Բաժիններ՝

Ներկայացվեց մուլտիմեդիա հարթակի վրա ստեղծված մեդիա արտադրանքի նոր շարքը

ՀԲԸՄ կենտրոնական վարչական խորհրդի անդամ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր ճարտարագետ, Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) նախագահ Երվանդ Զորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց սփյուռքահայության առջեւ ծառացած արդի մարտահրավերների և Հայկական վիրտուալ համալսարանի նորարարական լուծումների մասին:

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) աշխարհում հայկական օնլայն կրթություն տրամադրող առաջատար կառույցներից մեկն է, որն առաջարկում է հայագիտական կրթություն նորագույն տեխնոլոգիաների միջոցով: ՀՎՀ-ի առաքելությունն է կրթությամբ հետաքրքրված բոլոր անձանց համար հայկական համապարփակ կրթության հնարավորություն ստեղծել՝ անկախ տարիքից, բնակության վայրից կամ գիտելիքների մակարդակից: Աշխարհում տեղի ունեցող օնլայն կրթության վերջին զարգացումներին զուգընթաց՝ ՀՎՀ-ի առաքելությունն է նաև ստեղծել կրթական վիրտուալ համայնք, որը կարող է խթանել ինչպես մշակութային կրթությունը, այնպես էլ սոցիալական հաղորդակցությունն այն ուսանողների շրջանակներում, ովքեր ցանկանում են շարունակել իրենց կրթությունը հայագիտական բնագավառում:
Վիրտուալ համալսարանն առայժմ ունի 4 ֆակուլտետ՝

– Հայոց լեզու
– Հայոց պատմություն
– Հայկական մշակույթ
– Շախմատ

Երվանդ Զորյանը լրագրողներին պատմեց, թե ինչպես են ձեռնամուխ եղել համալսարանի ստեղծմանը. «Սկզբում ուզում էինք հայկական կրթության օջախ ստեղծել, որը հասանելի լինի շատերին՝ առանց կապված լինելու որևէ ֆիզիկական կենտրոնի: Սփյուռքում ունենք հայկական դպրոցներ, բայց դրանք ամեն տեղ չկան: Երբ առաջին ուսումնասիրությունն արեցինք՝ տեսանք, որ հայության 5 տոկոսը կարող են իրենց զավակներին ուղարկել հայկական դպրոցներ: Մենք այդ զրկված 95 տոկոսին տալու բան ունեինք, որպեսզի նրանց զավակները ստանային հայկական կրթություն:

Կարդացեք նաև

Այսինքն՝ մեր նպատակը դասընթացներ և կրթություն ապահովելն էր: Բայց երբ սկսեցինք, տեսանք, որ շատերը միայն նյութի համար չեն գալիս, այլ իրենց ինքնությանը, ուրիշ հայերի հետ կապվելու համար»,- ասաց նա:

Նա ինտերնետը նվեր է համարում մեր ազգի համար. «Մեզ նման բաժանված ազգի համար այն իսկապես բախտավորություն է, որից կարելի է օգտվել, մեր ունեցած հարստությունը փոխանցել աշխարհի տարբեր կողմերում գտնվող մեր հայրենակիցներին»,- նշեց նա:

Վիրտուալ համալսարանում կրթություն ստանալու համար պետք է վճարել սիմվոլիկ գումար, որն, ինչպես Երվանդ Զորյանն է ասում՝ ուսանողին դասընթացներին կապելու համար է. «Մեր բյուջեի 5 տոկոսն է գալիս ուսանողներից, 95 տոկոսը ծախսվում է ՀԲԸՄ կողմից: Սիմվոլիկ գումարը 199 դոլար է, բայց շատերը կան, որ դրա կեսը կամ մեկ քառորդն են վճարում՝ կապված իրենց նյութական վիճակից»,- ասաց նա:

Ասուլիսի ընթացքում ներկայացվեց նաև ՀՎՀ-ի կողմից մուլտիմեդիա հարթակի վրա ստեղծված մեդիա արտադրանքի նոր շարք, որն ընդամենը մեկ սեղմումով հասանելի կլինի սմարթֆոնների, պլանշետների և վեբ-բրաուզերների օգտատերերին: Շարքն ընդգրկում է Հայաստանին վերաբերող թեմաների լայն շրջանակ՝ պատմություն, մշակույթ, զբոսաշրջություն, ինչպես նաև անդրադառնում է տնտեսության, քաղաքականության, փոփ մշակույթի և արդի այլ թեմաների:

Ընթերցողները հնարավորություն ունեն գնահատել իրենց առաջընթացը ինքնագնահատման ոչ պարտադիր թեստերի միջոցով, հետևել իրադարձությունների ժամանակագրությանը և օգտվել հարուստ բառարանից՝ հատուկ մշակված այս էլեկտրոնային գրքի համար, որի վերբեռնումը անվճար է և կարելի է վերբեռնել AGBUBOOKSTORE.org, AVC-agbu.org կայքերից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս