«Ստացվում է՝ նախագահի ասածն ասնավանի չի՞». դատարանը մերժեց. Սերժ Սարգսյանը դատարան չի ներկայանա

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատարանում ամբաստանյալ Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդեց վերսկսել դատաքննություննրը՝ նշելով, որ դատարան է ցանկանում ներկայացնել տեսաերիզի զննություն, որով ապացուցվում է, որ իրենց պաշտպանյալներն անմեղ են, ինչպես նաև խախտվել են նրանց իրավունքները: Փաստաբանն ասաց նաև, որ 10 հազար քաղաքացիներ ստորագրել են պահանջի տակ՝ դադարեցնել ամոթալի քաղաքական հետապնդումը և ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Ամբաստանյալներ Արմեն Հովհաննիսյանի, Տիգրան Պետրոսյանի պաշտպան Արա Զաքարյանը նշեց, որ միջնորդությունը պետք է բավարարել. նրա խոսքով՝ դատաքննությունն ավարտելուց հետո է ձեռք բերել այդ ապացույցը, հետևաբար՝ իրենք հնարավորություն չեն ունեցել ավելի վաղ այն ներկայացրել:

Մեղադրող Գևորգ Գևորգյանն առարկեց միջնորդության դեմ: Նա նշեց, որ նախաքննության ընթացքում տարբեր աղբյուրներից ստացվել են տեսաերիզներ, կատարվել է դրանց զննություն, դրանք հետազոտվել են դատարանում, դատաքննությունը սկսվել է հունիս ամսին և պաշտպանական կողմը ժամանակ է ունեցել դա ներկայացնելու:

Դատարանը նշեց, որ միջնորդությունը ներկայացրեց առանց մանրամասնելու՝ ո՞ր ժամանակ է կատարվել տեսագրությունը, ի՞նչ է այնտեղ պատկերված: Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը:

Կարդացեք նաև

Ինեսսա Պետրոսյանը ասաց, որ տեսաերիզը վերաբերվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Կոլումբիայի համալսարանում արված հայտարարությունը: Փաստաբանի խոսքով՝ այդ հայտարարությունից պարզ դարձավ, որ նա տիրապետում է որոշակի հանգամանքների, եթե հանդես է գալիս նման հայտարարությամբ: Ուստի փաստաբանը միջնորդեց վերսկսել դատաքննությունը և դատարան հրավիրել ու հարցաքննել Սերժ Սարգսյանին:

Շանթ Հարությունյանը միացավ միջնորդությանը: Նա ասաց, որ երբ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու մասին, ինը հոդվածներով հիմնավորել է, որ նման արարքը բացահայտ դավաճանություն է: Շանթ Հարությունյանը նշեց, որ նա պետք է պարզաբանում տա՝ արդյոք Թուրքիայում ասե՞լ է, որ Շանթ Հարությունյանն ոչինիչ չի ներկայացնում, նա չի կարող խանգարել:

Ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ միջնորդությունը պետք է բավարարվի, այլապես պարզ կդառնա, որ նախագահը դատարանին ցուցում է տալիս, թե ինչպես պետք է վարվի Շանթ Հարությունյանի և նրա ընկերների հետ:
Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը, ինչին ամբաստանյալ Վարդան Վարդանյանն արձագանքեց. «Այսինքն՝ ստացվում է, որ նախագահի ասածն ասնավանի չի՞»:

Տեսանյութեր

Լրահոս