Բաժիններ՝

Հակոբ, Յակոբ, Ակոպ, Հակովբ, Ակոփ, Յակոպ. Պե՞տք էր կանոնավորել ուղղագրությունը, թե՞ ոչ

Սոցիալական ցանցում ամենից քիչ պահանջարկ են վայելում հայ գիտնականների, գրողների մասին ակնարկները: Երբ ֆեյսբուքյան ընկերներիցս մեկի պատին տեսա Մանուկ Աբեղյանի (1865-1944) լուսանկարն ու հիշեցումը, որ սեպտեմբերի 25-ին գիտնականի մահվան 70-րդ տարելիցն էր, առաջինն, ինչ գրավեց ուշադրությունս, արձագանքների առատությունն էր: Արձագանքները ստիպեցին զարմանալ. մարդիկ Աբեղյանին են վերագրում հայոց լեզվի ընթացքի կասեցումը, դասական ուղղագրությունից «գրչի մեկ հարվածով» ժամանակակից հայերենին անցում կատարելը: Իբրև թե՝ գիտնականը կատարել է կոմունիստական վարչակարգի հրահանգն ու ոսկեղենիկ գրաբարը դարձրել պրոլետարական լեզու:

Նախ՝ գիտնականի մասին քամահրանքով խոսելու փոխարեն` վատ չէր լինի ուսումնասիրել նրա անցած գիտական ճանապարհը (Էջմիածնի Գևորգյան ճեմարան, Ենայի, Լայպցիգի, Բեռլինի և Փարիզի համալսարաններ), իմանալ հայագիտության բնագավառում նրա բացառիկ դերը: Մանուկ Աբեղյանն այն գիտնականն էր, որն իր ուսերին առավ հայոց լեզվի և գրականության, բառարանագրության, բանագիտության, աղբյուրագիտության, մատենագրության ուսումնասիրման ծանրությունը:

Ի դեպ, այս թեմայով գրելու իրավունք եմ վերապահում ինձ, քանի որ մասնագիտությամբ լեզվաբան եմ: Եվ հետո, տարիներ առաջ բարեբախտություն եմ ունեցել անձամբ այս հարցով արժեքավոր և ուսանելի զրույց ունենալ 20-րդ դարի լավագույն լեզվաբաններից մեկի՝ Գևորգ Ջահուկյանի (1920-2005 թթ.) հետ: Դասականից ժամանակակից ուղղագրությանն անցման փուլի, դրա օրինաչափության և, առհասարակ, լեզվի զարգացման մասին մեր շատ լավագույն գիտնականներն ունեն աշխատություններ: Երբեմն՝ իրարամերժ կարծիքով:

Մի բան, սակայն, ակնհայտ է՝ տեսակետը, թե 1922 թ. ուղղագրական բարեփոխությունը քմահաճ գործողություն էր՝ պայմանավորված Մանուկ Աբեղյանի ցանկությամբ, լուրջ չէ: Հայոց լեզվի բարեփոխումներով պայմանավորված մեծ վտանգ տեսնելը ևս չափազանցություն է: (Վտանգավորը Պետրոս Մակինցյանի՝ բարեբախտաբար, չիրականացած ցանկությունն էր՝ անցնել լատինատառ գրության):
Գրաբարի ուղղագրության նորմավորման պահանջ առաջացել է դեռևս 12-13-րդ դարերում, երբ արդեն պարզ էր, որ խոսակցական լեզուն գրաբարից ակնհայտ տարբերություն ունի:

Կարդացեք նաև

Գրաբարն իր դիրքերն աշխարհաբարին էականորեն սկսել էր զիջել 19-րդ դարի երկրորդ կեսից: Եվ հենց ա՛յդ ժամանակ անհրաժեշտություն առաջացավ հին ուղղագրությունը հարմարեցնել աշխարհաբարի կարիքներին: 19-րդ դարի վերջին գրավոր խոսքում իսկական քաոս էր: Յուրաքանչյուր թերթ, հանդես ուներ իր «ուրույն» ուղղագրությունը. գրում էին՝ ով ինչպես ուզեր: Օրինակ՝ Հակոբ, Ակոպ, Հակովբ, Ակոփ, Յակոբ, Յակոպգ Կամ՝ հյուսիս, հուսիս, հիւսիս, հիյուսիս:

1892 թ. լույս է տեսնում Մ. Աբեղյանի «Հայոց լեզվի ուղղագրությունը» գիրքը, որը փորձում է որոշ առումով նորմավորել գրաբարյան ուղղագրության վրա հիմնված աշխարհաբարյան ուղղագրությունը և հնարավորինս բացառել երկվությունները: Ո՞րն էր, առհասարակ, աբեղյանական բարեփոխումների առանցքը. «Բարեփոխությունը կատարված է այն սկզբունքով, որ ամեն մի հնչյուն միայն մեկ առանձին նշագիր պիտի ունենա, և ամեն մի տառ այդ մեկ հնչյունի նշագիրը պետք է լինի» («Հայոց լեզվի տեսություն, 1965թ., էջ 122):

Ինչ խոսք, 1922-ի ուղղագրական բարեփոխությունն ուներ թերություն. այն կատարվեց՝ առանց լուրջ նախապատրաստության, և մեծ խզում առաջ բերեց դասական և նոր ուղղագրությունների միջև: Անհրաժեշտություն առաջացավ 1926թ.-ին ստեղծել ուղղագրության և տառաձևերի բարեփոխության հանձնաժողով, որի աշխատանքներին, ի դեպ, մասնակցել են Հ.Աճառյանը, Լեոն, Գ.Ղափանցյանը, Շիրվանզադեն և ուրիշներ: Եվ այս հանձնաժողովի հիմնական առաջարկությունները տեղ գտան 1940 թ. մասնակի բարեփոխումներում: Հենց այդ բարեփոխումներն էլ հիմնականում վերացրեցին դասական և նոր ուղղագրությունների միջև եղած խզումը և կայունացրին ուղղագրությունը:

Ներմուծվեցին է և օ տառերը, կայունացվեց օժանդակ բայի ուղղագրությունը (եմ, ես, է, էի, էիր, էր և այլն): Ըստ Գ. Ջահուկյանի՝ 1940-ի բարեփոխումներին էլ քաղաքական պիտակավորում տրվեց՝ իբրև «ֆեոդալական», այսինքն՝ գրաբարյան, ուղղագրությանը վերադառնալու փորձ:

Կարճ ասած՝ արդի ուղղագրական համակարգը պարտական է 1922-ի և, մասամբ, 1940թ. բարեփոխումներին:

Մանուկ Աբեղյանին մեղադրողների մյուս կռվաններից մեկն էլ այն է, թե դասական ուղղագրությունից նոր ուղղագրությանն անցումը սեպ է սփյուռքահայերի և հայաստանցիների միջև, իբրև՝ այսպիսով խարխլվում է ազգային միասնությունը: Նախ՝ այսօր էլ սփյուռքում ամեն համայնք, եթե չասենք՝ ամեն հրատարակություն, ունի ուղղագրական ի՛ր սկզբունքները, տառադարձման ի՛ր կանոնները: Եվ հետո, սփյուռքահայերի ուծացման (ձուլման) խնդրում առաջնայինը հասարակական խնդիրներն են և ո՛չ լեզվական:

Իսկ Մանուկ Աբեղյանին մեղադրել, թե նրա «պատճառով» դասական հայերենն իր տեղը զիջեց ժամանակակից հայերենին, նույնն է թե` նույն մեղադրանքներն առաջադրեն Խաչատուր Աբովյանին, իբրև թե ՝ ինչո՞ւ «Վերք Հայաստանի» վեպը և մյուս գործերը գրեց աշխարհաբարով: Կամ ՝ ինչո՞ւ Միքայել Նալբանդյանն իր «Ազատությունը» չգրեց գրաբարով:

Իրենց գործի մասնագետները սոցցանցում ռուսերենի ու անգլերենի փայլուն իմացություն են դրսևորում, քաղաքագիտական ու տնտեսագիտական լուրջ վերլուծություններ անում, սրամտում, սակայն այդ ամենը՝ ցավալի տառասխալներով, խեղճ հայերենով: Եթե ունենք այս վիճակը դասականից անհամեմատ պարզեցված՝ նոր ուղղագրությամբ, ապա կարելի է պատկերացնել, թե դասական ուղղագրության պարագային ինչ գրագիտություն կունենային իշխանք և ամենայն դատաւորք երկրի, երիտասարդք և կուսանք, ծերք և տղայք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս