Քննարկվել են դեղերի պարտադիր դրոշմապիտակավորման նորմի կիրարկման հետ կապված ներկրողների մտահոգությունները

Ազգային ժողովի քառօրյա նիստի ընթացքում Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ընթացքում պատգամավոր Աղվան Վարդանյանը բարձրաձայնել էր ««Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջով նոյեմբերի 1-ից դեղերի պարտադիր դրոշմապիտակավորման նորմի կիրարկման հետ կապված ներկրողների մտահոգությունների մասին։ Մասնավորապես` «Վագա ֆարմ» դեղ ներկրող կազմակերպությունը Ազգային ժողովում հարց էր բարձրացրել այն մասին, որ դեղերի դրոշմապիտակավորումը լրացուցիչ, դժվարին աշխատանք է, ինչը կանդրադառնա դեղերի գնի վրա։ Ազգային ժողովում առաջարկ էր եղել ևս մեկ անգամ քննարկել խնդիրը։

ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ ևս մեկ անգամ տեղի ունեցավ հարցի քննարկում, որին մասնակցեցին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանը, նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը, իրավաբանական վարչության պետ Իզաբել Աբգարյանը, ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը, ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ Ստեփան Ավագյանը և Անդրանիկ Մուրադյանը, ինչպես նաև «Վագա ֆարմ» դեղ ներկրող կազմակերպության հիմնադիր Վահե Վարսանյանը։

Սերգեյ Խաչատրյանն առաջարկեց առարկայական քննարկում կատարել` հասկանալու համար, թե ինչի արդյունքում են դժգոհությունները և ինչ քայլեր կարելի է իրականացնել։
Առողջապահության և ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչները միակարծիք էին, որ դրոշմապիտակավորումը կնպաստի դեղերի որակի ապահովմանը և ստվերային շրջանառության նվազեցմանը, ինչպես նաև տեղական արտադրանքի ծավալների վերահսկմանը։
«Վագա ֆարմի» ղեկավարը պնդում էր, որ դա դեղերի ստվերային շրջանառությունը կանխելու լավագույն գործիքը չէ։ Նրա մտահոգությունները հիմնականում ուղղված էին պարտադիր դրոշմապիտակավորման նպատակահարմարությանը և կիրարկման դժվարություններին, հատկապես` ցածր գներով դեղերի պիտակավորման պահանջը, քանզի դրանց ստվերային շրջանառությունն անարդյունավետ և իմաստազուրկ է։ Առողջապահության փոխնախարարը դրան հակադարձեց, որ անգամ ամենափոքր ստվերային շրջանառությունն անընդունելի է և ենթակա ստվերից դուրս բերման։
Վահե Վարսանյանը նշեց, որ առողջապահության նախարարությունում և անձամբ նախարարի հետ բազմիցս քննարկումներ եղել են, և ինքը պարզաբանումներ է ակնկալում ֆինանսների նախարարությունից։

«Դեղերի ոլորտի պատասխանատուն, դեղերի որակի և մատչելիության երաշխավորն առողջապահության նախարարությունն է։ Հետևաբար մեզ մոտ ենք հրավիրել ֆինանսների նախարարության մասնագետներին։ Եթե օրենքի դրույթների, կարգերի հետ կապված հարցեր ունեք՝ պարզաբանումներ կտրվեն, իսկ հնարավորության դեպքում` կփորձենք լուծումներ գտնել»,-ասաց փոխնախարարը։

Հակոբ Թոփչյանը ներկայացրեց, որ 2013թ.-ին երկիր է ներմուծվել 95 մլն դոլարի տարբեր դեղերի 42 մլն փաթեթ։ Դրանց մի մասում 50 և ավելի սրվակներ, բլիստեռներ կամ տուփեր կան, որոնք կոչվում են հիվանդանոցային փաթեթներ։ Դրանք ևս ներառելով ստացվում է, որ ներմուծված դեղերի ընդհանուր թիվը կազմել է 55 մլն։
Գործարարը նաև դժգոհեց, որ պահանջվող հաշվետվությունները ծավալուն են և նոր աշխատուժ են պահանջում` ավելացնելով, որ հաշիվ-ապրանքագրերով արդեն իսկ իրականացվում է դեղերի ներկրման նկատմամբ հսկողությունը։ Ի պատասխան` ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Անդրանիկ Մուրադյանը ճշգրտեց, որ պահանջվող հաշվետվություններն էլեկտրոնային գրանցում են և չեն կարող փոխարինվել այժմ ներկայացվող հաշիվ-ապրանքագրերով։

Փոխարենը տեղում ստուգվեցին ««Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի դրույթների և օրենքից բխող կարգի համապատասխանությունը, որի արդյունքում ֆինանսների նախարարության ներկայացուցիչները խոստացան արագ խմբագրում կատարել և հանել դեղերի պիտանիության ժամկետրների նշման պահանջը։
Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանը նշեց, որ օրենքն արդեն ընդունված է, և բոլոր գործարարները պարտավոր են այն կատարել։

Երկու նախարարության ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին ընթացքում առաջացող դժվարությունների դեպքում շարունակել քննարկումները և հնարավորինս սեղմ ժամկետում արձագանքել դեղ արտադրողների և ներմուծողների խնդիրներին։

 

Տեսանյութեր

Լրահոս