Ովքեր են համարվում քաղաքական բանտարկյալներ

«Աշխարհում ոչ մի պետության, երկրի օրենքում չկա, որ այսինչ մարդիկ քաղաքական բանտարկյալներ են, և որևէ պետություն աշխարհում չի ընդունել, չի ընդունում և չի ընդունելու իր երկրում քաղբանտարկյալների առկայությունը, դա հասարակությունը կամ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն են ընկալում՝ քաղբանտարկայննե՞ր են տվյալ մարդիկ, թե՞ ոչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ովքե՞ր են համարվում քաղաքական բանտարկյալներ՝ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը:

Նա նկատեց, որ այս առումով ավելի հստակություն կար Խորհրդային միության ժամանակ, երբ կար հակախորհդային քարոզչություն. «Չնայած Խորհրդային միությունը չէր ընդունում, որ դրանք քաղաքական բանտարկյալներ են, բայց հստակ քաղաքական հոդվածներ էին»:

Ա. Իշխանյանը նշեց, որ առաջինը «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն է սահմանել, թե ինչ է քաղբանտարկյալը, որի ձևակերպումը հետևյալն է՝ «քաղաքական հայացքների համար բանտարկվածները համարվում են քաղաքական բանտարկյալներ կամ խղճի բանտարկյալներ»:

Նա ասաց, որ այստեղ ընկալման խնդիր է, տարբեր կառույցներ տարբեր ձևով են սահմանում քաղբանտարկյալներին. «Մենք Շանթ Հարությունյանին և նրա ընկերներին համարում ենք քաղբանտարկյալներ: Նախ, նրանք քաղաքական ծրագիր ունեին, այսինքն՝ քաղաքական գործունեություն էր ընթանում: Ճիշտ է, ձևակերպված չէ, որ քաղաքական մտքի համար, այլ՝ նրանց գործողության: Բայց գործողության համար այդ պատիժը հստակ համարժեք չէր: Ձերբակալելը, գործ հարուցելը, մեկ տարի պահելը համարժեք չէր այն գործողությանը, որը նրանք արել էին: Նաև խտրական վերբերմունքը, երբ նույն տիպի արարքի համար համեմատում ես՝ մեկի նկատմամբ ինչ պատիժ է կիրառվում, մյուսի նկատմամբ՝ ինչ, դա նշանակում է, որ այս մարդկանց նկատմամբ իրենց քաղաքական հայացքների համար ցուցաբերվել է խտրական վերաբերմունք:

Օրինակ, եթե համեմատենք Գորիսի դեպքի հետ: Երբ համեմատում ենք՝ մի դեպքում ինչ եղավ, մյուսում ինչ, հստակ խտրական վերաբերմունք է: Այս ամբողջությունը հաշվի առնելով՝ ինձ համար հստակ է, որ Շանթ Հարությունյանը և իր խումբը քաղաքական բանտարկյալներ են»:

Տեսանյութեր

Լրահոս