Բաժիններ՝

Այս տարվա ձմեռն ավելի դաժան է լինելու անօթևանների համար

Գյումրիում անօթեւանների սոցիալական վիճակը գնալով ավելի է սրվում: Ըստ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վ.Թումասյանի կանխատեսումների՝ այս տարվա ձմեռն ավելի դաժան է լինելու նրանց համար, քանի որ անցած տարիների համեմատ ավելի քիչ թվով մարդիկ են պատրաստվել ձմռանը.

«Եւ սոցիալական վիճակի ծանրացումն է, եւ հոգեբանական պահ կա:

Անցած տարի, երբ մենք ման էինք գալիս տնակային ավաններում, տեսնում էինք, որ 10-ից գոնե 1-2-ը պատրաստվել էին ձմռանը, հիմա լավագույն դեպքում 10-ից 3-4-ը աղբ են կուտակել: Մնացածը թե ինչ են անելու, չգիտեմ, հավանաբար, մի երկու ամիս լույս կվառեն, որից հետո, բնականաբար, էներգիայի թանկացման պայմաններում լույսերի մարում կլինի, ու մարդիկ ոչ միայն առանց ջեռուցման, այլեւ առանց լույսի կմնան: Եթե այսպես գնաց, ես կանխատեսում եմ, որ ստիպված լինենք մարդկանց նաեւ մոմեր բաժանել»:

Անցած տարվա նման տարբեր անձանց, գործընկերների դիմելու միջոցով «Շիրակ կենտրոնը» վառելափայտի որոշակի պաշար է կուտակել, որը, ըստ անհրաժեշտության, սկսել են բաժանել անօթեւաններին: Արդեն իսկ 22 ընտանիք ստացել է 15-20 պարկ վառելափայտ, որը մոտավորապես մեկ խորանարդ մետր է լինում.

«Սկզբում նախատեսել էինք ավելի շատ տալ, բայց աննախադեպ մեծ թվով մարդիկ էին դիմել, ու ուզած-չուզած՝ պակասեցնելու ենք թիվը: Ինչքան մենք կարողանում ենք միջոցներ հայթայթել, այդքանն էլ բաժանում ենք: Հնարավոր է հետո, երբ նոր բարերարներ լինեն, ավելի ծայրահեղ վիճակում գտնվողներին նորից բաժանենք: Մեզ համար դժվար կլինի, բայց հիմա ուզում ենք շատ մարդկանց բաժանել»:

Հիշեցնենք, որ կառավարության խոստացած բնակարանաշինությունը Գյումրիում այդպես էլ չիրականացվեց: Հերթացուցակում առկա 430 անօթեւաններից ընդամենը 215-ի համար որոշում կայացրեց ԲԳՎ-ներ բաժանել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս