը գլխին ու կարճ մատիտը ականջի հետևը, ամեն առավոտ օրը սկսում է նույն կերպ:

Չափումներ անում, սղոցով տախտակները կտրում, մեխով իրար կպցնում, մակերեսը հարթեցնում ու մինչև օրվա վերջ արդեն 3-5 դագաղ կողք կողքի պատրաստի շարում արհեստանոցի միջանցքում:

«Արդեն 4-5 տարի է, աշխատում եմ որպես դագաղագործ: Դե, 17 տարեկանից հյուսնություն եմ սովորել: Սկզբից երկար ժամանակ կահույքի գործ էի անում, հետո սկսեցի դագաղագործությամբ զբաղվել»,- ասում է Վահե Զաքարյանը:

Նրա ձեռքերն արդեն գիտեն այս արհեստի բոլոր նրբությունները: Վահեն արագ-արագ հարթեցնում է վեցանկյուն դագաղի կողքերը և պատմում ընդունված չափանիշների ու արտառոց դեպքերում յուրօրինակ պատվերների մասին:

«Մերը հիմնականում ցածր և միջին խավի գործն է: Այնպիսի դագաղներ ենք պատրաստում, որ Հայաստանի բնակչության 70 տոկոսը դա է գնում, ամենաէժանն է: Երկարության ստանդարտ չափը 1 մետր 80 սմ է, իսկ ուսերի լայնությունը 60 սմ, բայց շտանգիստների դեպքում լայնությունը 67 սմ ենք անում, կամ բոյով մարդկանց համար երկարությունը մինչև 2 մետր 10 սմ ենք խփում»,- ասում է Վահեն

Արհեստանոցում իր աշխատանքը վերջացնելուց հետո կիսապատրաստ դագաղները անցնում են կողքի սենյակ, որտեղ նրա գործընկեր վարպետները կատարում են վերջին աշխատանքները՝ «պլաստիկատ խփում, աբիվկա քաշում», ընթացքում էլ զրուցում, կատակներ անում, առօրյա հոգսերից խոսում»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լիլիթ Առաքելյան
Լուսանկարը` Կարապետ Սահակյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս