«Չուչել» անվանելու պատճառով՝ ամուսինը 4 անգամ տաք շամփուրով հարվածել է կնոջը

Առաջին ատյանի դատարանի վճռով՝ ամուսինը մեղավոր է ճանաչվել կնոջը ծեծելու մեջ: Նախաքննության ընթացքում ամուսնուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կնոջ կողմից իրեն «չուչել»անվանելու և այլ վիրավորանքներ հասցնելու պատճառով, կենցաղային հողի վրա ծագած վիճաբանության ընթացքում, ձեռքով երկու անգամ դիտավորությամբ հարվածել է վերջինիս դեմքի և գլխի շրջանում, այնուհետև տաք շամփուրով չորս անգամ ձախ ձեռքի շրջանում և նրա առողջությանը պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնաս:

Առաջին ատյանի դատարանն իր վճռում նշել է, որ նախաքննության ընթացքում ամուսինն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի օրը ինքն իրենց տան խոհանոցում որդու հեծանիվի լապտերը ամրացնելիս է եղել հեծանիվին` այն բարակ, մետաղական, տաքացված լարով հալեցնելու միջոցով: Այդ ժամանակ, կինն իրեն հայտնել է, որ հորեղբայրը` իրենց հրավիրել է մասնակցելու դստեր հարսանյաց հանդեսին: Ինքը կնոջն ասել է, որ չի ցանկանում մասնակցել հարսանիքին, քանի որ հորեղբոր հետ չի ցանկանում շփվել և բացի այդ իրենք գումար չունեն նվեր գնելու համար:

Կինն իրեն խնդրել է թույլատրել հարսանիք գնալ մոր և եղբոր հետ, սակայն ինքը նորից մերժել է: Այդ ժամանակ կինը սկսել է վիրավորական արտահայտություններ անել քրոջ և ծնողների հասցեին, վերջիններիս անվանել անբարոյական, իսկ իրեն «չուչել»: Զայրանալով դրանից` ինքը կնոջը սաստել է, սակայն վերջինս շարունակել է վիրավորանքները, ասել, որ տղամարդ չէ, իսկ դեռ չծնված երեխան այլ տղամարդուց է: Այդ ժամանակ ինքը մետաղական բարակ, տաք լարը ձեռքին բռնած` գնացել է դեպի կինը, վերջինիս ասել, որ ձայնը կտրի, չվիրավորի իրեն և ծնողներին: Կինն առաջ է եկել և նույն պահին իր ձեռքի լարը դիպել է վերջինիս ձեռքին: Ինքն այնուհետև հրել է կնոջ ձեռքով և շամփուրով չի հարվածել, նրան ծեծի չի ենթարկել:

Դատարանն իր վճռում նշել է նաև, որ դատաքննության ընթացքում ևս ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հայտնել է, որ կինն իրեն վիրավորել է, ինքն էլ ձեռքին գտնվող տաքացված մետաղական լարով մեկ անգամ խփել է վերջինիս թևին: Սակայն այդ հարվածը դիտավորյալ չի եղել, ինքը լարը թափահարել է, որը պատահաբար դիպել կնոջ ձևին: Դատարանը գտել է, որ ամբաստանյալի ցուցմունքը անհիմն է, արժանահավատ չէ, որով նա նպատակ է հետապնդում խուսափել քրեական պատասխանատվությունից և պատժից:

Ըստ դատարանի վճռի՝ կինը դատարանում ասել է, որ դեպքի օրը ամուսինն իրենց տան խոհանոցում տաքացրած շամփուրով հալելու միջոցով որդու հեծանիվին է ամրացրել պլաստմասե լապտերը: Այդ ժամանակ ինքն ամուսնուն հայտնել է, որ հորեղբայրն իրենց հրավիրել է մասնակցելու դստեր հարսանյաց հանդեսին: Ամուսինն իրեն հայտնել է, որ հարսանիք չեն գնալու, քանի որ ինքը չի ցանկանում տեսնել կնոջ հարազատներին, շփվել վերջիններիս հետ: Ինքը նեղացել է ամուսնուց, վերջինիս խնդրել թույլատրել հարսանիքին գնալ մոր և եղբոր հետ: Ամուսինը սկսել է վիրավորել իրեն, անվանել «փողոցային» և արգելել է գնալ հարսանիքին: Չցանկանալով վիճաբանել ամուսնու հետ, ինքը փոխել է զրույցը և վերջինիս հայտնել, որ որդուն մանկապարտեզում օղակ է անհրաժեշտ, խնդրել է գնել այն:

Սակայն ամուսինը զայրանալով դրանից, իրեն հայտնել է, որ օղակ չի գնելու, հարսանքին չի գնալու և երկու անգամ ձեռքով հարվածել գլխի շրջանում: Ինքն ամուսնուն խնդրել է չվիրավորել իրեն և չհարվածել, հակառակ դեպքում սպառնացել է ամուսնալուծվել: Ամուսինը, բարկանալով իր ասածից, ձեռքի տաք շամփուրով չորս անգամ հարվածել է իր ձախ ձեռքին` պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ և դուրս եկել տանից: Այդ ժամանակ իրենց մոտ է գտնվել նաև որդին:

Դատարանը հաստատված է համարել, որ ամբաստանյալը կնոջ կողմից իրեն «չուչել» անվանելու և այլ վիրավորանքներ հասցնելու պատճառով, կենցաղային հողի վրա ծագած վիճաբանության ընթացքում, ձեռքով երկու անգամ դիտավորությամբ հարվածել է վերջինիս դեմքի և գլխի շրջանում, այնուհետև տաք շամփուրով չորս անգամ ձախ ձեռքի շրջանում և նրա առողջությանը պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնաս: Դատարանն ամբաստանյալին մեղավոր է ճանաչել և դատապարտել 100 հազար դրամ տուգանքի:

 

Տեսանյութեր

Լրահոս