«Շանսոն» ակումբի հիմնադիրներ. «Մեր ակումբում տղամարդկանց մուտքը՝ առանց կանանց, արգելվում է»

Ասում են երգչուհիներ, «Շանսոն» ակումբի հիմնադիրներ Անչոկն ու Նարին

Սոսո Պավլիաշվիլիին հաճախ են հրավիրում երգելու հարսանիքներին և կարևոր այլ միջոցառումներին: Վերջերս Սոսո Պավլիաշվիլին երգչուհիներ Անչոկի և Նարիի հետ վերաբացեց «Շանսոն» ակումբը` արդեն նոր հասցեում:

– Անչոկ, վերջերս վերաբացվեց «Շանսոն» ակումբը: Այն հետաքրքիր է նաև նրանով, որ բացի Ձեզանից և երգչուհի Նարիից, ակումբի բաժնետեր է նաև ճանաչված և սիրված երգիչ Սոսո Պավլիաշվիլին: Ո՞ւմ նախաձեռնությունն էր համատեղ ակումբի վերաբացումը:

Անչոկ.– Ակումբը չորս տարվա պատմություն ունի: Ակումբն առաջին անգամ բացվեց Թումանյան փողոցում: Երկրորդ ակումբը փոքրիկ էր, դրա համար տեղափոխվեցինք: Երրորդն արդեն տեղափոխություն չի նախատեսում, քանի որ այն իրապես շատ լավն է: Ճիշտ է, մենք քաղաքից դուրս ենք, բայց քանի որ մեր քաղաքը շատ փոքրիկ է, իրականում շատ հեշտ և արագ կարելի է հասնել մեր ակումբ: Այս անգամ մեզ միացավ Սոսո Պավլիաշվիլին: Հիմա մենք երեքով ենք` ես, Նարին և Սոսոն, ում ներկայացուցիչը քույրն է: Մակա Պավլիաշվիլին, արդեն մեկ տարի է, ապրում է այստեղ:

Կարդացեք նաև

– Սոսո Պավլիաշվիլիի քույրը` Մական, ևս երգի ասպարեզի՞ց է:

Անչոկ.- Թեև Մական մասնագիտությամբ բժշկության ոլորտից է, սակայն հոգով արվեստագետ է: Անգամ երգելու փորձեր ենք անում: Երբեմն ասում է. «Ինձ հետ մի քիչ պարապի` երգեմ»: Առհասարակ Պավլիաշվիլի ընտանիքի հետ վաղուց արդեն մտերիմ ենք: Ամեն անգամ Հայաստանում լինելիս` նրանք պարտադիր այցելում էին մեզ` մեր ակումբ:

Anchok1

– Կարելի՞ է Սոսո Պավլիաշվիլիի հետ համագործակցության նպատակներից մեկը դիտարկել` իբրև PR:

Անչոկ.- Նախ` շատ անսպասելի և հաճելի էր, երբ Սոսոյի կողմից եղավ համագործակցության առաջարկ: Առաջարկը հետաքրքիր էր նաև այնքանով, որ իր անունը պետք է պարտադիր շեշտվի:

– Այսինքն` ավելի շատ PR է՞:

Անչոկ.- Իհարկե, PR է, քանի որ Սոսոյին Հայաստանում շատ են սիրում: Քանի որ մեր ակումբն արդեն չորս տարի գործում էր, մեզ նորություն էր պետք: Բացի նրանից, որ վերանորոգում ես, նոր ոճային լուծումներ ես տալիս ինտերիերին, և այլնգ Պետք էր շատ ավելի հետաքրքիր նորություն: Մարդիկ չեն գալիս պատերի համար: Այսօր դրանով ոչ ոքի չես զարմացնի: Մեզ մոտ, իհարկե, շատ համեղ կերակրում են, բայց մեզ մոտ գալիս են ոչ թե ուտելու, այլ լավ երաժշտություն լսելու:

Anchok6

– Հնարավոր է նաև, որ մտածեն, որ գալիս են Ձեր ակումբ` Սոսոյին լսելու: Այսինքն` PR-ը նաև բացասական դեր կատարի:

Անչոկ.- Գովազդում երբեք չի շեշտվել, թե գիտե՞ք` մեզ մոտ երգում է Սոսոն: Մարդիկ գալիս են մեզ լսելու: Իհարկե, Սոսոն տարին երկու-երեք անգամ համերգներ կունենա ակումբում, սակայն մենք երբեք չենք ցանկացել խաբել մարդկանց` ազդելով ենթագիտակցության վրա: Ի դեպ, ակումբի բացմանը Սոսոն պետք է ընդամենը 40 րոպե երգեր: Բայց մթնոլորտն այնքան ջերմ էր, այնքան լավ մարդիկ էին հավաքված, որ նա երգեց 1 ժամ 40 րոպե` չնայած սարսափելի հոգնած էր: Ակումբի բացման նախորդ օրը նա ԱՄՆ-ից էր վերադարձել, մեկ այլ համերգ էր ունեցել Երևանում և նույն օրը երեկոյան 1 ժամ 40 րոպե երգել էր մեր համատեղ ակումբում: Նա շատ մաքուր և, բառիս բոլոր իմաստներով` կարգին մարդ է: Նա եկել էր կնոջ և ծնողների հետ:

– Ովքե՞ր են շանսոնի սիրահարները: Ինչպիսի՞ մտածելակերպով մարդիկ են նրանք:

Անչոկ.- Ես միշտ շեշտում եմ տարիքը` 30-ից բարձր, քանի որ միշտ շատ ավելի հասուն մարդիկ են գալիս շանսոն լսելու: Չեմ ժխտում, որ կան մարդիկ, ովքեր 50 տարեկանում էլ հասուն չեն: Մեզ մոտ գալիս են լավ ժամանակ անցկացնելու, մեզ մոտ ծննդյան տարեդարձներ են նշում, անգամ պարային երաժշտություն է լինում: Բայց, ամեն դեպքում, մեզ մոտ շանսոնն է իշխում: Մեր ակումբն ունի իր լսարանը, ով գալիս է լսելու երաժշտություն: Մեզ այցելում են և՛ բժիշկներ, և՛ նախարարներ…

Anchok7 - Copy

– Կա՞ն ինչ-որ կանոններ` ակումբ մուտք գործելու համար:

Անչոկ.- Կանայք կարող են գալ` անգամ առանց տղամարդկանց: Սակայն տղամարդկանց մուտքը` առանց կանանց, արգելվում է: Դա նրա համար է, որ գան ավելի շատ ընտանիքներով, զույգերով: Եթե երեկոյան ուզում ես կնոջդ կամ ընկերուհուդ հետ մի տեղ գնալ, մի փոքր բարդ իրավիճակ է ստացվում, քանի որ մեզ մոտ այդ ուշ ժամերին, բացի ստրիպտիզ ակումբներից` ոչինչ չկա բաց: Մենք ցանկացել ենք տալ մարդկանց այդ հնարավորությունը` ուշ երեկոյան լավ ժամանակ անցկացնելու ընտանիքիդ, կնոջդ կամ ընկերուհուդ հետ:

– Այսինքն` այդ արգելքը նաև ակնարկ է տղամարդկանց, որ այս ակումբում ստրիպտիզ չեն պարում:

Անչոկ.- Այո: Նաև այդպես կարելի է դիտարկել:

– Երգչուհուց` դարձաք ակումբի տնօրեն: Այդ ինչպե՞ս հաջողվեց:

Անչոկ.- Բացի նրանից, որ երգում էինք, թե՛ ես, թե՛ Նարին, քիչ թե շատ հասկանում էինք ակումբի ղեկավարման նրբություններից: Յուրաքանչյուր մարդ ունենում է ցանկություն` ունենալ իրենը, լինի ակումբ, թատրոն, արվեստանոց: Որովհետև, երբ դու երգում ես ուրիշի ակումբում, դու չես կարող քեզ ռեալիզացնել 100 տոկոսով: Իսկ երբ ակումբի տնօրենը դու ես, ի կատար են ածվում բոլոր մտահղացումները` սկսած երգացանկից, վերջացրած ինտերիերի դիզայնով: Իմ և Նարիի երազանքն է եղել` ունենալ սեփական ակումբ: Բայց ասեմ, որ մեզ առանձնապես տնօրեն կամ, ինչպես ընդունված է ասել` «օբյեկտատեր» չենք զգում: Մնացել ենք այնպիսին, ինչպիսին կայինք:

Anchok3

– Գաղտնիք չէ, որ մեր երկրում անգամ ամենաբարի նախաձեռնություններն ի կատար ածելու համար սովորաբար մարդիկ բախվում են արգելքների, խոչընդոտների: Ովքե՞ր աջակցեցին Ձեզ` ակումբի վերաբացման հարցում:

Անչոկ.- Չգիտեմ` որքանով կհավատաք, սակայն թիկունք, որպես այդպիսին, երբեք չի եղել: Ուղղակի եղել են մարդիկ, ովքեր սիրում են մեր երաժշտությունը: Եվ բացի դրանից, քանի որ մենք երկու կին ենք, և տղամարդ չկար` մինչ օրս, որպես ակումբի բաժնետեր, մեր հետևից երբեք չեն ընկել` վատություն անելու համար:

Նարի.- Ես ավելացնեմ, որ, փառք Աստծո, երբեք և ոչ մի առումով «ֆինանսական» թիկունք չենք ունեցել:

Anchok5

– «Փառք Աստծո՞»: Սովորաբար փառք են տալիս` լավ թիկունք ունենալիս:

Նարի.- Ինչ-որ տեղ` այո: Թե տեսահոլովակներ և ձայներիզներ թողարկելիս, և թե բիզնեսում` երբեք «ֆինանսական» թիկունք չենք ունեցել: Չնայած պետք է նշեմ, որ վատ չեմ տարել, երբ մարդիկ իրենց նախաձեռնություններն առաջ տանելու համար թիկունք են ունեցել: Շատ լավ է, երբ մարդիկ ունեն աջակիցներ: Մեր թև ու թիկունքը մեր հավատարիմ ընկերներն են, որոնք միշտ աջակցել են մեզ ամեն հարցում: Գիտեք, երբ մարդ տխրության մեջ է, սովորաբար բոլորն են հավաքվում նրա շուրջ: Բայց դա չի նշանակում, որ նրանք քո ընկերներն են: Լավագույն ընկերներն ի հայտ են գալիս, երբ տեսնում ես, թե ինչպես են նրանք ուրախանում քո հաջողություններով, ձեռքբերումներով:

– Այնուամենայնիվ, պետք է խոստովանել, որ շոու-բիզնեսի ոլորտում նախանձն ու չարակամությունն ակնհայտ է: Որքան էլ փարթիների ժամանակ տեսախցիկների առջև գրկախառնվեն և դիմեն իրար «ջանուլս»-ով, միևնույն է, հայացքից ակնհայտ է, որ «ջանուլն» այդքան էլ «ջանուլ» չէ:

Անչոկ.– Փորձում են, իհարկե, չարախոսել, վատաբանել, սուտ լուրեր տարածել… Օրինակ` կարող են գալ ակումբ, X գումարի պատվեր տալ, սակայն ակումբից դուրս ամենուր նշել, թե փակել են XXL գումարի հաշիվ: Մեր քաղաքն էլ փոքր է, հատկապես սուտ լուրերը տարածվում են կայծակնային արագությամբ: Նմանօրինակ ցածր մակարդակի լուրերի վրա կենտրոնանալը սխալ կլիներ թե՛ իմ, և թե՛ Նարիի կողմից: Մենք առաջին օրը չենք շոու-բիզնեսում: Եթե կարելի է համարել, թե ունենք շոու-բիզնես:

Նարի.- Անգամ ակումբի վերաբացման օրն ակնհայտ դարձավ, թե ով է իրականում ուրախանում մեր հաջողությամբ, ով` ոչ: Նույն այդ հայացքներից անգամ:

– Դուք և Նարին, թվում է, ընկերուհիներ եք դեռևս անհիշելի ժամանակներից: Սակայն իրականում ընդամենը 6 տարի է:

Անչոկ.- Վերջես թեստ ենք անցկացրել, թե քանի՞ տարվա ընկերուհիներ ենք մենք: Պարզվեց` իրոք անհիշելի ժամանակներից` 40 տարի:

Anchok

– Facebook-ի առաջարկած թեստերի մասի՞ն է խոսքը:

Նարի.- Այո: Պատկերացրեք` 6 տարի` օր ու գիշեր: Ե՛վ աշխատանքի վայրում, և՛ հանգստի ժամանակ: Եվ միայն ժամանակային առումով չէ, ով միշտ միասին ենք: Մենք աջակցում ենք իրար ամեն հարցում: Նկատեցիք երևի, որ հարցազրույցի ժամանակ շատ հարցերի ես վստահ ասում եմ, որ ավելի լավ է իմ փոխարեն Անչոկը պատասխանի: Մենք մտերիմ ենք այնքան, որ երբեմն թվում է, թե Անչոկն ինձ ավելի լավ գիտի, քան ես` ինձ:

Անչոկ.- Նմանապես և Նարին` ինձ: Դա է իրական ընկերությունը: Չնայած որ հակապատկեր ենք ամեն առումով: Հաճախ ենք վիճում, լսում իրար և հասկանում: Ընկերությունն այլապես չի լինում: Մենք նաև ընտանիքներով ենք շատ մտերիմ:

– Մի ասացվածք կա. «Թե ուզում ես կորցնել բարեկամիդ կամ ընկերոջդ` գործ ձեռնարկիր հետը»:

Անչոկ.- Երբ չորս տարի առաջ որոշեցինք ակումբ բացել, Նարիի քույրն ասաց, որ չէր ցանկանա, որ ես ու Նարին համատեղ բիզնես սկսենք, քանի որ չափից դուրս լավ ընկերներ ենք:

Նարի.- Ես նրան միայն մի նախադասություն ասացի. «Ես Անչոկին ավելի եմ վստահում, քան ինձ: Նա ինձանից լավ մարդ է»: Եվ թեման փակվեց այդքանով:

– «Մեզ մոտ համեղ է, բայց մեզ այցելում են` լսելու»: Անչոկ, այս խոսքերը քոնն են: Այդ խոսքերից անգամ ակնհայտ է, որ քեզ տհաճ է միայն այն միտքը, որ քո երգելու ժամանակ ինչ-որ մեկը կարող է ինքնամոռաց ծամել, դանակ-պատառաքաղով չեզոքացնել երգի ձայնը:

Անչոկ.– Երբ տեսնում եմ, որ երգելուս ընթացքում սեղանի շուրջ նստածներն ինձանից բարձր են խոսում կամ ինքնամոռաց ծամում, ես խնդրում եմ` ավելի բարձրացնել ձայնը: Մյուս ունկնդիրը մեղավոր չէ, որ կողքին նստածը տարրական կուլտուրա չունի: Հենց այդ մյուս ունկնդրի համար էլ ես բարձրացնում եմ ձայնը:

Նարի.- Միշտ չէ, որ ամեն ինչ մեր սրտով է լինում: Բայց եթե դու արտիստ ես, իրավունք չունես բեմում քեզ սխալ պահել: Անգամ նման դեպքերում ես երգում եմ այնպես, ինչպես կերգեի լավ դահլիճի առջև: Ես փակում եմ աչքերս ու այդ ամբողջ ընթացքում ապրում իմ աշխարհի մեջ:

Անչոկ.- Մենք շատ հաճախ պարզապես փակում ենք մեր աչքերը: Առհասարակ, երբ ինչ-որ մեկը կամ ինչ-որ մի բան ինձ տհաճ է, պարզապես ուշադրությունս չեմ սևեռում այդ ամենի վրա: Այդ պահին հայացքով գտնում եմ ունկնդրիս և երգում նրա համար:

– Անչոկ, դու ունես հրաշալի որդի, ում պաշտում ես այնպես, ինչպես յուրաքանչյուր մայր` իր զավակին: Հանուն նրա հնարավոր չէ՞ր պահպանել ընտանիքը:

Anchok2

Anchok4

Անչոկ.– Հանուն իմ որդու պետք էր հեռանալ: Հավատացեք, նա սիրված է իր հայրիկի և նրա ընտանիքի կողմից, միգուցե շատ ավելի, քան այն երեխաները, որոնք ապրում են իրենց ծնողների հետ` նույն տանիքի տակ: Չի կարելի ապրել ինքնախաբեության մթնոլորտում: Երեխան զգում է ծնողի տխրությունը, դժբախտությունը: Եվ հանուն իմ բալիկի` ճիշտ էր ժամանակին հեռանալը:

Նարի.- Կյանքում շատ կարևոր է ճիշտ ժամանակին հեռանալը` և՛ սիրուց, որն այլևս չկա, և՛ բեմից, որն այլևս չի ընդունում քեզ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս