Կոռուպցիոն բուրգի պատճառած վնասը կազմում է տարեկան ավելի քան 2.5 մլրդ դոլար. Արամ Մանուկյան

«Կոռուպցիան և մենաշնորհները շարունակում են մնալ Հայաստանի տնտեսության և կառավարման համակարգի ամենամեծ չարիքը: Դա հաստատվում է հայաստանյան և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից»,- այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Ըստ նրա՝ հակակոռուպցիոն և հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության մի շարք առանցքային ցուցանիշներով Հայաստանը անթույլատրելի ցածր նիշեր է զբաղեցնում, իսկ կոռուպցիոն բուրգի պատճառած վնասը կազմում է տարեկան ավելի քան 2.5 մլրդ դոլարին համարժեք գումար, այսինքն՝ գրեթե նույնքան, որքան երկրի պետական բյուջեն է:

Ա.Մանուկյանը նշեց, որ ստեղծվել է իշխանության լեգիտիմության ճգնաժամ, նախաձեռնողական քաղաքականության ձախողումների արդյունքում տուժել է ՀՀ միջազգային վարկը, սաստկանում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջազգային մեկուսացումը, որի հետևանքով միջազգային կազմակերպություններում ընդունվում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դիրքերը թուլացնող անբարենպաստ որոշումներ:

«Հայաստանի կառավարությունն անկարող եղավ իրականացնելու խորհրդարանական չորս ուժերի առաջարկած` 12 կետերից բաղկացած առաջնահերթ միջոցառումները՝ դրանով ցույց տալով, որ պատրաստ չէ ընդառաջ գնալ հանրությանը և բավարարել անգամ ժողովրդի նվազագույն պահանջները: Այսպիսով, երկրում առաջացել է կառավարման համակողմանի ճգնաժամ, և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը անհրաժեշտ է համարում այն հաղթահարելուն ուղղված հրատապ քայլերի իրականացումը»,- ասաց Ա.Մանուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս