Պարզվում է՝ Լիսկային նշանակել են ԱՄՆ-ի հրահանգով, որ Հայաստանում քաոս հրահրվի

Միացյալ Նահանգները ամեն վայրկյան կարող է քաոս հրահրել Ռուսաստանին հարակից երկրներում, այդ թվում Հայաստանում, համոզված է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Այսօրվա ասուլիսում նրա աշխարհաքաղաքական վերլուծությունը կրկին հիմնված էր դավադրությունների տեսության վրա: Կարճ ասած` եթե աշխարհի որևէ կետում ժողովուրդն ընդվզում է, խոսում է ազատության և բռնատիրությունից ազատվելու մասին, ուրեմն հաստատ Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի «մատը խառն է»:

«Ռուս-ամերիկյան բախումների զոհ դարձավ Ուկրաինան, և այսօր նույնատիպ սպառնալիքներ կան Հայաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և այլ երկրների համար: Ամեն վայրկյան այնտեղ կարող է քաոս հրահրվել: Հրահրողը Միացյալ Նահանգներն են և նրա դաշնակիցները»,- հայտարարեց Մանուչարյանը:
Ըստ նրա` ԱՄՆ-ը օբյեկտիվորեն հարկադրված է պահպանելու է այսօրվա «կործանվող աշխարհակարգը», այդ պատճառով է հրահրում է քաոս աշխարհի տարբեր տարածաշրջաններում:

Եվ ահա այս սարսափելի իրավիճակում որպես ըմբոստ հանդես է գալիս Ռուսաստանը, ով դուրս եկել գործող աշխարհակարգի դեմ: Կկարողանա՞ Ռուսաստանը «ազատել» աշխարհի ժողովուրդներին «ամերիկյան ստրկությունից»` առայժմ պարզ չէ, բայց ակհնայտ է, որ ամերիկյան դավադիր ուժերը Ռուսաստանին խեղճացնելու համար փորձում են քաոս հրահրել Ռուսաստանին շրջապատող երկրներում, այդ թվում` Հայաստանում:

Կարդացեք նաև

Մանուչարյանի համոզմամբ` հենց այդ պատճառով են Հայաստանի իշխանությունները վարում հակասոցիալական քաղաքականություն, բարձր պաշտոնների են նշանակում հանցագործների, մասնավորապես` Սյունիքի մարզպետ, տխրահռչակ Սուրիկ Խաչատրյանին, որպեսզի իրականացնի «քաոսի» արևմտյան քաղաքականությունը:

«Պետական ուժերը զարմանալիորեն խրախուսում են քաոսային իրավիճակ, այսինքն` կատարում են քայլեր, որոնք տանում են քաոսի հնարավորության ուժեղացմանը: Սա անհասկանալի է, որովհետև քաոսի դեպքում առաջին հարվածը ստանալու են պետական ղեկավարները, առաջին թիրախն օլիգարխիան է լինելու:

Եթե դուք որևէ քայլ եք կատարում, որն ուժեղացնում է քաոսի հնարավորությունը, դա խրախուսում է ԱՄՆ-ին` ավելի լուրջ մտածելու այդ ուղղությամբ, մյուս կողմից` խրախուսում է Ռուսաստանին մտածել, որ այստեղ` պետական համակարգում կան մարդիկ, ովքեր գործակալներ են, հետևաբար պետք է ավելի կարծրացնել գործողությունները, որ ուղիղ կառավարման համակարգ մտցվի Հայաստանում` Հայաստանին թույլ չտալով գործել արևմտյան տրամաբանության մեջ, այսինքն` հարվածել Ռուսաստանին:

Այսպիսով, շատ վտանգավոր միտում է դիտվում, մինչդեռ իրավիճակը ճիշտ հակառակն է թելադրում, որ Հայաստանի ղեկավարությունը առաջին հերթին մոբիլիզացնի ժողովրդին, կատարի մի շարք քայլեր` երկրում արդարացիություն հաստատելու ուղղությամբ, փորձի մեղմել ներքին հասարակական-քաղաքական առճակատումները, սոցիալական վիճակը և այլն: Սա ի՞նչ բան է` Լիսկային նշանակել մարզպետ: Դու ապտակում ես ժողովրդին, հասարակությանը:

Վերցնենք, թե Լիսկան հուրի-փերի է, բայց ժողովուրդը նրան համարում է մարդասպան, գող, ավազակ և այլն, և այլն: Ի՞նչն էր անհրաժեշտությունը հենց այս պահին նշանակելու: Այստեղ մի շարժառիթ է երևում` դու խրախուսում ես քաոսը, ապտակում ես, շանթահարում ես հասարակությանը, որպեսզի նա ավելի վրդովված լինի, կամ արդեն լրիվ ես կորցրել բանականությունդ և անում ես քայլեր, որոնք հարվածում են քեզ: Սրա պատասխանը պետք է տա նա, ով կատարել է այդ քայլը: Ես նկատի չունեմ Հովիկ Աբրահամյանին, ես նկատի ունեմ Սերժ Սարգսյանին»,- նշեց Աշոտ Մանուչարյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս