Միամսյակ՝ նվիրված հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցողներին. Սպասվող միջոցառումները

Հոկտեմբերի 10-ին՝ Հոգեկան առողջության համաշխարհային օրվան ընդառաջ,Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի ֆինանսական քարտուղար Արմեն Սողոյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով՝ խոսելով այն միջոցառումների մասին, որոնք իրականացվելու են հոկտեմբեր ամսին: Նշեմ, որ Հայկական հոգեբուժական ասոցիացիան ողջ հոկտեմբեր ամիսը հայտարարել է հոգեկան առողջության միամսյակ:

Պարոն Սողոյանի խոսքով՝ այդ միամսյակի ընթացքում նախատեսված են իրականացնել մի շարք միջոցառումներ հանրապետության ողջ տարածքում. «Գիտաժողով Ստեփանակերտում՝ նվիրված Ղարաբաղում հոգեկան առողջության ծառայությունների հիմնադրման 20 ամյակին, սեմինար ԶԼՄ ներկայացուցիչների համար, հոգեկան և վարքային խանգարում ունեցող անձանց և նրանց ընտանիքների հասարակական կազմակերպության հիմնադրում, հոգեկան առողջության պահպանման և բարելավման ռազմավարության և գործողությունների պլանի ընթացքի քննարկում, հոգեկան առողջության հայկական հանդեսի 5 ամյակին նվիրված միջոցառումների իրականացում, այցելություն մարզային կազմակերպություններ և վերջում էլի կամփոփենք մամուլի ասուլիսով: Այս ամենի նպատակն այն է, որ հանրության, կառավարության, կազմակերպությունների, անհատների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրենք հոգեկան առողջության խնդիրների վրա»:

Ըստ Ա. Սողոյանի՝ որևէ մեկն ապահովագրված չէ հոգեկան խանգարում ունենալուց, և այնպես, ինչպես մենք ենք վերաբերվում հոգեկան հիվանդներին, հետո կարող են այդպես վերաբերվել մեզ, երբ մենք հայտնվենք նրանց տեղում. «Այսինքն՝ ծաղրական վերաբերմունքը հոգեկան խանգարում ունեցողների նկատմամբ ընդամենը ցույց է տալիս նման վերաբերմունք ունեցողի ցածր ինտելեկտը: Որևէ մեկն իրավունք չունի՝ անկախ իր կարգավիճակից, անկախ իր գործառույթից, անկախ տվյալ ժամանակում իր գտնվելու պարագայից: Վերաբերմունքը ճիշտ չէ ձևավորված նաև հոգեբուժական հաստատությունների և հոգեբուժության մասնագիտության նկատմամբ: Մենք մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու բոլորի վերաբերմունքը հիվանդների նկատմամբ»:


Տեսանյութեր

Լրահոս