Բաժիններ՝

«Նաիրիտի» ճահիճը խորանում է

Հայաստանյան «Էներգոկոր» ընկերությունը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի դեմ դատական հայց է ներկայացրել` հարկադիր սնանկության պահանջով: «Էներգոկորը» գրանցված է Կոտայքի մարզ, ք.Հրազդան, Միկրոշրջան 68 շենք, 10 բն. հասցեում: Հայցը ներկայացվել է հոկտեմբերի 7-ին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ է ընունվել հոկտեմբերի 8-ին:

«Էներգոկորը» ջերմամեկուսացման աշխատանքներ է իրականացրել «Նաիրիտում» մինչև 2010 թ. և արդեն 4 տարի չի կարողանում ստանալ իր վաստակած գումարը: Ընկերության տնօրեն Հայկ Արաբյանը «168 ժամին» հայտնեց, որ պարտքը կազմում է 18 մլն դրամ՝ հավելած տույժ ու տուգանքները (ընդհանուր` մոտ 20 մլն դրամ): Թեև հայցն արդեն ընդունվել է վարույթ, ընկերությունը բանակցում է գործարանի հետ և, ըստ Հ.Արաբյանի, ամենայն հավանականությամբ, հաշտության պայմանագիր կկնքվի, ժամանակացույց կկազմվի՝ պարտքը մարելու համար. «Տեսնենք, առաջիկա մի քանի օրում կորոշվի»: Նա դժվարացավ մեկնաբանել գոյություն ունեցող կարծիքը, որ «Նաիրիտի» սնանկությունը ՀՀ կառավարության համար ցանկալի լուծում կլիներ: Արաբյանը հույս է դնում տնօրենի խոստումների վրա: Դիտարկմանը, որ պարտք մարելու համար գործարանը պետք է աշխատի, Հ.Արաբյանը հակադարձեց` «բայց իրենք աշխատավարձ են ստանում»:

Ուշագրավ է, որ այս գործով էլ դատավոր է նշանակվել Արա Կուբանյանը, ով բավականին տխրահռչակ փորձ ունի «Նաիրիտի» հետ կապված այլ դատական գործերով: Դրանցից առավել տարօրինակը, թերևս, օֆշորային գոտում գրանցված իրանական «Նումարդ թրեյդինգ» ընկերության հետ կապված գործն է: Այս պատմությանը «168 Ժամը» նախկինում բազմիցս անդրադարձել է:

Հիշեցնենք միայն, որ օֆշորային ընկերության հայցը «Նաիրիտի» դեմ Կուբանյանը վարույթ էր ընդունել` առանց գանձելու պետական տուրքը՝ 98 մլն դրամ: Դատական երկար քաշքշուկներից հետո «Նումարդ թրեյդինգից» հօգուտ ՀՀ պետբյուջեի պետք է բռնագանձվեր ավելի քան 247.5 մլն դրամ, բայց, ինչը և տրամաբանական է օֆշորային ընկերության դեպքում, «Նումարդ թրեյդինգին» գտնել չի հաջողվում: ԴԱՀԿ-ից մեզ հայտնել են, որ 04.07.2013թ. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում կայացվել էր որոշում՝ պարտապանի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին: Կատարողական գործողությունների ընթացքում պարտապանի գույքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում (արգելանքի որոշումներն ուղարկվել են ՀՀ առևտրային բանկեր, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ, ՀՀ կենտրոնական դեպոզիտարիա, պետական ռեգիստրի գործակալություն, ՃՈ), որի արդյունքում պարտապան «Նումարդ թրեյդինգ» ընկերությանը պատկանող գույք և դրամական միջոցներ չեն հայտնաբերվել:

Կարդացեք նաև

Այսքանով այս տարի մարտին կատարողական վարույթն ավարտվել է: Իսկ Կուբանյանի պատճառով բյուջեի կրած վնասը ոչ ոք չի փոխհատուցել: Հարցը, թե ինչո՞ւ է Ա.Կուբանյանը բավարարել օֆշորային ընկերության միջնորդությունը և չի պահանջել վճարել պետտուրքը, մինչ օրս օդում կախված է: Ի դեպ, Կուբանյանի վարույթում «Նաիրիտի» դեմ եղած մեկ այլ գործով, երբ իրանական SandbadTir INTL Transport Co.LTD ընկերությունը պահանջում էր սնանկ ճանաչել գործարանը, 500 հազար դրամ պետտուրքը կրկին չի վճարվել: Իսկ Կուբանյանն այլևս կատարողական թերթիկ չի ուղարկել ԴԱՀԿ, և վարույթ ընդհանրապես չի հարուցվել:

Հույսը փնտրում է լույս
«Նաիրիտի» շուրջ տիրող խավարը ոչ մի կերպ չի զիջում դիրքերը: Մի փոքր հույս կար, թե կառավարության փոփոխությամբ ինչ-որ բան կփոխվի: Սակայն, ինչպես երևում է, հույսերը զուր էին, և դեռևս ոչ մի առաջընթաց չկա: Աշխատակիցներն իրենց աշխատավարձից փշրանքներ ստանում են միայն ցույցերի արդյունքում, իսկ «Նաիրիտի» վերագործարկման մասին Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի խոստացած առաջարկությունների փաթեթը մնում է միայն որպես խոստում, թեև այն ներկայացնելու համար նշված բոլոր ժամկետները վաղուց անցել են:

Ինչպես նախարար Զախարյանն է հավատարիմ մնում իր նախորդի քաղաքականությանը և միայն խոստումներ շռայլում նաիրիտցիներին, այնպես էլ «Նաիրիտի» ներկայիս ղեկավարությունն է շարունակում իր նախորդի որդեգրած ուղին: Գործարանի գլխավոր տնօրենի պաշտոնում Հովիկ Հախինյանին փոխարինած Ռուբեն Սաղաթելյանը, ըստ շրջանառվող լուրերի, բանվորական կազմից աշխատողների մի մասին հարկադիր արձակուրդ է ուղարկում, իսկ հարկադիր պարապուրդում գտնվողներին` ազատման ծանուցագրեր ուղարկում, անձեռնմխելի պահելով ընկերության ուռճացված վարչական ապարատը:

Իրադրությունը ճշտելու համար 10 օր առաջ Ռ. Սաղաթելյանին ուղարկված մեր հարցերը մինչ օրս անպատասխան են մնացել: Նա չի արձագանքել նաև մեր այն հարցերին, թե գործարանի վարչական ապարատը քանի՞ աշխատակից ունի, տնօրենի տեղակալները քանի՞սն են, ովքե՞ր են, ո՞ր ուղղություններն են համակարգում, որքա՞ն աշխատավարձ են ստանում, և այլն, թեև սեպտեմբերի 19-ին նախարարությունում կայացած քննարկումից հետո Ռ.Սաղաթելյանը խոստացել էր աշխատավարձերի վերաբերյալ մեր գրավոր հարցմանը պատասխանել: Այն ժամանակ Սաղաթելյանը շտապել էր հավաստիացնել, թե տնօրենի ու փոխտնօրենների աշխատավարձերի մասին հնչող թվերն «աբսուրդ» են: Եթե այդպես է, ինչո՞ւ նա այժմ էլ չի շտապում լույս սփռել իրականության վրա ու հրապարակել, թե տարիներ շարունակ չաշխատող գործարանի վարկազմը որքան գումար է ստացել:

Ի՞նչ անել
Եթե ՀՀ կառավարությունը և գործարանի ղեկավարությունն իրապես մտադրություն ունենային «Նաիրիտը» վերագործարկել, ապա պետք է դիմեին մի քանի պարզ քայլերի: Նախ` բանվորների փոխարեն պետք է հարկադիր պարապուրդ ուղարկեին կամ աշխատանքից ազատեին վարչական աշխատողներին, այդ թվում` փոխտնօրեններին (այս խնդրին էլ «168 Ժամը» նախկինում ոչ մեկ անգամ անդրադարձել է (https://168.am/2014/05/29/370657.html)): Գործարանի աշխատավարձի ֆոնդը, հիշեցնենք, ամսական կազմում է շուրջ 560 մլն դրամ` մոտ 1.3 մլն դոլար: Բանվորներն ու ոչ ղեկավար պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներն ամսական ստանում են ընդամենը 60-80 հազար դրամ, իսկ ահա գլխավոր տնօրենը ստանում է ամսական 7 մլն դրամ, նրա 9 տեղակալները` 3.5 մլն դրամ (միայն 4-ն են հարկադիր պարապուրդում, իսկ 10-րդ տեղակալը՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայր Աշոտ Սարգսյանը, հրաժարական տվեց անցած տարի ամռանը), չհաշված տնօրենի խորհրդականներին ու օգնականներին: Մինչդեռ գործարանի աշխատելու տարիներին տնօրենն ունեցել է միայն 3 տեղակալ, աշխատակիցներն էլ 2100-ն էին, իսկ 1 ամսվա աշխատավարձի ֆոնդն ընդամենը 160 մլն դրամ էր: Թե այս տարիների ընթացքում որքան պետական միջոցներ կտնտեսվեին վարչակազմը բեռնաթափելու արդյունքում, թող հաշվեն կառավարությունում:

«Նաիրիտը» կործանելու կառավարության քաղաքականության մասին է վկայում սլովակ ներդրողներին անտեսելը, թեև շատերը, այդ թվում` գործարանի նախկին ղեկավարներից, իրատեսական էին համարում նրանց ներկայացրած ներդրումային ծրագիրը: Ընդ որում՝ եվրոպացի ներդրողների այս խմբից հրաժարվելուց հետո նոր ներդրողներ գտնելու հույսը զրոյական է: Իսկ «Ռոսնեֆտի» վերաբերյալ վերջերս Ռ.Սաղաթելյանի հայտարարությունը, թե ռուսական ընկերությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել, պարզապես հակասում է նախարար Զախարյանի հայտարարությանը, որ այլևս պետք չէ «Ռոսնեֆտի» հետ հույսեր կապել: ՀՀ կառավարությունը 2009-ից ներդրողներ է բերում «Նաիրիտի» համար` լեհ, իսպանացի, գերմանացիգ անարդյունք:

«Նաիրիտի» ճահճային իրավիճակը փոխելուն ուղղված հաջող քայլ, թերևս, կարող է լինել ՀՅԴ-ի նախաձեռնությունը՝ ստեղծել Ազգային ժողովի հանձնաժողով, որը կուսումնասիրի իրադրությունն ու կփորձի լուծում գտնել: Մնում է հուսալ, որ ՀՅԴ-ականներն իսկապես լրջորեն կզբաղվեն խնդրով ու հենց առաջիկա քառօրյայում հարցը կմտցնեն օրակարգ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս