Գառնիկ Իսագուլյան. Դե յուրե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մասն է

Հարցազրույց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ

– «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ն հրապարակեց ՀՀ ԱԳՆ-ի կողմից տրամադրված Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) ՀՀ-ի միանալու մասին պայմանագրի նախագծի տեքստը, որտեղ հստակ նշվում է, որ Մաքսային միության տարածքում իրականացվում է մաքսային վերահսկողություն մաքսային սահմանը հատող ապրանքների նկատմամբ: Ձեր կարծիքով` սա չի՞ նշանակում, որ ՀՀ-ի անդամակցությունից հետո մաքսային վերահսկողությունը պետք է իրականացվի նաև միության մաս չհանդիսացող ԼՂՀ-ից ՀՀ-ի տարածք մտնող ապրանքների նկատմամբ, այսինքն` ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ, այնուամենայնիվ, պետք է լինի:

– Այս առումով ես որևէ մտավախություն չունեմ, քանզի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի տեքստում վերոնշյալ կետը չի կարող պարտադրանք հանդիսանալ ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսային վերահսկողությանը` մաքսային սահմանը հատող ապրանքների նկատմամբ, նախ` որովհետև Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը 1989 թ. դեկտեմբերի 1-ին որոշում են կայացրել Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Սույն որոշման համաձայն` Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը` հաստատված ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի 1988 թ. փետրվարի 20-ի և հուլիսի 12-ի նստաշրջանում, ինչպես նաև մարզի բնակչության լիազոր-ներկայացուցիչների 1989թ. օգոստոսի 16-ի համագումարի և Ազգային խորհրդի հոկտեմբերի 19-ի նիստի որոշումներում: ՀԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումն ընդգրկվել է մեր պետականության հիմնարար փաստաթղթում` 1990թ. օգոստոսի 23-ի Անկախության մասին հռչակագրում և Հռչակագրի միջոցով անուղղակիորեն ամրագրված է Սահմանադրության նախաբանում:

Հետևաբար դա մեր օրենսդրության հիմնարար փաստաթղթերից մեկն է: Հետագայում, երբ 1991 թ. սեպտեմբերի 2-ին ԼՂ-ն հռչակեց իր անկախությունը, Հայաստանի Հանրապետությունը մինչ այժմ դեռ չի ճանաչել այն, ուստի դե յուրե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է` չնայած դե ֆակտո իր անկախության: Երկրորդը, նմանատիպ խնդիր առկա է նաև Եվրասիական տնտեսական միության հիմնադիր պետություններում ևս: Եվ չեմ կարծում, որ որևէ մեկը պահանջելու է, որ ՌԴ-ն մաքսային վերահսկողության կետ հիմնի Ռուսաստանի Դաշնության և Ղրիմի միջև: Այնպես որ, անկախ նրանից, թե այս հարցն ինչ քննարկում կունենա բանակցությունների ընթացքում, մաքսային վերահսկողության խնդիրը բացառված է:

– Անդրադառնանք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին: Որքանո՞վ էր այդ ելույթը սպասարկում Հայաստանի արտաքին քաղաքական շահերը, և ի՞նչ թերություններ ու դրական կողմեր ուներ այն:

– Չէի ցանկանա անդրադառնալ ելույթին ամբողջությամբ, բայց հատկապես այն հատվածը, որտեղ ՀՀ նախագահը մատնանշում է, որ Հայաստանում քննարկվում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու մասին հարցը, ըստ իս` արված է բացառապես Հայաստանի ներքին լսարանի համար, և, ցավոք սրտի, այն կարող է դառնալ քաղաքական առևտրի առարկա որոշ քաղաքական կազմակերպությունների հետ: Այլապես, եթե խոսքը չի գնում արձանագրություններից ՀՀ-ի ստորագրությունը ետ կանչելու մասին, ապա ամենևին կարևոր չէ, թե այդ արձանագրությունները խորհրդարանում են, նախագահի աշխատակազմում, կառավարությունում, Արտաքին գործերի նախարարությունում, ինչ-որ մեկի գրպանում, կամ ՀՀ-ն ուղղակի կորցրել է այդ արձանագրությունների իր օրինակը, քանզի դրանք ցանկացած պատեհ առիթի դեպքում նորից կարող են վերադառնալ խորհրդարան, և այդ առումով ՄԱԿ-ի որևէ ներկայացուցչի վրա այդ խոսքերը լուրջ տպավորություն չէին կարող գործել:

Իսկ եթե խոսքը գնար ՀՀ-ի ստորագրությունն այդ արձանագրություններից ետ կանչելու մտադրության մասին, ապա, կարծում եմ, շատ պետությունների ներկայացուցիչներին դա խորապես կմտահոգեր, իսկ եթե Հայաստանը նշեր նաև կոնկրետ ժամկետ, ապա, վստահ եմ, կսկսեին որոշակի գործողություններ: Իսկ այժմ մենք նորից լավագույն հնարավորությունը տվեցինք Թուրքիային` Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին ակտիվացնել խոսակցությունները հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու մասին, որը նորից առիթ կտա շատ տերությունների չճանաչել Ցեղասպանությունը` չխանգարելու համար հայ-թուրքական հարաբերությունների «լավացմանը»:

– Շատ քննարկվեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման վերաբերյալ նրա «գրողի ծոցը վավերացնեք» արտահայտությունը: Այն տեղի՞ն էր ասված:

– Նախորդ հարցի պատասխանում ես, ըստ էության, անդրադարձա այս հարցին, բայց ասեմ նաև հետևյալը, որ հասարակությունը նույնիսկ ենթագիտակցական մակարդակում շատ լավ հասկանում է այդ արձանագրությունների վտանգավորությունը, և «գրողի ծոցը վավերացնեք» արտահայտությունն այս պարագայում այնքան բնորոշ է, քանզի դա հայ իրականության մեջ օգտագործվում է` նաև որպես անեծք, երբ ինչ-որ մեկին ուղարկում են «գրողի ծոցը», ընդ որում` վատ մեկին: Այսինքն` ժողովուրդն իր պատմական հիշողությամբ հասկանում է, որ այդ արձանագրություններից հայ ժողովրդին ու հայկական պետականությանը որևէ լավ բան չի սպասվում:

– Սեպտեմբերի 25-ին Աբովյան քաղաքում մեկնարկեց երեք ոչ իշխանական ուժերի` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» հանրահավաքների շարքը, որը պետք է եզրափակվի հոկտեմբերի 10-ին Երևանում: Ի՞նչ զարգացում կունենան եռյակի գործողությունները, կարելի՞ է սպասել լուրջ հասարակական համախմբում: Այս երեք ուժերը, ի վերջո, կդնե՞ն իշխանափոխության հարցը, թե՞ կսպասեն հաջորդ ընտրություններին:

– Սեպտեմբերի 25-ին մասնակցել եմ Աբովյանում կազմակերպված հանրահավաքին, և շատ կարևոր էր այն էներգիան, որ զգալի էր հանրահավաքին ներկա մարդկանցից: Կարծես թե 88-ի շարժումից հետո ժողովրդի մեջ առաջին անգամ հավատ է առաջացել, որ քաղաքական ուժերը շատ կարևոր խնդիրներ են դնում և գնալու են այդ խնդիրների լուծմանը: Դրանք ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև քաղաքական խնդիրներ են: Եթե այս տեմպերով եռյակը շարունակի, ապա հոկտեմբերի 10-ի հանրահավաքը բավական բազմամարդ է լինելու: Այնուհանդերձ, մի շատ հետաքրքիր երևույթ կա. այս պարագայում այնքան կարևոր չէ բազմամարդությունը, որքան այն էներգիան, որ կպարունակի այդ հանրահավաքը: Ես վստահ եմ, որ այդ էներգիան լինելու է շատ ոգևորող ու խոստումնալից: Ուրիշ բան է, որ իշխանությունները կարող են զոռով 100 000 մարդ բերել հրապարակ, որոնք, սակայն, ոչ թե ինչ-որ դրական ակնկալությամբ են եկել, այլ հարկադրված: Մինչդեռ եռյակի հանրահավաքների պարագայում ես վստահ եմ, որ մարդիկ եկել ու գալու են ինքնաբուխ, իսկ ինքնաբուխ եկած բազմությունն արդեն բավական լուրջ գործոն ու փաստարկ է` հետագա գործողությունների շարունակման համար:

Ես վստահ եմ, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը բավական բազմամարդ կլինի: Եվ կախված ժողովրդի տրամադրությունից և այն գործողություններից, որ կձեռնարկեն իշխանությունները (իսկ մյուս հանրահավաքները ցույց են տալիս, որ իշխանությունները լրջորեն ահաբեկված են և գնում են հակաօրինական գործողությունների), վստահ եմ, եռյակի ղեկավարությունը կընդունի ճիշտ որոշումներ, որոնք կբերեն հստակ լուծումների, ընդ որում, այդ լուծումները բխելու են մեր ժողովրդի ու պետության շահերից:

Տեսանյութեր

Լրահոս