Լոֆանտի բացառիկ բուժիչ հատկությունները

Բուժիչ նամակներ

Լոֆանտը (Agastachys rugosa) պատկանում է շրթնածաղկավորների ընտանիքի բազմահասկավորների ցեղախմբին, որն իր հերթին` ընդգրկում է մոտ 9 տեսակ։ Բոլոր տեսակներն էլ ունեն բուժիչ հատկություններ և օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ, սակայն գիտական բժշկությունը խորհուրդ է տալիս օգտագործել լոֆանտ տիբեթյանը (L. tibeticus)։

Բույսի բարձրությունը հասնում է 30-120 սմ-ի։ Տերևները երկարավուն օվալաձև են, խորը սրտաձև հիմքով, մուգ կանաչ գույնի։ Ծաղիկները երկսեռ են, դեղնասպիտակավուն, հավաքված են ցողունի գագաթային մասում։
Բույսի հայրենիքը Չինաստանի, Նեպալի, Հնդկաստանի լեռնային շրջաններն են։ Այդ երկրներում լոֆանտը մշակում են ծովի մակերևույթից 1500 մ և ավելի բարձրությունների վրա` որակյալ սերմեր ստանալու համար։

Լոֆանտ տիբեթյանը հրաշալի մեղրատու բույս է, քանի որ ծաղկում է առաջին տարվանից սկսած, նաև ունի երկար ծաղկման շրջան` մինչև ամռան վերջը։ Բույսի մեղրը օգտագործում են բժշկության մեջ։

Կարդացեք նաև

Բույսը պարունակում է խոլին, ֆլավոնոիդներ` ռուտին, կվերցետին, կեմպֆերոլի գլիկոզիդներ, աստրագալին, ամենտոֆլավոն, օրգանական թթուներ (սուրճի, կիտրոնի, խնձորի), քլորոգենաթթվի հետքեր, ասկորբինաթթու, դաբաղանյութեր։ Պարունակում է մոտ 0,5 % եթերային յուղեր, այդ թվում` անետոլ, բորնեոլ, կամֆեն, լինաօօլ, միլոնեն, պինեն, տերպինեն, տիլխավիկոլ, ցինեոլ, և այլն։

Բիոքիմիական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բույսը հրաշալի ձևով բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։
Գիտնականները կարծում են, այդ տեսանկյունից լոֆանտը չունի իր հավասարը բուսական աշխարհում, ի տարբերություն մարդարմատի (Ժենշեն), այն ավելի երկար է պահպանում իր բուժիչ ազդեցությունն օրգանիզմի վրա։ Տիբեթում և Արևելքի այլ երկրներում կարծում են, որ լոֆանտն իր կենսաբանական ակտիվությամբ չի զիջում ժենշենին։

Լոֆանտի բուժիչ հատկությունները
Լոֆանտից ստացված պատրաստուկներն ամրացնելով օրգանիզմի դիմադրողականությունը` վերականգնում են ուժերը նյարդային խանգարումներից և ինսուլտից հետո, կարգավորում են ճնշումը, նվազեցնում են կախվածությունը եղանակի տատանումներից։

Կիրառվում են աղեստամոքսային համակարգի, արյան, լյարդի, երիկամների, միզապարկի հիվանդությունների, բրոնխիտի, բրոնխների ասթմայի, թոքաբորբի դեպքում։

Բույսն ունի հակաուռուցքային, ջերմիջեցնող հատկություն, լավացնում է մարսողությունը։ Հատկապես արժեքավոր է ենթաստամոքսային գեղձի, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների բուժման համար։

Ժողովրդական դեղատոմսեր
Թուրմ. 1 ճ/գ թարմ (1 թ/գ չոր) ծաղկաբույլերը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ, քամեք։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։ Շարունակեք 30 օր։ Կրկնեք 10 օրից։
Հիպերտոնիա. 50 գ չոր ծաղկաբույլը (200 գ թարմը) 20 օր թրմեք 500 մլ օղու մեջ, մութ տեղում, քամեք։ Խմեք 1-ական թ/գ, օրը 2 անգամ` ուտելուց 30 րոպե և 2 թ/գ` քնելուց առաջ։ Շարունակեք 30 օր։ Կրկնեք 10 օրից։ Կատարեք տարին 2-3 անգամ։
Թեյ. Կես թ/գ չոր ծաղկաբույլը 20 րոպե թրմեք 500 մլ եռջրում, խմեք օրվա ընթացքում (մեղրի հետ)։ Շարունակեք 3 ամիս։

Լոֆանտի պատրաստուկները և հատկապես ոգեթուրմը խորհուրդ է տրվում խմել ինսուլտ և ինֆարկտ տարած հիվանդներին և տարեց մարդկանց։

Զգուշացում։ Կարևոր է խստորեն պահպանել դեղատոմսերում նշված չափաբաժինները։

Քարեր երիկամներում. Խառնեք հավասար քանակությամբ լոֆանտի չոր ծաղկաբույլը և մատիտեղ թռչնի (կամ ձիաձետ դաշտայինի) խոտ։ 1 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 500 մլ եռջրում։ Խմեք 150-ական մլ, օրը 3 անգամ։ Շարունակեք 3 շաբաթ, կրկնեք 1 շաբաթից։

Աթերոսկլերոզ. Խառնեք 20 գ լոֆանտի ծաղկաբույլ, 10-ական գրամ ալոճենու ծաղիկ և պատրինջի խոտ, 3-ական գ ռազիանի պտուղ և առյուծագու խոտ (բոլորը` չորացրած)։ 2 ճ/գ հումքը 2 ժամ թրմեք 500 մլ եռջրում, քամեք քառատակ թանզիֆով, լուծեք 2 թ/գ մեղրով։ Խմեք 60-ական մլ, օրը 4 անգամ, ուտելուց առաջ։ Շարունակեք 30 օր, ընդմիջեք 10 օր, կատարեք տարին 3 անգամ։ Թուրմն օգտակար է նաև անքնության դեպքում։

Հիպերտոնիա, աթերոսկլերոզ, գլխացավ, անոթները մաքրող. Խառնեք երեքնուկ կարմիրի և լոֆանտի ծաղիկները, ալոճենու վառ կարմիր պտուղը (1։1։1)։ 1 ճ/գ հումքը 40 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ, շարունակեք 30 օր, կրկնեք 1 շաբաթից (ընդամենը 3 անգամ)։
Աղմուկ ականջներում, գլխապտույտ. Խառնեք հավասար քանակությամբ լոֆանտի ծաղիկ և տերև, ալոճենու ծաղիկ, հազարատերևուկի և ճագոմ սպիտակի խոտեր և դաղձի տերև։ 1 ճ/գ հումքը 3 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք 30 օր։ Կրկնեք 1 շաբաթից։

Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս