Լեզվակռիվ և փոխադարձ խայթոցներ Ազգային Ժողովում

Այսօր Ազգային ժողովի օրակարգի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար
Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ 44 ստորագրությամբ առաջարկվում է օրակարգում ներառել «Հայաստանի Հանրապետությունում կառավարման ճգնաժամի մասին» և «Ընտրական օրենսգրքի ընթացակարգերի մասին» օրինագծեր: Անդրադառնալով կառավարության կողմից անհետաձգելի համարված և ԱԺ ներկայացված «Սահմանամերձ շրջաններում գործունեություն ծավալելու» մասին օրինագծին և «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ իրականացնելու մասին օրինագծին՝ Լ.Զուրաբյանը նշեց, որ դրանք միայն մեկ շաբաթ առաջ են ներկայացվել ԱԺ և 3 ամիս ժամկետ կա, որպեսզի դրանք անհետաձգելի կարգով ընդունվեն: Նա կոչ արեց հերթ պահել և նախ ընդդիմության առաջարկած օրինագծերը քննարկել:

Գ.Սահակյանն ընդդիմացավ. «Խնդրում եմ չսահմանափակել իմ լիազորությունները»:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ սահմանամերձ շրջանների վերաբերյալ օրենքը մայր օրենք է և ուժի մեջ է մտնելու 2015 թվականից ու ԱԺ-ն չի հասցնելու քննարկել 3 ընթերցումով:

«Մենք հենց այնպես չէ, որ հանդես ենք եկել կառավարման ճգնաժամի վերաբերյալ նախաձեռնությամբ»,- նկատեց Լ.Զուրաբյանը՝ նշելով, որ ՀՀ քաղաքացիները հանդես են եկել Ազատության հրապարակում ու արձանագրել կառավարման ճգնաժամի առկայություն:

«Ժողովուրդը սպասում է պատասխանի: Քննարկման հարցերի հաջորդականություն սահմանելու լիազորություն չունեք դուք և այն հարցը, որ ամբողջ ժողովուրդն է համարում անհետաձգելի, պետք է դրվի քննարկման»,- հայտարարեց Լ.Զուրաբյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը կոչ արեց աշխատել տրամաբանության և օրենքների շրջանակում, և լարվածություն չի լինի: Նա մեջբերեց ԱԺ կանոնակարգ օրենքի 52 հոդված 7 կետը, որի համաձայն՝ 44 ստորագրությամբ օրինագիծն ընգրկվում է ԱԺ արտահերթ նստաշրջան: Ըստ նրա՝ Գ.Սահակյանի հայտարարությունները ուղղված են խախտելու օրենքը: Ռ.Հակոբյանը Գ.Սահակյանին կոչ արեց իզուր լարվածություն չստեղծել, որևէ վատ բան չկա այս օրինագծերում, չխախտել կանոնակարգ օրենքը, այլապես իրենք ունեն համարժեք քայլեր ու ցույց կտան, թե ինչպես է ուղղորդվում ԱԺ-ն:

«Ոչ թե Գալուստ Սահակյանն է որոշում, այլ ԱԺ նախագահը»,- նկատեց Գ.Սահակյանը՝ նշելով, որ դեռ խոսելու այդ մասին և եթե իր ասածը չբավարարի, նոր պատգամավորները կխոսեն:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Ռ.Հակոբյանին կոչ արեց ԱԺ կանոնակարգը ամբողջությամբ կարդալ, իսկ նրա «կողքիններին կոռեկտ պահել իրենց, այլապես իրենք էլ ձևերը գիտեն»: Նա նշեց, թե որևէ հարցից չեն խուսափում, բայց ընդդիմադիրներն այլ նպատակներ են հետապնդում. «Զբաղվեք օրենսդիր աշխատանքով»:

Ա.Մանուկյանը ևս հանդես եկավ կոչով՝ դասեր չտալ. «Օրենքը թույլ է տալիս հրատապության տարբեր մեխանզմներ սահմանել, մեկից օգտվել է կառավարությունը, մյուսից՝ պատգամավորները: Կառավարության ներկայացրած հարցերը իրավունք կա 3 ամսում քննարկել»:

Տեսանյութեր

Լրահոս