Պրոդյուսեր Զառա Մխեյանը զարմանում է. Կան արտիստներ, որոնք անհատական ինքնաթիռ են պահանջում

168.am-ը զրուցել է «Forpostart prodaction» ընկերության հիմնադիր և պրոդյուսեր Զառա Մխեյանի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.

– Կարծում եմ` երգիչների մեջ բացառություն են կազմում աստղայինով չտառապողները, որքան էլ նրանք փորձեն հերքել այդ հանգամանքը: Նրանցից շատերի գերարժեքության բարդույթը երևի թե զգացել եք՝ կարդալով նրանց ռայդերը «պահանջները՝ համերգի կազմակերպչից»: Կթվարկե՞ք այդ պահանջներից ամենատարօրինակները:

– Շատ զարմանում եմ, երբ արտիստն իրենից առանձնապես բան չի ներկայացնում, և մեկ էլ հանկարծ կարդում ես ռայդերը և շշմում, քանի որ մարդը «չարտեր» է պահանջում` անհատական ինքնաթիռ: Չես հասկանում, թե ինչո՞ւ է տվյալ մարդուն անհրաժեշտ «չարտեր»: Նա ո՛չ Ջեքսոնն է, ո՛չ Մադոննան: Կամ գալիս են Հայաստան՝ սուշի ուտելու: …Կա մի արտիստ, որի հետ համագործակցում եմ շատ վաղուց: Արդեն մի քանի համերգ եմ կազմակերպել նրա համար:

Օրինակ, նրա ռայդերում կա գինի, որն արժե մի քանի հազար դոլար: Ես, իհարկե, նրա պանանջը չեմ կատարել, քանի որ բացատրել եմ, որ դա իրականում աբսուրդ է: Ավելի լավ է այդ գումարը ծախսվի առավել որակյալ տեխնիկայի ապահովման համար, ինչը խնդիր է Հայաստանում, քան ինչ-որ գինու: Եթե շատ ես ուզում՝ բեր քեզ հետ:

Կարդացեք նաև

– Նոյեմբերին Երևանում տեղի կունենա Մաքսիմ Գալկինի համերգը, որի կազմակերպիչը Դուք եք: Կա՞ արդյոք նրա ռայդերում տարօրինակ և չափից դուրս մեծ պահանջ: Եվ առհասարակ, նա կամակո՞ր արտիստ է, թե՞ ոչ:

– Գալկինն այն կարգի արտիստ է, որի ռայդերը գրված է այնպիսի պրոֆեսիոնալ տարբերակով, որտեղ որևէ խախտում հնարավոր չէ գտնել: Ես համարում եմ, որ դա նաև նրա հարուստ ներաշխարհի և ճիշտ դաստիարակության արդյունքն է: Մարդ, ով գիտի իր արժեքը, երբեք «պոնտերի» հաշվին չի փորձում երևալ ավելին, քան կա: Իսկ Գալկինը գիտի իր արժեքը: Նա շատ համեստ մարդ է՝ հաշվի առնելով իր համբավն ու տաղանդը: Միայն պրոֆեսիոնալ արտիստն է ունակ հարգելու կազմակերպչին և իր հետ համագործակցող թիմին: Շատ հեշտ է նրա հետ համագործակցելը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս