Հեղաշրջման տեսակները. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի 69-րդ գլխավոր համաժողովում, առաջարկել է ընդունել հռչակագիր՝ պետական հեղաշրջումները չճանաչելու մասին: Գաղափարը լավն է՝ միայն թե պետք է հստակ ձեւակերպել, թե ինչ է նշանակում «պետական հեղաշրջում»: Իշխանություն ձեռք բերել կամ պահպանել առանց ընտրությունների՞: Դե, ուրեմն, գրեթե բոլոր հետխորհրդային երկրներում եւ, մասնավորապես, Հայաստանում արդեն 20 տարի է՝ տեղի են ունենում պետական հեղաշրջումներ:

Ռուսաստանն այդ հեղաշրջումներն ընդունում է անվերապահորեն, Արեւմուտքը մի թեթեւ կշտամբում է հեղաշրջում իրականացնողներին («արդար, բայց ոչ ազատ», «ազատ, բայց ոչ արդար»), բայց, ի վերջո, լուրջ առարկություններ այդ հեղաշրջումների դեմ չեն ներկայացնում: Գուցե հեղաշրջո՞ւմ է այն ձեւը, որով Բորիս Ելցինը 1999 թվականի վերջին օրը իր իշխանությունը փոխանցել է Պուտինին՝ խնդրեմ, սիրելի ռուսաստանցիներ, վայելեք: Նրանք էլ վայելում են 14 տարի, եւ մի այդքան էլ, հավանաբար, այդ «վայելքը» կշարունակվի…

Վերջերս Ռուսաստանի պաշտոնական տեսակետի քարոզիչները բավականին հաճախ են խոսում այն մասին, թե Միացյալ Նահանգները Հայաստանում նույնպես պատրաստում է «մայդանի» տիպի հեղաշրջում: Ճիշտն ասած, չեմ հասկանում, թե ինչ հիմքեր կան նման բան պնդելու: Նրանք, ովքեր ցանկանում են փոխել Հայաստանի ռուսամետ դիրքորոշումը, անհատներ են եւ ոչ մի հեղաշրջում չեն կարող իրագործել…»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթում:

Տեսանյութեր

Լրահոս