Զառա Մխեյան. Տանել չեմ կարող, երբ ինչ-որ բան արվում է սիրողական մակարդակով

«ՏԱՆԵԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ, ԵՐԲ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԱՐՎՈՒՄ Է ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ»
Երբ պարզապես ընթերցում ես «Forpostart prodaction» ընկերության հիմնադիր և պրոդյուսեր Զառա Մխեյանի իրականացրած նախագծերի ցանկն ու մտովի պատկերացնում այդ ամենի իրականացման բարդությունները, զարմանալի է դառնում, թե ինչպե՞ս մինչ օրս այդ կինը չի «խենթացել»: Նման նախագծեր կարելի է իրականացնել միայն այն դեպքում, եթե չափազանց շատ ես սիրում քո արած աշխատանքը: Այնքան շատ, որ ճանապահին մոռանում ես անձնական երջանկության մասին: Սակայն բնությունը չէր լինի այդքան հզոր, եթե անգամ ամենանպատակասլաց կնոջը մի օր չհիշեցներ իր հետաձգված երազանքի մասին:

– Զառա, ի՞նչը հանդիսացավ դրդապատճառ, որ սկսեցիք զբաղվել շոու-բիզնեսով այն տարիներին, երբ մարդիկ մի կերպ վառելիքի փայտի և հացի խնդիր էին լուծում: Այդ տարիներին Դուք ռուսական էստրադայի արտիստներին էիք հրավիրում Հայաստան և մարզադաշտեր «լցնում»:

– Դրդապատճառն իմ մասնագիտությունն էր: Ես նկարիչ մոդելավորող եմ: Այդ ժամանակ ես աշխատում էի Մոսկվայում՝ Անատոլի Իվանովի նորաձևության տանը: Հետո սկսեցի հավաքածուներ ստեղծել և ցուցադրումներ կազմակերպել:

fashion-ի ֆորմատից դուրս սկսեցի ցուցադրություններ կազմակերպել Մարզահամերգային համալիրում: Հաշվի առնելով դահլիճի մեծությունը, հասկացա, որ կարելի է միավորել նորաձևության ցուցադրությունն ու երաժշտությունը: Եվ սկսեցի այդ ցուցադրություններին հրավիրել հայտնի արտիստների: Բացի դրանից, ստեղծվեց «Союз сервис армянских модельеров» միությունը, որտեղ շատ մոդելավորողներ ընդգրկվեցին: Ես ստեղծել էի մեծ արտադրամաս, որտեղ մոդելավորողներին հնարավորություն էի տալիս իրականություն դարձնել իրենց մտահղացումները: Եվ մեր միությունը ֆինանսավորում էր այդ ամենը: Մենք ստեղծեցինք նաև «Армянский силует» նախագիծը, որի ժյուրիի պատվավոր նախագահն էր Վյաչեսլավ Զայցևը: Հաղթող մոդելավորողին մենք ֆինանսավորում էինք, որպեսզի ավելի կատարելագործվի՝ Վյաչեսլավ Զայցևի նորաձևության տանը: Եվ այդ բոլոր ցուցադրություններին մենք հրավիրում էինք երգիչների:

Կարդացեք նաև

– Սիրո՞ւմ եք լինել ֆորմատից դուրս:

– Իմ բոլոր նախաձեռնություններում գործել եմ ֆորմատից դուրս: Սովորաբար Համալիրում նորաձևության ցուցադրություններ չեն կազմակերպում: Սակայն ինձ միշտ «չի հերիքում»: Ես չեմ կարողանում փոքր նախագծեր անել: Թե՛ նախագիծս, թե՛ ընտրված վայրը, պետք է ամեն ինչ մեծամասշտաբ լինի: Եվ ես հասկացա, որ մտահղացումներս այս քաղաքում պարզապես չեն տեղավորվում: Միշտ մտածել եմ մասշտաբային: Առհասարակ պետք է նպատակիդ նշաձողը բարձր դնես: Եթե ուզում ես հասնել կոնկրետ նպատակակետի, պետք է այդ նպատակից էլ ավելի բարձրին ձգտել:

– Դուք նախաձեռնել եք ծրագրեր, որոնք մեծ ներդրումներ էին պահանջում: Ինչպե՞ս եք այդ ամենն իրականություն դարձրել: Այն տարիներին կա՞ր արդյոք հովանավոր հասկացողություն:

– Այդ տարիներին առհասարակ չկար մեկը, ում կարելի էր բացատրել, թե ի՞նչ ասել է հովանավոր: Նման գաղափար անգամ գոյություն չուներ: Չկար ո՛չ գովազդ, ո՛չ մարքետինգգ Բայց 2000-ականների սկզբին արդեն ունեինք որոշ հովանավորներ: Մինչ այդ, ինչպես նշեցի՝ աշխատում էի Մոսկվայում և բոլոր նախագծերիս ներդրումներն ինքս եմ կատարել:

– Ձեզ համար կարևո՞ր է, որ նախագիծը լինի կոմերցիոն, թե՞ այն պետք է նաև արվեստի գործ լինի:

– Գիտեմ, որ շատերն իմ փոխարեն գլուխ կգովան, թե իրենց համար առաջնահերթ է արվեստը, վերին գաղափարները, որ թքած ունեն գումարի վրագ Բայց ես պրոդյուսեր եմ, ինձ համար նախագծի մեջ կարևոր է առաջին հերթին կոմերցիոն նշանակությունը: Ես հաճույք եմ ստանում ստեղծած նախագծից միայն այն դեպքում, երբ նախագիծը «կառուցվում» է պրոֆեսիոնալ մակարդակի վրա: Երբ այն ունի մշակութային արժեք և, միևնույն ժամանակ, կոմերցիոն առումով՝ շահավետ է: Հավատացեք, դա հնարավոր է իրականացնել:

– Ի վերջո, ի՞նչ է Ձեզ համար շոու-բիզնեսը:

– Ես հաճախ ինձ հարցնում էի՝ ի՞նչ ասել է` շոու-բիզնես: Այն գիտությո՞ւն է, թե՞ արվեստ: Արվե՞ստ: Միանշանակ: Չէ՞ որ վերջնական նպատակը կայանում է գեղարվեստական գործերը (համերգային համար, տեսահոլովակ, ֆիլմ, ձայներիզ) հոգևոր արժեքների վերածելու մեջ, և հետագայում այդ ամենն առաջ տանելու՝ մշակութային ծառայությունների շուկա: Գիտությո՞ւն: Անկասկած: Չէ՞ որ դա վերը նշված արժեքների ընթացքի ղեկավարումն է և ստեղծված ապրանքի իրացման խնդիրների հաջող լուծումը: Ըստ իս՝ արվեստն ու գիտությունը միաձուլված են պրոդյուսերի գործունեության մեջ: Եվ այդ իմաստով պրոդյուսերի աշխատանքը հիրավի կարելի է համարել արվեստ: Այդ իսկ պատճառով սկսնակ պրոդյուսերն ուղղակի պարտավոր է իմանալ այդ երկու ոլորտների անբաժանելիության մասին:

– Ձեզ, որպես պրոդյուսերի` ի՞նչն է առավել քան խանգարում նախագծերի իրականացման հարցում:

– Այն, որ գրեթե յուրաքանչյուր բնագավառում առնչվում ես իրենց գործից անտեղյակ մարդկանց հետ: Մեր երկրի գլխավոր խնդիրներից է մասնագետների բացակայությունը: Յուրաքանչյուր հարցին ստանում ես «հարց չկա» պատասխանը, սակայն մեկ օր հետո պարզվում է, որ խնդիրներն անպակաս են լինելու: Եվ միայն մի պատճառով՝ տվյալ «մասնագետն» ուղղակի անտեղյակ է տվյալ ոլորտից: Տանել չեմ կարող, երբ ինչ-որ բան արվում է սիրողական մակարդակով:

– Երբեք չե՞ք ցանկացել հայ արտիստներին ներկայացնել արտերկրում:

– Միշտ եմ ցանկացել նաև հայ աստղերին ներկայացնել արտերկրում: Այս պարագայում իմ ցանկությունն է եղել, որ ներկայացնեմ ոչ թե կոմերցիոն նախագիծ, այլ արվեստ: Առաջնահերթ` իբրև արվեստ, սակայն հետագայում այն պետք է դառնար կոմերցիոն նախագիծ: Եվ իբրև առաջին համերգ` այն շահավետ էր ամեն առումով և առաջին հերթին՝ իբրև PR: Երեք տարի առաջ մենք մեծ նախագիծ սկսեցինք երջանկահիշատակ Ֆլորա Մարտիրոսյանի համար և համերգ կազմակերպեցինք Մոսկվայում:

Դահլիճում ոչ միայն հայեր էին, այլև տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ովքեր, բնականաբար, չէին հասկանում հայերեն լեզուն, սակայն հուզվել էին մինչև հոգու խորքը: Իսկ մարդու հոգուն կարելի է դիպչել միայն, երբ մաքուր արվեստ ես ներկայացնում: Հոգին ընկալում է կարևորը, երբ ներկայացվում է կատարյալ արվեստ, քանի որ այն համամարդկային է: Հենց այդպիսին էր Ֆլորա Մարտիրոսյանի համերգը Մոսկվայում: Մարդիկ լալիս էին դահլիճում: Մենք մեծ շրջագայության էինք պատրաստվում ամբողջ Ռուսաստանով և արդեն բանակցություններ էինք վարել և մասնակցության համաձայնություն ստացել ռուս աստղերից շատերի կողմիցգ Սակայն, տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ…

– Ձեր խոսքի մեջ նշեցիք, որ Ձեզ համար յուրաքանչյուր նախագծում առաջնային է կոմերցիոն նշանակությունը: Փաստորեն, արտիստը, ում հետ համագործակցում եք, գուցե կոպիտ հնչի, բայց Ձեզ համար, առաջին հերթին` «ապրա՞նք» է, որը պետք է լավ փաթեթավորել և վաճառել:

– Եկեք անկեղծ լինենք և խոստովանենք, որ հազվադեպ է պատահում, երբ լայն հանրության համար նախատեսված որևէ նախագիծ՝ լինի համերգ, հաղորդում թե ֆիլմ, իր մեջ արվեստի տարրեր պարունակի: Անկեղծ ասեմ, որ մեծամասնությունն, իհարկե, «ապրանք» է: Մարդիկ շատ անգամ պարզապես կարիք ունեն լիցքաթափվելու և դրական էներգիայով համերգից տուն վերադառնալու: Ցավոք, ոչ բոլորն են ձգտում արվեստի գործ լսելու, տեսնելու, կարդալուգ Ամենակարևորն է` ստեղծել լավ «ապրանք»: Արտիստական մենեջմենթի ուղղություններից է նոր «աստղի» ստեղծումը: Այդ պրոցեսը բավականին դժվար է և ժամանակատար: Պրոդյուսերի խնդիրն է` գտնել տաղանդավոր կատարողի, գնահատել նրա ստեղծագործական հնարավորությունները, ի հայտ բերել նրա ստեղծագործելու պոտենցիալը և տեսնել, թե որքանո՞վ է այդ ամենը բավարար նոր «աստղի» ստեղծման համար:

– Կա՞ն աստղեր, որոնց հետ երբեք չեք համագործակցի:

– Աբրահամ Ռուսոն: Մենք շատ լուրջ խնդիրներ ենք ունեցել նրա հետ:

– Ֆինանսակա՞ն, թե՞ նաև մարդկային հարաբերություններում:

– Առաջին հերթին՝ մարդկային առումով: Ես այդ տարիներին երգչուհի Սոնայի պրոդյուսերն էի: Իմ շատ լավ ընկեր Իոսիֆ Պրիգոժինը, ով այդ տարիներին Աբրահամ Ռուսոյի պրոդյուսերն էր, թողեց Ռուսոյին՝ նրա կատարած բազում սխալ քայլերի պատճառով: Բայց քանի որ նա մեր հայրենակիցն էր, ես սկսեցի օգնել նրան: Մոտ երկու տարի զբաղվել եմ Ռուսոյի տարբեր համերգների կազմակերպմամբ: Ինձ համար շատ կարևոր է ինձ հետ համագործակցող արտիստի մարդկային ֆակտորը: Սակայն նա իրեն սխալ պահեց թե՛ մարդկային տեսանկյունից, և թե՛ ֆինանսական առումով: Դա, իհարկե, հին պատմություն է, սակայն այդ տարիներին մեզ երկու ֆալշ երգ վաճառեց՝ երգչուհի Սոնայի համար:

Եվ երբ մեր ալբոմը լույս տեսավ, մենք չկարողացանք այդ երգերն ընդգրկել ալբոմում, քանի որ պարզվեց, որ հայտնի չէր, թե ով է հեղինակըգ Երգեր, որոնք սիրվեցին հանդիսատեսի կողմից, այդպես էլ մնացին ալբոմից դուրսգ Դրա համար Ռուսոն այսօր խնդիրներ ունի ոչ միայն իմ, այլև բոլորի հետ:

– Զուտ մարդկային բարձր որակների համար պատրա՞ստ եք կրկին համագործակցել այն երգչի հետ, ով իրենից այդքան էլ «եկամտաբեր» նախագիծ չի ներկայացնում:

– Հիմա ես ձգտում եմ համագործակցել այն արտիստների հետ, ովքեր պրոֆեսիոնալ են իրենց գործում և շատ կազմակերպված: Մարդկային առումով պատասխանատու են և պարկեշտ: Իմ աշխատանքն առնչվում է մարդկանց մեծ խմբի հետ, և եթե այդ մեծ խմբից մեկն իրեն սխալ է պահում՝ անպարտաճանաչ է, չունի տարրական հարգանք դիմացինի, ժամանակի և կատարած աշխատանքի հանդեպ, զուրկ է պատասխանատվության զգացումից, նա կարող է կաթվածահար անել ամբողջ աշխատանքային պրոցեսը: Հենց այդ ամենից խուսափելու համար՝ ես թե՛ իմ հետ աշխատողների, թե՛ գործընկերների և, առավել ևս, ներկայացվելիք արտիստի ընտրության հարցում՝ փորձում եմ լինել հնարավորինս ուշադիր և ձգտում եմ ընդգրկել միայն գործի գիտակներին: Այլապես շատ բարդ է:

– Կարծում եմ` երգիչների մեջ բացառություն են կազմում աստղայինով չտառապողները, որքան էլ նրանք փորձեն հերքել այդ հանգամանքը: Նրանցից շատերի գերարժեքության բարդույթը երևի թե զգացել եք՝ կարդալով նրանց ռայդերը, «պահանջները համերգի կազմակերպչից»: Կթվարկե՞ք այդ պահանջներից ամենատարօրինակները:

– Շատ զարմանում եմ, երբ արտիստն իրենից առանձնապես բան չի ներկայացնում, և մեկ էլ հանկարծ կարդում ես ռայդերը և շշմում, քանի որ մարդը «չարտեր» է պահանջում` անհատական ինքնաթիռ: Չես հասկանում, թե ինչո՞ւ է տվյալ մարդուն անհրաժեշտ «չարտեր»: Նա ո՛չ Ջեքսոնն է, ո՛չ Մադոննան: Կամ գալիս են Հայաստան՝ սուշի ուտելու: … Կա մի արտիստ, որի հետ համագործակցում եմ շատ վաղուց: Արդեն մի քանի համերգ եմ կազմակերպել նրա համար: Օրինակ, նրա ռայդերում կա գինի, որն արժե մի քանի հազար դոլար: Ես, իհարկե, նրա պահանջը չեմ կատարել, քանի որ բացատրել եմ, որ դա իրականում աբսուրդ է: Ավելի լավ է այդ գումարը ծախսվի առավել որակյալ տեխնիկայի ապահովման համար, ինչը խնդիր է Հայաստանում, քան ինչ-որ գինու: Եթե շատ ես ուզում՝ բեր քեզ հետ:

– Նոյեմբերին Երևանում տեղի կունենա Մաքսիմ Գալկինի համերգը, որի կազմակերպիչը Դուք եք: Կա՞ արդյոք նրա ռայդերում տարօրինակ և չափից դուրս մեծ պահանջ: Եվ առհասարակ, նա կամակո՞ր արտիստ է, թե՞ ոչ:

– Գալկինն այն կարգի արտիստ է, որի ռայդերը գրված է այնպիսի պրոֆեսիոնալ տարբերակով, որտեղ որևէ խախտում հնարավոր չէ գտնել: Ես համարում եմ, որ դա նաև նրա հարուստ ներաշխարհի և ճիշտ դաստիարակության արդյունքն է: Մարդ, ով գիտի իր արժեքը, երբեք «պոնտերի» հաշվին չի փորձում երևալ ավելին, քան կա: Իսկ Գալկինը գիտի իր արժեքը: Նա շատ համեստ մարդ է՝ հաշվի առնելով իր համբավն ու տաղանդը: Միայն պրոֆեսիոնալ արտիստն է ունակ հարգելու կազմակերպչին և իր հետ համագործակցող թիմին: Շատ հեշտ է նրա հետ համագործակցելը:

– Բացի գործնական հարաբերություններից, կա՞ն աստղեր, որոնց հետ արդեն հասցրել եք մտերմանալ և ստեղծել ավելի մտերիմիկ հարաբերություններ:

– Հիմնականում մտերմիկ հարաբերությունների մեջ եմ այդ արտիստների պրոդյուսերների և պրոմոուտորների հետ: Իսկ արտիստների հետ աշխատում եմ միշտ «տարածություն» պահպանել, քանի որ երկարատև աշխատանքային փորձս ցույց է տալիս, որ ճիշտ է տարածություն պահպանելը: Որովհետև համերգի ժամանակ թե՛ արտիստը, և թե՛ պրոդյուսերը կատարում են աշխատանք, որի արդյունքում ստացվում է համերգ: Եթե այդ աշխատանքը պրոֆեսիոնալ է կատարվում, համերգը կայանում է, եթե ոչ՝ ստացվում է այն, ինչ ստացվում է, երբ ճիշտ վայրում սխալ մարդիկ են աշխատում:

– Կարո՞ղ եք ասել, թե որ արտիստն է իր սխալ պահվածքով նման եզրահանգման պատճառ հանդիսացել: Դե, բացի Աբրահամ Ռուսոյից, իհարկե:

– Անաստասիա Վոլոչկովայի հետ շատ մտերմիկ հարաբերությունների մեջ էինք, սակայն շուտով մեր կազմակերպության և Վոլոչկովայի միջև կսկսվի դատական գործընթաց: Որովհետև շատ գեղեցիկ հարաբերություններն ավարտվեցին, երբ գործը հասավ ֆինանսական խնդիրներին: Պարզվեց, երբ պրոմոուտորը կազմակերպում է համերգներ, հովանավորներ է գտնում, ամեն ինչ լավ է ընթանում, նա արտիստի համար դառնում է ամենալավ մարդն աշխարհում: Բայց երբ ընդամենը մեկ խնդիր է առաջանում, նա անմիջապես վերածվում է բացասական կերպարի:

– Եվ ինչո՞ւ Դուք վիճեցիք Վոլոչկովայի հետ:

– Մեր կազմակերպությունն ու Վոլոչկովան ընդհանուր, հավասար ներդրում էինք արել Վոլոչկովայի համերգի կազմակերպման համար: Եվ երբ անցյալ տարի ես հանեցի նրա երկու համերգները Հայաստանում և Գերմանիայում, քանի որ ընթացքը ցույց տվեց, որ կոմերցիոն առումով դա հետաքրքիր չէր, այլ կերպ ասած՝ տոմսերը չէին վաճառվում, նա կտրուկ փոխեց իր դիրքորոշումն իմ հանդեպ: Երբ ընդհանուր արված ծախսերի վերահաշվարկ կատարեցինք՝ պարզվեց, որ Վոլոչկովան մեզ պարտք է: Դա մեծ գումար չէր, սակայն դա էական չէր: Առհասարակ, երբ մարդիկ համատեղ գործի մեջ գումար են ներդնում՝ 50/50, եթե նրանք «մինուս»-ի են գնում, ապա դա ևս 50/50 պետք է լինի: Սակայն նա չի ցանկանում այդ գումարը ետ վերադարձնել: Եվ մենք նրա դեմ դատական հայց ենք ներկայացրել:

– Մեր հեռուստատեսային «հումորիստներին» ի՞նչ կտա Գալկինի համերգը: Մեր հումորի «հսկաների» աշխատանքներն ինչպե՞ս եք գնահատում:

– Ահավոր: Նայում եմ հեռուստատեսությամբ ներկայացվող հումորին և հասկանում, թե ինչու է մեր ազգը դեգրադացիա ապրում: Միայն զրոյական մակարդակում գտնվողին կարող է ծիծաղեցնել այդ վուլգար այլանդակությունը, որը հումոր է կոչվում այսօր Հայաստանում: Հումորը լուրջ ինտելեկտի արգասիք է: Իսկ մեր եթերով հեռարձակվող հումորի մեջ ինտելեկտ փնտրելն առնվազն հիմարություն է: Ես շատ կուզենայի, որ այդ անձինք, ովքեր իբրև հումորային հաղորդումներ են նկարում, ներկա գտնվեին Մ. Գալկինի համերգին: Եվ առհասարակ մի քիչ շատ դիտեն և լսեն ռուսական հումորի վարպետներին: Նրանք հսկայական դպրոց ունեն այդ առումով:

– Զառա, Դուք մեծ նախագծեր եք իրականացնում արդեն բազում տարիներ: Որքան էլ սիրեք Ձեր աշխատանքը, սակայն կարո՞ղ է արդյոք կնոջ կյանքի նպատակը լինել համերգների կազմակերպումը: Այս խելագար ռիթմի մեջ չե՞ք կարծում, որ ինչ-որ շատ կարևոր բացթողում ունեք:

Zara Mxeyan02 Zara Mxeyan

 

 

– Իհարկե, կա բացթողում: Ես երազում եմ մայր դառնալ: Սակայն այդ երազանքը մինչ օրս չէր կարող իրականություն դառնալ` ինչ-ինչ հանգամանքներից ելնելով: Նախ` իմ մշտազբաղ լինելն է խանգարել այդ երազանքի իրականացմանը, հետո անձնական խնդիրներ էին առաջանում: Ես միշտ կարծել եմ և համոզված եմ, որ երեխան պետք է ծնվի սիրով լի ընտանիքում: Ամուսինս տղա ունի նախկին ամուսնությունից, և ես տեսնում եմ, թե ինչ հրաշալի հայր է նա: Հենց այդպիսի հայր եմ ուզում ես իմ ապագա երեխայի համար: Աստված առաջ: Կարծում եմ՝ այժմ ճիշտ ժամանակն է մայրանալու համար: Երբեք չեմ ընդունել այն միտքը, որ կարելի է երեխա ունենալ և վստահել նրան դայակին: Երբեք երեխայիս օտար մեկին չեմ վստահի: Երբ կինը որոշում է մայրանալ, նա պետք է լիարժեք մայր լինի այդ երեխայի համար: Իհարկե, կարող են կողքից օգնողներ լինել, բայց՝ ոչ ավելին: Ինչևէ, հուսամ` ամեն ինչ լավ կլինի:

Տեսանյութեր

Լրահոս