Մասիս Մայիլյան. Բաժանարար մաքսային սահմանը կունենա լրջագույն քաղաքական և հոգեբանական հետևանքներ

Նախորդ շաբաթ վերջապես հրապարակվեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծի տեքստը, սակայն հրապարակողը ոչ թե պետական մարմին էր, այլ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը, որին փաստաթուղթը տրամադրել էր Հայաստանի արտգործնախարարությունը: Եվ զարմանալի չէր, որ հայկական մամուլն այս հարցի հետ կապված ամենից շատ քննարկեց նախագծի` մաքսային սահմանի և մաքսային վերահսկողության վերաբերյալ կետերը: Նշվում է, որ Մաքսային միության տարածքում իրականացվում է մաքսային վերահսկողություն մաքսային սահմանը հատող ապրանքների նկատմամբ:

Եթե հաշվի առնենք, որ Հայաստանը ԵՏՄ-ին միանալու է առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, առնվազն առաջանում են կասկածներ, որ Հայաստանի անդամակցության դեպքում այդ մաքսային վերահսկողությունը կարող է իրականացվել նաև ԼՂՀ-ից ՀՀ տարածք մտնող ապրանքների նկատմամբ: Սա կարող է լինել ի հեճուկս Արտգործնախարարության, վարչապետ Հովիկ Աբրահամյանի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների, թե ՀՀ-ն և ԼՂՀ-ն գտնվում են մեկ միասնական տնտեսական տարածքում, և ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսային սահմանը բացառվում է:

Թեմայի շուրջ «168 Ժամը» զրուցեց ԼՂՀ արտգործնախարարի նախկին տեղակալ, ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի հետ:

– Պարոն Մայիլյան, սա չի՞ նշանակում, որ մաքսային սահմանը, այնուամենայնիվ, լինելու է:

Կարդացեք նաև

– Քանի որ հրապարակված տեքստերը դեռևս նախագծի կարգավիճակ ունեն, հույս ունեմ, որ ՀՀ իշխանությունները բանակցային մյուս կողմերի հետ կգտնեն այնպիսի լուծումներ և ձևակերպումներ, որոնք կբացառեն հայկական երկու պետությունների միջև մաքսակետերի տեղադրման հնարավորությունը: Եթե մինչև «Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագրի» ստորագրման ժամկետը կողմերը չկարողանան սահմանել ՀՀ անդամակցության այնպիսի ձևաչափ, որը կբխի մեր ազգային շահերից, այդ դեպքում անդամակցությունը պետք է հետաձգել կամ էլ ընդհանրապես հրաժարվել դրանից:

– ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև այդ մաքսային սահմանը, եթե այն իրոք լինի, ի՞նչ վտանգներ է պարունակում Հայաստանի ու Արցախի և նրանց միասնության համար: Դուք չե՞ք տեսնում չափից ավելի բացասական միտումներ այս ողջ գործընթացում:

– Հայ ժողովրդի երկու հատվածների միջև բաժանարար մաքսային սահմանը, Հայաստանի Հանրապետությանը և Արցախին պատճառելիք տնտեսական վնասից բացի, կունենա նաև լրջագույն քաղաքական և հոգեբանական հետևանքներ:
ՀՀ-ն և ԼՂՀ-ն արդեն ավելի քան 20 տարի գտնվում են մեկ միասնական ֆինանսա-տնտեսական տարածքում և անվտանգության ընդհանուր միջավայրում, և Հայաստանի անդամակցությունը նոր տնտեսական միավորմանը չպետք է խաթարի առկա ստատուս-քվոն:

Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաքում Հայաստանին առաջարկել է միանալ Եվրասիական միությանն իբր ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն` առանց Լեռնային Ղարաբաղի: Ղազախստանի նախագահը հղում է կատարել Ադրբեջանի ղեկավարի` Եվրասիական տնտեսական միության հիմնադիր երկրների առաջնորդներին հասցեագրված նամակին: Պաշտոնական Բաքվի ուղերձն ուներ առնվազն երկու նպատակ: Առաջին հերթին, դա տնտեսական խոշոր նախագծերում Հայաստանի մասնակցությունը բացառելու` Բաքվի կողմից տարիներ ի վեր իրականացվող քաղաքականության շարունակությունն է:

Երկրորդ հերթին, սա պաշտոնական Բաքվի կողմից ձեռնարկված ևս մի փորձ է` հայտարարելու, որ Լեռնային Ղարաբաղն իբր իրավաբանորեն պատկանում է Ադրբեջանին: Այդ իսկ պատճառով Ղազախստանի նախագահի միջոցով հայտարարվեց ինչ-որ միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին:
Իրականում հակամարտող երկրների` ԼՂՀ-ի, Ադրբեջանի և Հայաստանի պարագայում միջազգայնորեն ճանաչված սահմաններին ցանկացած հղում հիմնազուրկ է: Միջազգային իրավունքում պետության ճանաչումը, այդ թվում` ՄԱԿ-ի կողմից, ինքնաբերաբար չի նշանակում իր իսկ կողմից որպես սեփական հռչակված սահմանների ճանաչում:

Համաշխարհային փորձը վկայում է, որ հարևան երկրների միջև տարածքային սահմանազատումների հարցը կարող է լուծվել նույն այդ պետությունների կողմից, կամ էլ այդ պետությունները կարող են սահմանների որոշման լիազորությունը պատվիրակել չեզոք միջնորդի: Միջնորդի դերում կարող է հանդես գալ առանձին անհատ, երկիր, երկրների խումբ կամ հատուկ միջազգային համաժողով: Մեր տարածաշրջանում երկրներն իրենք են նմանատիպ հարցերը որոշում: Ադրբեջանի և ԼՂՀ-ի, Ադրբեջանի ու Հայաստանի Հանրապետության միջև սահմանների ճշգրտման գործընթաց չի սկսվել այն պատճառով, որ այդ երկրների միջև չկան ինչպես` դիվանագիտական հարաբերություններ, այնպես էլ սահմանազատման միջկառավարական հանձնաժողովներ:

– Սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունները, որպես Մաքսային միությանը միանալու որոշումն արդարացնող գլխավոր փաստարկներ, նշում էին անվտանգության և Լեռնային Ղարաբաղի հարցի մասին: Ձեր կարծիքով` որքանո՞վ է Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին նպաստում ղարաբաղյան հարցի լուծմանը և Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովմանը:

– Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, ի թիվս այլ հանգամանքների, նշանակում է ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունների էլ ավելի սերտացում: Ինչպես հայտնի է, Ռուսաստանը Հայաստանի Զինված ուժերի հիմնական մատակարարն է սպառազինության և ռազմական տեխնիկայի ոլորտում (Ռուսաստանը զենք է վաճառում նաև Ադրբեջանին): Հայ-ռուսական հարաբերությունների նոր մակարդակը պետք է առնվազն ապահովի ՀՀ և ԼՂՀ պաշտպանունակության այնպիսի աճ, որը մեր ընդդիմախոսներին կհարկադրի հրաժարվել քաղաքական խնդիրների լուծման ուժային մեթոդներից:

Ղազախական կողմի ջանքերով Եվրասիական միության հիմնադրման մասին պայմանագրից հանվեց քաղաքական բաղադրիչը, և որպես որոշումներն ընդունելու միջոց ընտրվեց կոնսենսուսը: Եվրասիականության գաղափարն առայժմ իրացվում է տնտեսական դաշտում:

Հայաստանի անդամակցությունը նոր տնտեսական միավորմանը չի կարող անմիջականորեն անդրադառնալ ղարաբաղյան կարգավորման վրա: Վտանգ կծագի այն դեպքում, եթե Հայաստանն ու Ադրբեջանը մաս կազմեն նախկին ԽՍՀՄ-ի պես ինչ-որ նոր քաղաքական միության, և ինքնիշխանության մի մասը փոխանցվի նոր կենտրոնին կամ վերպետական մարմնին: Այդ ժամանակ կարգավորման գործընթացի վրա ներազդելու ՀՀ և ԼՂՀ հնարավորությունները սահմանափակվելու են, և մեզ կարող է պարտադրվել անընդունելի լուծում: Իրադարձությունների նման զարգացումը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել հակամարտության ընդլայնման և նոր պատերազմի: Այդպիսի բացասական փորձառություն մենք արդեն ունենք:

Տեսանյութեր

Լրահոս