Մարտի 1-ին եղածը եղած է: Անցած լինի…

Ոչ իշխանական եռյակը ներկայացնող ուժերից (ՀԱԿ, «Ժառանգություն», ԲՀԿ) որևէ մեկին այլևս չեմ վստահում, որքան չեմ վստահում ՀՀԿ-ին: 1996-ից, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն ապօրինաբար եկավ իշխանության, նրա հանդեպ իմ հետաքրքրությունն ավտոմատ անհետացավ: Քաղաքական ասպարեզից նրա հեռացումը ևս նոստալգիկ որևէ հիշողություններ չառաջացրեց: 2008-ի նախագահական ընտրություններից հետո, երբ ընտրությունները դարձյալ կեղծվեցին, փորձեցի ինքս ինձ համոզել՝ թող որ, անգամ Լ. Տեր-Պետրոսյանի միջոցով, միայն թե գործող իշխանությունները գնան այնտեղ, ուր այժմ հայ-թուրքական արձանագրություններն են՝ ուղիղ գրողի ծոցը:

Փոքրիկիս հետ անգամ մասնակցում էի հանրահավաքներին, ուր ապշած լսում էի Տեր-Պետրոսյանի վանկարկումները՝ «Մու-շեղ, Մու-շեղ» (նկատի ուներ քրեակատարողական հիմնարկի ղեկավար Մուշեղ Սաղաթելյանին, որն անձամբ, ամենադաժան ձևով բռնությունների էր ենթարկում 96-ին ձերբակալված քաղաքական գործիչներին), վանկարկում էր «Ման-վել»՝ նկատի ունենալով գեներալ Մանվելին…

Մարտի 1-ի գիշերը, երբ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքվել էին հազարավոր մարդիկ՝ պատրաստ կոնկրետ գործողությունների, հանկարծ պարզ դարձավ, որ հրապարակում առաջնորդ չկա: Ավելի ուշ իմացանք 10 անմեղ զոհերի մասին: Ընդդիմությունը մարտի 1-ի ողբերգության պատասխանատվությունն այն ժամանակ դրեց Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, օլիգարխ Գագիկ Ծառուկյանի և այլ օլիգարխների թիկնազորների վրա: Մեղքս թաքցնել չեմ կարող. 2008-ի մարտի 1-ից առաջ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին ևս համարում էի ընդդիմադիր (թեև ինքս այն 1 տոկոսի մեջ էի, որն իր ձայնը տվել էր Վազգեն Մանուկյանին):

Երբ 2012 թ. ԱԺ ընտրություններին ձայնս տվեցի «Ժառանգություն» կուսակցությանը, ու հանկարծ պարզվեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվում է պատգամավորի իր մանդատից՝ նախագահական ընտրություններին պատրաստվելու պատրվակով, նրան համարեցի թուլամորթ, իմ ձայնն արհամարհած քաղաքական գործիչ, ու ինքս ինձ խոստացա՝ այլևս ոչ մի պարագայում իմ ձայնը նրան չեմ տա: Սակայն վրա հասավ 2013-ը, նախընտրական արշավի ժամանակ Սերժ Սարգսյանն արտասանեց իր պատմական՝ «Որքան ուզենք, այնքան կխփենք» արտահայտությունը, ու այս իշխանություններին «ոչ» ասելու ամենահարմար թեկնածուն մնաց Ր. Հովհաննիսյանը: Ու քվեարկեցի նրա օգտին:

Հավատում էի, որ այս անգամ, ունենալով ընտրողներիս մեծամասնության ձայները, «Ժառանգության» առաջնորդը կհասնի իշխանափոխության: Սակայն մեր ձայները Ծիծեռնակաբերդի բարձունքից, Վովա Գասպարյանի շուրթերով, ուղևորվեցին երկինք:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին քաղաքական տեսակետ կամ հայացք ունեցող գործիչ երբևէ չեմ համարել: Նա «դասական» օլիգարխ է՝ ոսկեզօծ գահերի, անձնական կենդանաբանական այգու, բուրժուական հաճույքների սիրահար:

Սակայն խնդիրն անգամ դա էլ չէ. ամենազարմանալին այն է, թե ինչպես է նրան հաճելի իրեն շրջապատել մեծապատիվ մուրացկան քաղաքական գործիչներով, որոնք նրան դիֆերամբներ են ձոնում` ծրարով գումարի համար: Նրան անհարմարություն չի պատճառում գիտակցությունը, որ իրեն բացառապես և անթաքույց ընդունում են՝ որպես փողի քսակի, որի միջոցով նա իբրև թե պետք է կազմակերպի իշխանափոխությունը:
Եվ այսօր նա լուրջ դիվանագետի համբավ ունի: Համագործակցում է առաջին նախագահի հետ, երկրորդի հետ բիզնես է անում, երրորդի մոտ ներկայանում՝ որպես առաջին և երկրորդ նախագահների միջնորդ:

Այս երեք ուժերի միավորումն այնքան անբնական է, որքան Արաքս Մանսուրյանի և Սպիտակցի Հայկոյի դուետը: Անգամ չեմ ցանկանում մանրամասն հիշեցնել, թե այս ուժերից յուրաքանչյուրը մյուսի հանդեպ ինչ վերաբերմունք ունի և թե հանուն իշխանափոխության այս միությունն ինչ արդյունավետությամբ կարող է գործել, երբ ուժերից յուրաքանչյուրը մյուս երկուսի հանդեպ անվստահություն, ավելին, քամահրանք ունի:

Սոցցանցում ոչ իշխանական եռյակի համակիր շատ ազնիվ մարդիկ են հանդիպում, որոնք այլ ազնիվ մարդկանց անվստահությունը եռյակի հանդեպ համարում են իշխանությունների ջրաղացին ջուր լցնել: Ես ցանկանում եմ, որ Սերժ Սարգսյանն օր առաջ չլինի քաղաքական ասպարեզում, որ ՀՀԿ-ն՝ որպես անհաջող ու պնակալեզ մարդկանց խումբ, քաղաքական լուսանցքում հայտնվի, որ Ռոբերտ Քոչարյանն ու այն օլիգարխները, որոնց անունները շոշափվում են Մարտի 1-ի կազմակերպման գործում, կանգնեն դատարանի առաջ:

Ինձ իրավունք չվերապահելով մեղադրել այն հարգարժան մարդկանց, որոնք, այդուհանդերձ, սոցիալական ցանցում պաշտպանում են ոչ իշխանական եռյակի նպատակները: Այսքանից հետո լուրջ չէ հավատալ, թե քաղաքականապես սպառված ու բոլոր կրիտիկական պահերին դաշտը լքած գործիչները փյունիկի պես նորից հառնելու են՝ որպես գործող ռեժիմի դեմ զինվորներ: Սերժ Սարգսյանին հիշում ենք՝ որպես Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ներկայացուցիչ: Նրանց հետ նույն համակարգում է նաև Գագիկ Ծառուկյանը: Եթե կուզեք, այլևս նույն համակարգում է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը:
Եթե այս գործիչներն ինչ-որ լավ բան են ուզում անել, քաղաքական կյանքն անդառնալիորեն լքելն է:

Եթե Մարտի 1-ից հետո հնարավոր է ՀԱԿ-ի համագործակցությունը ԲՀԿ-ի (կամ Քոչարյանի) հետ, եթե հնարավոր է ՀԱԿ-ի և «Ժառանգության», ԲՀԿ-ի և «Ժառանգության» համագործակցությունը, եթե հնարավոր է, որ այս երկրի նախագահը Սերժ Սարգսյանն է, իսկ Սյունիքի մարզպետը՝ Սուրեն Խաչատրյանը, ուրեմն ափսոս միայն Մարտի 1-ի տասը անմեղ զոհերը: Թեև դա էլ, կարծես, փոքրիկ միջադեպ էր: Եղավ, անցավ…

 

Տեսանյութեր

Լրահոս