Կարծում եք՝ Եվրոպայում գրկաբաց, հուզված սպասո՞ւմ էին մեզ, մենք էլ ի զորու էինք այնտեղ հայտնվելու, հա՞. Վարդան Բոստանջյան

«Հակասություն լինի` չլինի, այստեղ մենք առաջնորդվում ենք մեր ազգային, պետության շահերով, ելնելով բազմաթիվ հանգամանքներից՝ թերևս ամենահեռանկարայինն այս պահին ներկայանում է Եվրասիական տնտեսական միության մեջ հանգրվանելու ինստիտուտը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԲՀԿ-ական, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Վ. Բոստանջյանին երբեմն զայրացնում է այն, որ ասում են՝ «ինչո՞ւ չգնացինք Եվրոասոցացման ուղղությամբ». «Կարծում եք` այնտեղ գրկաբաց, հուզված սպասո՞ւմ էին մեզ, մենք էլ ի զորու էինք այնտեղ հայտնվելու, հա՞»:

Լրագրողի այն դիտարկմանը, որ այս դեպքում էլ՝ Ռուսաստանը պատժամիջոցների տակ է, նա այսպես պատասխանեց. «Բոլոր դեպքերում՝ Ռուսաստանի վիճակը լավ կլինի, թե վատ, միությունում հայտնվելու պարագայում՝ ես ձեզ հավատացնում եմ, որ համեմատաբար լինելու են ներդրումներ, աշխատատեղեր են բացվելու, լինելու են եկամուտներ: Ավելի լավ չի՞ գոնե ինչ-որ հեռանակարային վիճակում լինենք»:

Վ.Բոստանջյանի կարծիքով՝ հնարավոր չէ 21-րդ դարում մեկուսացված վիճակում գտնվել. «Դա պարզապես ինքնասպանություն է: Այդ կտրվածքով՝ Հայաստանը անպայաման պետք է մի միության մեջ հանգրվաներ: Ո՞ր միությունն եք ուզում: Եվրոպա չես կարող գնալ, ուզում ես կողքի վատ հարևանների հե՞տ ընկերակցես, հնարավոր չէ»:

Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ այդ սանկցիաները կտարածվեն նաև այս միության վրա, Վ. Բոստանջյանն այսպես պատասխանեց. «Այդ սանկցիաների կտրվածքով, մենք հանկարծ չհուզվենք: Ամերիկան հազար տարի ուզել է Ռուսաստանին վերացնել, բայց չի կարողացել: Ամբողջ մոլորակի կայությունը ենթադրում է և պահանջում է կառուցվածքային 2 բևեռ: Այդ միաբևեռ կառավարողները արդեն հոգեկան դաշտ են անցել: Դա բացառված է, չի լինելու դա»:

Տեսանյութեր

Լրահոս