Ի վերջո, ո՞ր կողմից ջարդել ձուն. սա է խնդիրը

Ամենագերազանց մտավոր կարողությունը չի կարող փոխարինել բարոյական առաքինությանը: Պաշտոններ չի կարելի տալ ոչ բարոյական, վտանգավոր մարդկանց ձեռքը: Առաքինի հակումներով օժտված մարդու անգիտությամբ կատարված սխալները երբեք չեն կարող հասարակական բարօրության համար այնպիսի ճակատագրական հետևանք ունենալ, որքան այն մարդկանց գործունեությունը, որոնք ունեն ապականված միտումներ և տաղանդ՝ այդ ապականությունները թաքցնելու, բազմապատկելու և պաշտպանելու:

Օրենքները պետք է գրվեն շատ պարզ և սովորական դարձվածքներով: Որևէ օրենքի համար լուսաբանություն գրելը պետք է համարվի ոճիր: Եվ պատժվի:
Երկրի ղեկավարից պահանջվում է առողջ միտք ու դատողություն, արդարություն և գութգ Պաշտոնների նշանակելիս պետք է նկատի ունենալ մարդկանց բարոյականը, ոչ թե նրանց ճարտարությունը:

Նախախնամությունը երբեք մտադիր չի եղել հասարակական կամ պետական գործերի ղեկավարությունը դարձնել մի գաղտնիք, որ պատկանում է բարձր հանճարի սակավաթիվ մարդկանց, որոնցից մի դարի ընթացքում հազիվ երեք հատ է ծնվում: Ճշմարտությունը, արդարությունը, ժուժկալությունը և նման առաքինությունները հատուկ են բոլորին, այդ առաքինությունների կիրառումը մարդուն հնարավորություն է տալիս ծառայելու իր հայրենիքին՝ բացի այն պաշտոններից, որոնց համար մասնագիտություն է պահանջվում:

Պետության դեմ հանցանք գործած մարդկանց դատավարությունը կարճ է տևում. նախևառաջ, դատավորն իմանում է այն մարդկանց տրամադրությունը, որոնք իշխանություն ունեն, ապա հեշտությամբ մեղադրյալին կա՛մ կախում է, կա՛մ ազատ արձակում՝ անշեղ պահպանելով օրենքի բոլոր պատշաճ ձևականությունները:
Տգիտությունը, ծուլությունն ու մոլությունը հատուկ են օրենսդիրներին:

Որևէ դիրքի հասնելու համար չի պահանջվում որևէ առաքինություն և, մանավանդ, չի երևում, որ մեկը բարձր պաշտոն զբաղեցնի իր առաքինությունների համար, զինվորները՝ իրենց բարքի ու քաջության համար, դատավորներն՝ իրենց իմաստության համար:

Վերոհիշյալ մտքերի հեղինակն Անգլիայում է՝ արտաքին աշխարհից պաշտպանված մի մեծ քարով՝ վրան տարեթվեր՝ «1667-1745»: Իր տապանաքարի մակագրությունը հեղինակը գրել է անձամբ. «Այստեղ է հանգչում Ջոնաթան Սվիֆթի՝ այս տաճարի դեկանի աճյունը, և ճնշող վրդովմունքն արդեն չի տանջում նրա սիրտը: Անցի՛ր, ճամփորդ, և ընդօրինակիր, թե կարող ես, նրան, ով անվեհեր պայքարում էր ՝ հանուն ազատության գործի»:

Մեջբերումները Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդությունը» մանկական գրքից են: «Մանկական» բառն այս դեպքում կարևոր է. եթե պատանեկության տարիներին այս գիրքն ինչ-որ մեկը հաճույքով կարդացել է, ուրեմն՝ կեցցե նա: Արկածային մասերից բացի՝ մնացյալը, այսինքն՝ ամենակարևորը, անհասկանալի է պատանիներին ու ձանձրալի՝ երեխաների համար: Արդեն, ուսանող ժամանակ, արտասահմանյան գրականություն առարկայից իմացանք, որ գիրքն արգելված էր դեռևս 18-րդ դարում: Եվ գտնվել է այն լույս աշխարհ բերելու հանճարեղ միջոց՝ գիրքը դասել մանկական, արկածային գրականության շարքին: Եվ ամեն ինչ իր տեղն է ընկել:

«Սկզբում` վիրաբույժ, ապա մի քանի նավերի նավապետ Լեմյուել Գուլիվերի ճանապարհորդությունը աշխարհի այլևայլ երկրներ»` գրվել է մոտ 300 տարի առաջ: Բայց ժամանակային այս պայմանականությունը՝ ինչ-որ 300 տարվա վաղեմությունը, ամենևին չի կաշկանդում իրադարձությունները տեղափոխել ժամանակակից աշխարհ, այդ թվում և՝ Հայաստան: Ահա՛. ՀՀ նախագահը, կառավարությունը, ԱԺ-ն, պետական մյուս ինստիտուտները չարքաշ աշխատանքի իմիտացիա են ստեղծում, իսկ իրականում ահավոր զբաղված են ՈՉՆՉՈՎ: Այդպես էլ Լագադոյի բարձրագույն ակադեմիայում էին օրնիբուն տանջվում՝ մտածելով՝ ինչպես վառոդ ստանալ սառույցից, ինչպես փափկեցնել մարմարը, որ կարողանան դրանից բարձեր պատրաստել, ինչպես վարունգից արևային ճառագայթներ կորզելգ

Ո՞րն է այսօր իշխանությունների օրակարգում ամենասկզբունքային հարցը՝ փոխե՞լ Սահմանադրությունը, թե՞ չփոխել: Հասկանալի է, գործող Սահմանադրությունը կաշկանդում է իշխանություններին ազնիվ ընտրություններ կազմակերպել, պարտադրում է, որ դատավորները կաշառակեր լինեն, ուղղակի թույլ չի տալիս մարդասպանին մարզպետ չնշանակել: Ճիշտ այսպիսի, չափազանց սկզբունքային վեճի մեջ էին Լիլիպուտիայի և Բլեֆուսի կայսրությունները՝ ի վերջո, ո՞ր կողմից ջարդել ձուն:

«Բոլորը գիտեն, որ ուտելուց առաջ ձուն կոտրելու նախնական ձևը բութ ծայրից ջարդելն է, իսկ նորին այժմյան մեծության պապը, երբ մանուկ էր, ուտելուց առաջ ձուն կոտրել է հին ձևով և վնասել իր մի մատը: Դրա վրա նրա հայրը՝ կայսրը, հրապարակել է մի հրովարտակ և հրամայել իր հպատակներին պատժի սպառնալիքով, որ ձուն կոտրեն սուր ծայրից: Ժողովուրդն այն աստիճան զայրացել է այդ օրենքից, որ, ինչպես մեր պատմագիրները մեզ պատմում են, այդ հողի վրա տեղի է ունեցել վեց ապստամբություն»:

Երբ դատարանը՝ որպես Վարդան Պետրոսյանի խափանման միջոց` ընտրեց կալանքը, ՀՀ նախագահը նկատեց, թե խափանման միջոցի վերանայման անհրաժեշտություն է տեսնում: Ի՞նչ եղավ դրանից հետո. անկախ դատարանը չլսեց նախագահի հորդորն ու խափանման միջոցը թողեց նույնը: Վերադառնանք Սվիֆթին. «Երբ դատարանը կայսեր զայրույթին կամ նրա սիրեցյալ մինիստրի ոխակալությանը գոհացում տալու համար մի որևէ դաժան պատիժ է նշանակում, այն ժամանակ կայսրն ամբողջ խորհրդի առաջ մի ճառ է արտասանում՝ արտահայտելու համար իր գութն ու գորովը՝ առաքինություններ, որոնք ծանոթ են ու հայտնի ողջ աշխարհին: Այդ ճառն անմիջապես հրապարակում են ամբողջ թագավորության մեջ, և ոչ մի բան այնքան չի սարսափեցնում ժողովրդին, որքան այդ ողորմածության գովասանքը, որովհետև նկատված է, որքան ընդարձակ ու ուժգին է այդ ներբողը, այնքան վայրագ է պատիժն ու զոհն՝ անմեղ»:
Եվ մի մանրուք. «Քաղաքական բոլոր գործընթացներն ավարտվում են այնպես, ինչպես հարմար է իշխանություններին»:

Բայց այս ուր հասա. ուզում էի ասել՝ նորից կարդացեք Սվիֆթ: Գոնե հանճարեղ այդ մտածողին հավատացեք՝ գուցե համոզված եք, թե հսկա եք: Բայց մեկ էլ պարզվում է՝ ուղղակի լիլիպուտ եք:

Հ.Գ. Մեջբերումները «Գուլիվերի ճանապարհորդությունը» գրքի 1950 թ. հրատարակությունից են: Թարգմանիչ՝ Կարեն Միքայելյան:

Տեսանյութեր

Լրահոս