Բաժիններ՝

Միզանյութի մաքսադրույքը

Փաստորեն համընկավ: Նույն օրը՝ հոկտեմբերի 10-ին, մեր իշխանությունները Բելառուսի մայրաքաղաքում ԵՏՄ պայմանագիր են պլանավորում ստորագրել, իսկ մեր ընդդիմադիրները Հայաստանի մայրաքաղաքում միտինգ են պլանավորում անցկացնել:

Ոչ ոք չգիտի` սա պատահակա՞ն համընկնում է, թե՞ ճակատագրի հեգնանք: Ճիշտ այնպես, ինչպես որ ոչ ոք չգիտի, թե այս երկու դեպքերն ինչ սցենարով են զարգանալու և ինչ հետևանքներ են ունենալու: Սակայն, եթե առայժմ պարզ չէ` հանրահավաքն իշխանությունների հրաժարական կպահանջի՞, թե՞ ոչ, ապա հստակ է, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանը ԵՏՄ անդամակցության պայմանագիր է ստորագրելու: Ստորագրվելիք պայմանագրով մենք միանալու ենք ԵՏՄ 29 պայմանագրերի և լրացուցիչ հինգ հավելվածների: Այդ հինգ հավելվածներից մեկը՝ չորրորդը, շատ խոսուն վերնագիր ունի. «Ցուցակ ապրանքների և դրույքաչափերի, որոնք անցումային փուլում կունենան արտոնություններ»:

Պարզից էլ պարզ է, որ ցանկացած երկիր որևէ տնտեսական միության մաս միանգամից չի կարող դառնալ: Անցումային ժամանակաշրջան է պետք: Այս հավելվածից պարզվում է, որ առանձին ապրանքների և դրույքաչափերի համար արտոնությունների ժամկետն ավարտվելու է 2018թ., իսկ մի քանիսի համար` 2021-ին: Ցանկացած երկիր մաքսատուրքեր նշանակելիս առաջնորդվում է` իր տնտեսական շահերից ելնելով: Հայաստանը բավական ազատական տնտեսական օրենսդրություն ունի: Գոնե թղթի վրա: Անցած 23 տարում մեր երկիրն այդ օրենսդրությամբ իր շահը ձևակերպել էր: Այդ օրենսդրությունն ինչ-որ չափով պաշտպանում էր ներքին արտադրողին և ինչ-որ չափով խրախուսում էր ներմուծողին: Բնական ու ընդունելի տրամաբանություն էր:

Օրինակ, եթե որևէ գործարարի մտքով անցնում էր Հայաստան ծիրան կամ ձմերուկ ներմուծել, ապա պարտավոր էր 10 տոկոս մաքսատուրք մուծել: Մաքսային միության անդամ Բելառուսն ու ՌԴ-ն ծիրանի արտադրություն համարյա չունեն: Հետևաբար` մաքսատուրքեր համարյա չեն սահմանել: Չեն սահմանել ու հիմա պահանջում են, որ արտոնյալ կոչվող ժամանակահատվածում մենք էլ նվազեցնենք մեր մաքսատուրքերը:

Փոխարենը` Բելառուսն ու հատկապես Ռուսաստանը տարբեր ապրանքների արտադրություն ունեն: Ունեն և նախկինում կնքած ԵՏՄ 29 պայմանագրերով փորձել են պաշտպանել իրենց ներքին արտադրողների շահերը: Հիմա մենք արտոնյալ ժամկետի ավարտին 2018-21 թթ.-ին պարտավորվում ենք պաշտպանել ռուս-բելառուս ու ղազախ արտադրողների շահերը:

Արդյունքում` 2018-ից կկանգնենք հետևյալ երկընտրանքի առաջ՝ կամ այդ երկրներ էլեկտրատեխնիկական սարքավորումներ կներմուծենք առանց մաքսատուրքերի: Կամ էլ 3-9 տոկոսանոց մաքսատուրք կսահմանենք այլ երկրներում արտադրված նույն սարքավորումներ ներկրելիս: Նույն պատկերն է լինելու, ասենք, դեղորայքի, ատամի մածուկի, լվացքի միջոցների, ներկերի, սպիտակեղենի, բժշկական սարքավորումների ու բազում այլ ապրանքատեսակների պարագային: 2018-ից սկսելու ենք պաշտպանել մեր ընտրած Մաքսային միության արտադրողների շահերը: Կպած պաշտպանելու ենք: Պաշտպանելու ենք` առանց սեփական շահը հաշվի առնելու: Ավելին՝ այս արտոնություն կոչված հավելվածից ակնհայտ է, որ այն գործելու է մինչև 2021թ.: 2020-ից արտոնություն չի լինելու՝ ԵՏՄ-ն միացյալ մաքսադրույքներ է պարտադրելու: Լավատեսներն, իհարկե, կարող են ասել, որ մենք մասնակցելու ենք այդ միացյալ դրույքաչափերի որոշման գործընթացին: Իհա՛րկե մասնակցելու ենք, բայց դժվար թե մեր «մասնակցությունը» որոշիչ լինի:

ԵՏՄ ստորագրվելիք պայմանագրի երրորդ հավելվածում նշված են մաքսատուրքերի բաժանման չափաբաժինները: Նշված է` ըստ անդամ երկրների: Չորս երկրով մաքսատուրքեր ենք հավաքելու ու հետո եղբայրաբար բաժանենք: Նախատեսվում է, որ ՌԴ-ն կստանա ընդհանուր գումարի, 86,97 տոկոսը, Ղազախստանը՝ 7,25, Բելառուսը՝ 4,65, իսկ Հայաստանը՝ 1,13 տոկոսը: Ա՛յ, այդ 1,13-ի չափով էլ ազդեցություն կունենանք ԵՏՄ միացյալ տոկոսադրույքի որոշման գործընթացի վրա: Հիմա մեզ պարզապես մնում է գոհանալ նրանով, որ գոնե որոշ ապրանքների համար առայժմ արտոնություններ կան:

Այդ անցումային շրջանի արտոնությունների հավելվածում թվարկված ապրանքատեսակների 91 էջանոց ցանկ կա: Բայց մեր իշխանություններն այդպես էլ չբացատրեցին, թե ո՞վ և ի՞նչ չափանիշներով է կազմել այդ ցանկը: Այն իսկապես տարօրինակ է: Որովհետև այդպես էլ հասարակությունը չիմացավ, ասենք, թեթև արդյունաբերության ոլորտի գործարարների կարծիքը: Համաձա՞յն են նրանք արդյոք այն պայմանի հետ, որ իրենց պարտադրվում է ԵՏՄ տարածքում արտադրված կտորեղենը:

Հասարակությունն այդպես էլ չիմացավ` գյուղմթերք արտադրող ու վերամշակող գործարարները համաձա՞յն են, որ իրենց ռուսաբելառուսական գյուղ-մեքենաներ են պարտադրվում: Մինչդեռ ստորագրվող պայմանագրի հավելվածներում ամեն ինչ է հայտնվել: Նույնիսկ կենդանական կամ բուսական ծագում ունեցող պարարտանյութերի հարկումը: Ավելին՝ նշված է անգամ միզանյութի ներկրման մաքսային դրույքաչափը: (Միզանյութ ասածը, հավանաբար, ազոտական պարարտանյութն է): Այս առիթով կարելի է հռետորական երկու հարց սահմանել:

Առաջին. տեսնո՞ւմ եք ինչ մանրամասնությամբ է մշակված մեզ պարտադրվող պայմանագիրը: Երկրորդ. դուք վստա՞հ եք, որ որևէ պետական պաշտոնյա կամ քաղաքական գործիչ փորձել է կարդալ այն, փորձել ու իսկապես կարդացել է մինչև վերջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս