Հովհաննես Իգիթյան. Տեր-Պետրոսյանը կարող էր շրջվել և Րաֆֆուն ասել` «մի ջղաձգվիր, գնա այստեղից»

Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը անշրջելի է, առաջին հերթին` ուղղված էր Ռուսաստանին, երկրորդը` իր կուսակիցներին: Այսօրվա ասուլիսում հայտարարեց Տեր-Պետրոսյանի նախկին քաղաքական զինակից Հովհաննես Իգիթյանը:

Հովհաննես Իգիթյանին մի փոքր զարմացնում է, որ շատերը Հայ ազգային կոնգրեսի առաջնորդի կոնցեպտուալ ելույթից հիշում են միայն այն, որ նա «ջղաձգվողներ» անվանեց Եվրասիական միությանը դեմ արտահայտվողներին: Սակայն, ըստ նրա` մյուս կողմից էլ դա ցույց է տալիս, որ դա ելույթի ամենակոնցեպտուալ մասն էր:

Նախկին և ներկա ՀՀՇ-ի անդամ Հովհաննես Իգիթյանի կարծիքով` Տեր-Պետրոսյանի ուղերձն առաջին հերթին ուղղված էր Մոսկվային, ոչ թե հանրահավաքում հավաքված մարդկանց. «Ռուսաստանին պետք է ցույց տրվեր, որ «Ռուսաստան, ես ձեր դեմ չեմ, Սերժ Սարգսյանից ոչ պակաս ձեզ հետ եմ»:

Երկրորդը, [Լևոն Տեր-Պետրոսյանի] կողքին կանգնած էր Րաֆֆի Հովհաննիսյանը, ով մի քանի րոպե առաջ «ջղաձիգ» ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական միության դեմ: Այսինքն` կարելի էր ոչ թե խոսափողից հայտարարել, այլ շրջվել և Րաֆֆուն ասել` «մի ջղաձգվիր, գնա այստեղից»:

Կարդացեք նաև

Երրորդը, նախկին ՀՀՇ-ում, որը հիմա ՀԱԿ է, կան իմ նախկին համակուսակիցներ, ովքեր ունեն արևմտամետ կամ եվրոպական արժեքների մոտեցումներ, և այդ մարդկանց հետ մենք 25 տարի առաջ ենք սկսել այս քաղաքականությունը:

Ինձ թվում է, որ այս մարդիկ վտանգ են ներկայացնում նաև այս քաղաքական ուժի և նրա լիդերի համար, և սա ուղղված էր նաև նրանց դեմ, որ նրանք վերջ դնեն Եվրոպայի մասին իրենց «ջղաձիգ» մտորումներին: Չեմ կարծում, որ դա իմ դեմ էր ուղղված»:

Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի տեսակետին, որ Եվրասիական միությանը դեմ արտահայտվողները ոչ մի դեպքում չեն կարող քաղաքական օրակարգ թելադրել, ապա Հովհաննես Իգիթյանը համաձայն չէ նաև դրա հետ. «Մենք ենք օրակարգ թելադրում, այսինքն` ինձ նման մարդիկ, ովքեր ներկայացնում են թե´ վտանգները, թե´ շահերը: Եվ այն հանգամանքը, որ Հայաստանի վարչապետը և նախարարներն այժմ ԱՄՆ-ում Եվրասիական միության վտանգներն են ներկայացնում, խոսում է այն բանի մասին, որ նրանք կարդում են թերթեր և նաև մեր հոդվածները»:

 

Տեսանյութեր

Լրահոս