Ամերիկացի գեներալ Ջոն Ալենը մեկնելու է Թուրքիա

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիա են ժամանելու «Իսլամական պետություն» խմբավորման դեմ միջազգային կոալիցիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ, պաշտոնաթող գեներալ Ջոն Ալենը և նրա օգնական, ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Բրեթ ՄաքԳուրկը:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսակին: Նա լրագրողներին հայտնել է, որ Ալենն ու ՄաքԳուրկը «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակներում այցելելու են տարածաշրաջանի բազմաթիվ երկրներ, այդ թվում նաև Թուրքիա՝ համակարգելու համար արմատական խմբավորման դեմ պայքարը:

Փսակին ընդգծել է, որ Թուրքիայի դիրքորոշումը կտրուկ փոխվել է Մոսուլի հյուպատոսության անձնակազմի փրկվելուց հետո, և որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այս շաբաթվա սկզբին հայտարարել է, որ իրենք ցանկանում են ավելի մեծ ներդրում ունենալ «Իսլամական պետության» դեմ պայքարում, ինչի համար էլ համապատասխան օրինագծեր են ներկայացրել Թուրքիայի խորհրդարան:

ԱՄՆ-ն «Իսլամական պետության» դեմ պայքարում մեծապես կարևորում է Թուրքիայի դերը, քանի որ այդ երկիրը Սիրիայի ու Իրաքի հետ ունի մոտ 1200 կիլոմետրանոց ցամաքային սահման, իսկ «Իսլամական պետությունը» մեծ տարածքներ է գրավել արաբական այդ երկրներում:

Տեսանյութեր

Լրահոս