Վարդան Այվազյան. Տիկին Փոստանջյան ջան, բարի եղեք լսել ինչ եմ ասում

Սահամանամերձ համայնքներում քանի՞ տնտեսվարող կա, որ կօգտվի սահմանամերձ տարածքներում գործունեությունը հարկերից ազատելու արտոնությունից, ինչո՞ւ չեն տրվում ճյուղային արտոնություններ, այլ՝ տարածքային: Այս հարցերն այսօր ԱԺ նիստում «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին ուղղեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Վ.Այվազյանը հայտարարեց, որ կառավարության ներկայացուցիչը կփորձի մեկնաբանել, թե քանի տնտեսվարող է արտոնությունից օգտվելու: Ըստ նրա՝ համայնքների ցանկը օրենքում չի ֆիքսվում, որովհետև եթե փոփոխության կարիք լինի, ապա օպերատիվության տեսանկյունից, տեխնիկական առումով գործադիրին ավելի հեշտ կլինի փոփոխությունն անել:

«Ես չեմ կարող քիմիական արդյունաբերության համար արտոնություն տամ, էնտեղ քիմական արդյունաբեություն չկա, որ տամ: Սոցիալական խնդիրների լուծման ճանապարհին Ձեր ասածն էլ է ընդունելի, բայց դա ընդհանուր տնտեսական քաղաքականության շրջանակներում: Ավելի ճիշտ կլինի հասցեական տրվի»,- ասաց Վ.Այվազյանը:

Զ.Փոստանջյանի խոսքով՝ այս պահին կարող ենք արձանագրել, որ չունենք համայնքների ցանկը, կարող ենք արձանագրել, որ չունենք, թե քանիսի վրա է տարածվելու, չունենք, որ այնտեղ ապրող բնակիչը ազատվելու է այն անուղղակի հարկերից, որ այս պահին իր վրա տարածվում է՝ հողի, գույքի հարկ, ջրի ու էլեկտրաէներգիայի վարձ: Ըստ ընդդիմադիր պատգամավորի, եթե ուզում են հնարավորություն տալ որոշ չափով մեղմել սահմանամերձ համայնքների բնակիչների վիճակը, հարկավոր է այդ ուղղությամբ մտածել:

«Այս պահի դրությամբ արձագանքում եմ, որ ինչ ասեմ, Դուք մեկ է՝ ասելու եք Ձերը,- պատասխանեց Վ.Այվազյանն ու շարունակեց,- Տիկին Փոստանջյան ջան, բարի եղեք լսել ինչ եմ ասում»:

Տեսանյութեր

Լրահոս