Բաժիններ՝

ՌԴ տնտեսական «բերմուդյան» եռանկյունու «բերմուդյան» ո՞ր անկյունում կհայտնվի Հայաստանը 

Հայազգի ռուսաստաբնակ տնտեսագետ, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը վերջերս խոսել է Ռուսաստանի տնտեսական վիճակի և խնդիրների մասին։ slon.ru-ն հրապարակել է ակադեմիկոսի խոսքերը վերջերս կազմակերպված կլոր սեղանի ժամանակ։

«Մեր տնտեսությանն այսօր նետված են երկու նոր մարտահրավերներ։ Առաջինը ներքին մարտահրավեր է։ Դա այն է, որ մենք գտնվում ենք սոցիալ-տնտեսական բավական ծանր իրավիճակում, որը բնութագրվում է տրիադայով` ստագնացիա, որը մեր երկրում սկսվել է 2013 թվականից, ռեցեսիա, որը սկսվել է 2014թվականի երրորդ եռամսյակից, և ստագֆլացիա, որը պայմանավորված է գնաճի արագացմամբ 2012թ. 5%-ից մինչև 6.8%` 2013-ին և 7.6%` 2014-ին (տարեկան արտահայտությամբ)։ Եվ այս տրիադայից դուրս գալը բարդ է»։ Ինչպես տեսնում եք, Աղանբեգյանը բավականին մռայլ գույներով է պատկերել իրականությունը։

Քանի որ ընթերցողներից ոչ բոլորը տնտեսագիտական կրթություն ունեն, շատ հակիրճ պարզաբանենք այս տերմինների իմաստը։

Ստագնացիան նշանակում է` տնտեսության լճացում։
Ռեցեսիա. Տնտեսության և կամ արտադրության չափավոր, ոչ կտրուկ, սակայն կայուն անկում, որը տևում է ավելի քան երկու եռամսյակ։
Ստագֆլացիա։ Այն վիճակն է, երբ տնտեսական անկումը (լճացումը) ուղեկցվում է նաև բարձր գնաճով և գործազրկության մակարդակի աճով։ Կա նաև այս տերմինի հայերեն թարգմանությունը` լճագնաճ։
Հիմա, թերևս, առավել հասկանալի է, թե ըստ հայազգի ակադեմիկոսի` ինչ զզվելի եռանկյունու մեջ է հայտնվել ՌԴ տնտեսությունը։
Սա ճգնաժամ չէ` տնտեսությունը կտրուկ անկում չի ապրում։ Սակայն, ինչպես նշել է Աղանբեգյանը, այս վիճակն ավելի վատ է, քան ճգնաժամը. «Որովհետև ճգնաժամը հաշվվում է ամիսներով և տարիներով չի ձգվում։ Իսկ ահա ստագնացիան, ռեցեսիան և ստագֆլացիան ԱՄՆ-ում շարունակվեցին 11 տարի` ամբողջ 70-ականների ընթացքում։ Եվ միայն 80-ականների սկզբներին ԱՄՆ-ին հաջողվեց անհավանական ջանքերի գնով դուրս գալ այս վիճակից»։

Իսկ որքա՞ն կտևի այս իրավիճակը Ռուսաստանում։ Այս հարցում կարծիքները տարբեր են, և այստեղ է, որ կարծիքների տարբերությունը երբեմն զավեշտի է հասնում։

Բանն այն է, որ հայ փորձագետներն ու քաղաքական գործիչները Ռուսաստանի տնտեսության վերականգնման հարցում ավելի լավատես են, քան ռուսներն իրենք։ Օրինակ, երբ մերոնց հարցնում են` ինչպես կազդեն Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները Հայաստանի տնտեսության վրա, և տնտեսական արդյունավետության տեսանկյունից` որքանո՞վ էր նպատակահարմար անդամակցել մի միության, որի գլխավոր խաղացողը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, հնչում են լղոզված կամ որևէ կերպ չհիմնավորված գերլավատեսական պատասխաններ։ Չեն հերքում, որ ազդեցություն կլինի, սակայն…

Օրինակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը վերջերս կարծիք էր հայտնել, որ դա ժամանակավոր բնույթ է կրում։ «Ակնկալում ենք որ առաջիկայում պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի նկատմամբ պետք է նվազի, և դրանով դրական ազդեցություն կունենան նաև Ռուսաստանի տնտեսության զարգացման վրա։ Համոզված եմ, որ առաջիկա տարվա ընթացքում դրական քայլերն այդ առումով կլինեն»,- ասել էր նա։

Մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր` ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն էլ Հ1-ի եթերում հավաստիացնում էր, որ պատժամիջոցները կարող են օգտակար լինել Ռուսաստանին։ Ըստ Մինասյանի` պատժամիջոցները կարող են խթան հանդիսանալ, որ Ռուսաստանը կենտրոնացնի ներքին ռեսուրսները, կարճ ժամանակում ապահովի տեխնոլոգիական առաջընթաց և տնտեսական աճ, ինչի արդյունքում կսկսեն աճել նաև Ռուսաստանից Հայաստան եկող տրանսֆերտները (մասնավոր փոխանցումները)։

Մյուսները լրջորեն ոգևորված են և հավատում են, որ այս ամենի արդյունքում կարող է շահել նաև Հայաստանը։ Մասնավորապես, սննդամթերքի գծով Ռուսաստանի սահմանած պատասխան պատժամիջոցների շնորհիվ հայ արտահանողները կարող են գրավել ռուսական շուկան։ Նման բան, սակայն, առայժմ տեղի չի ունենում։
Կրկին մեջբերենք Աբել Աղանբեգյանին. «Ակնհայտ է, որ մեզ մոտ ստագնացիայի, ռեցեսիայի և ստագֆլացիայի համադրությունը կշարունակվի նվազագույնը 3 տարի` ներառյալ 2013 թվականը։ 2013-2014թթ. Ռուսաստանում նվազում են ներդրումները։ Իսկ ներդրումներն ապագայի մեջ դրված ռեսուրսներ են։ Այն, որ մենք այժմ ստագնացիայի և ռեցեսիայի մեջ ենք, պայմանավորված է ներդրումների նվազմամբ. 2009 թվականին դրանք 15%-ով անկում ապրեցին, հզորություններ չստեղծվեցին, դրա համար էլ 2013-ին մենք ունեցանք ստագնացիա։ 2013-2014 թվականներին ներդրումների նվազումը 3% է, ինչը նշանակում է, որ 2017-2018թթ. չեն ստեղծվի լրացուցիչ հզորություններ։ Իսկ եթե փող չի ներդրվում, ոչ մի տեղից չի կարելի աճի ակնկալիք ունենալ»։

Եթե անգամ ՌԴ իրավիճակը մի պահ մոռանանք, ապա դժվար է մոռանալ այն տխուր փաստը, որ Հայաստանում վերջին տարիներին ներդրումները տարեկան 30-50%-ով անկում են ապրել։ Այսինքն, վերը նշված տրամաբանությամբ, տնտեսական աճի հիմքեր առաջիկայի համար չկան։ Հույսը դրսից ստացվող մասնավոր փոխանցումներն էին, որոնց 80%-ը գալիս է Ռուսաստանից։ Սակայն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ֆիզիկական անձանց միջոցով ՌԴ-ից Հայաստան փոխանցվող դրամական միջոցների զուտ ներհոսքը նվազել է 1.5%-ով, իսկ ոչ առևտրային նպատակներով փոխանցումները` 3.3%-ով։ Նվազել են նաև արտահանման ծավալները Հայաստանից դեպի ԱՊՀ երկրներ։

Ի դեպ, Ռուսաստանի տեխնոլոգիական հզորությունների և սեփական ռեսուրսներով աճ ապահովելու մասին (ինչի մասին խոսում էր Գագիկ Մինասյանը)։ Պետերբուրգում տեղի ունեցած տնտեսական ֆորումի ժամանակ ՌԴ նախագահ Վ.Պուտինը խոսելով այդ մասին` ասել էր, որ անհրաժեշտ է տեխնոլոգիական թարմացում և տնտեսական աճի խթանում։ Նա խոսել էր կոնկրետ միջոցառումների մասին` ներդրումային վարկերի տոկոսադրույքների նվազեցում, ներդրումների խթանում, մեխանիզմների ստեղծում, որոնք կխթանեն նոր տեխնոլոգիաներով զբաղվող բիզնեսներին, զրոյական հարկեր` որոշակի տեսակի գործունեությամբ զբաղվողների համար, և այլն։ Սակայն, ինչպես նշել է Ա.Աղանբեգյանը, վերջերս Պետդումայի հաստատմանը ներկայացված ՌԴ պետբյուջեում այդ միջոցառումներն արտացոլված չեն։ Կարճ ասած, դրանք այս պահին ընդամենը բարի ցանկություններ են։

Մենք շարունակում ենք խոսել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից ակնկալվող օգուտների մասին` նվաճում համարելով այն, որ որոշ ապրանքատեսակների մաքսային դրույքները չբարձրացան։ Միևնույն ժամանակ, արդեն տեսնում ենք պատժամիջոցների ազդեցությունը Ռուսաստանի վրա։ Ռուբլին փլուզվում է` դոլարի փոխարժեքն արդեն հասնում է 42 ռուբլու։ Կապիտալը տասնյակ միլիարդավոր դոլարներով փախչում է Ռուսաստանից (իհարկե, ոչ դեպի Հայաստան)։ Ֆոնդային բորսաներն անկում են ապրում, ռուսական ընկերությունների ակտիվներն արժեզրկվում են։ Պարենային ապրանքների գները թանկանում են, ՌԴ բնակչության գնողունակությունն ընկել է։

«Պատժամիջոցներն ու պատասխան պատժամիջոցները բերել են նրան, որ 2014թ. հունվար-սեպտեմբերին պարենի սպառումը` նախորդ տարվա համեմատ, չի աճել։ Եվ 2014 թվականի արդյունքներով մենք կունենանք սպառման կրճատում բնակչության մեկ շնչի հաշվով` հատկապես հաշվի առնելով Ղրիմի միացումը, որտեղ կենսամակարդակը շատ ավելի ցածր է, քան մեր երկրում»,- ասել է Աղանբեգյանը։

Մերոնք ասում են` նոր շուկա, նոր հնարավորություններ, իսկ Աղանբեգյանի խոսքերից ստացվում է, որ շուկան կարող է է՛լ ավելի փոքրանալ և փոքրանում է։ Տարբերվում է մեր իմաստունների կարծիքից, այնպես չէ՞։ Միգուցե մերոնք մտածեն` դե, Աղանբեգյանը տարիքն առած մարդ է, տնտեսությունից ոչինչ չի հասկանում (ինչպես ասում էին Ազնավուրի մասին)։ Միգուցե մտածեն, սակայն չեն արտահայտվի, որովհետև խոսքը վերաբերում է Ռուսաստանին և որովհետև նույն Ռուսաստանում Աղանբեգյանի կարծիքի հետ հաշվի են նստում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս