Ռոջեր Գուպելյան. Նոր սերնդին այսօր հերոսներ են պետք

Հոլիվուդի նշանավոր կինոստուդիաներում նկարահանվում է առաջին հայկական պատմական ֆիլմը՝ «Բյուզանդիայի արևելքը» անվանմամբ: Ֆիլմի սցենարիստ, հայ նկարիչ, անիմատոր, պրոդյուսեր Ռոջեր Գուպելյանը (Roger Kupelian) այս մտահղացումն ունեցել է դեռևս օսկարակիր «Մատանիների տիրակալը» եռապատում ֆիլմի վրա աշխատելու ժամանակ:

Նա այդ ֆիլմի (նաև բազմաթիվ հանրահայտ ֆիլմերի, ինչպես, օրինակ՝ «Մեր հայրերի դրոշները», «Սատանայի դատապաշտպանը», «Կարիբյան ծովահենները», «Կոնստանտին», «Տերմինատոր. թող գա փրկիչը», «Իքս մարդիկ», «Ալիսիան հրաշքների աշխարհում», և այլն) հատուկ ազդանքների (special effects) ստեղծողն է: Մի օր, Նոր Զելանդիայում «Մատանիների տիրակալը» ֆիլմի աշխատանքներից գերհոգնած՝ նա պառկում է քնելու և հանկարծ մտաբերում է մանկության ժամանակ հեքիաթների փոխարեն իր հոր՝ գրող Պողոս Գուպելյանի պատմած պատմությունները՝ Վարդան Մամիկոնյանի մասին, և որոշում է ֆիլմ նկարել՝ աշխարհում քրիստոնեության տարածման գործում Հայաստանի պատմական դերի մասին:

Նա համախմբում է հոլիվուդյան լավագույն պրոդյուսերներին, հայ և օտար մասնագետների և 2008-ին սկսում ֆիլմի նկարահանումները: Ֆիլմի երաժշտությունը գրել է Սերժ Թանգյանը, միջազգային ճանաչում գտած այլ հայեր նույնպես ընդգրկված են Ռոջեր Գուպելյանի այս նախագծում: «Բյուզանդիայի Արևելքում» ներկայացված են քրիստոնեության ընդունումից մինչև Ավարայրի ճակատամարտը և դրան հաջորդող դեպքերը: Ֆիլմը սկսվում է 301 թվականին Հայաստանում քրիստոնեության ընդունումից և հասնում մինչև 451 թ.՝ Ավարայրի ճակատամարտ:

Kupelyan (6)

Մինչ ամբողջական ֆիլմի ավարտը, թեմայից ոգեշնչված՝ հայտնի պրոդյուսեր Ուիլյամ Մարթենսը և մի շարք միջազգային փառատոների մրցանակակիր, պրոդյուսեր Սեդա Մելքոնին միավորվել են ստեղծելու «Բյուզանդիայի արևելքը. Պատերազմի աստվածները և պատերազմող սրբերը» էպիկական մինի սերիալների շարքը, որը ցուցադրվելու է հեռուստատեսությամբ և հող է պատրաստելու մեծ ֆիլմի համար: Հայաստանում նրանք այս ամառ արդեն սկսել են նկարահանումները: Ստեղծագործական խմբի հայաստանյան գրասենյակը տեղակայված է «Թումո» կենտրոնում, իսկ աշխատանքները ղեկավարում է Ռոջեր Գուպելյանի եղբայրը՝ Արմեն Գուպելյանը: Օրերս Ռոջեր Գուպելյանը ֆիլմի ընթացքի մասին դասախոսություն ունեցավ «Թումո»-ում, իսկ դասախոսությունից առաջ պատասխանեց «168 Ժամի» հարցերին:

– Դժվա՞ր էր «Հոլիվուդում» ազգային թեմայով ֆիլմ նկարելու ծրագիր հաստատել:

– Այո, հեշտ չէր, բայց դա նորմալ է «Հոլիվուդի» համար: Եթե նախագիծ ես ներկայացնում, այն պետք է մեծ խնդիր պարունակի, եթե չկա այդ խնդիրը՝ այն նախագիծ չէ, նույնիսկ Մել Գիբսոնն է այնտեղ այսպիսի հարցերի բախվում: Ժամանակին «Հոլիվուդը» փորձել է հայկական թեմայով ֆիլմեր նկարել, օրինակ, փորձեր են արվել նկարելու «Մուսա լեռան քառասուն օրը», ընդ որում՝ ոչ միայն հայերի, նաև` օտարների կողմից, և հաջողություն չեն ունեցել: Մենք այս ֆիլմը նկարահանում ենք Հոլիվուդում էպիկական ֆիլմերի ընդունված ավանդույթներով և չափանիշներով:

Kupelyan (2) Kupelyan (5)

Սցենարն այնպիսին է, որ այն հասկանալի է ոչ միայն հայերին, հայոց պատմությանը ծանոթ մարդկանց, այլև՝ բոլոր ազգերին, քանի որ պատմական շատ ազգեր ու անցքեր են ընդգրկված ֆիլմում: Հայերի խնդիրներին զուգահեռ՝ ֆիլմում կան նաև հունական, հռոմեական, բյուզանդական պատմություններ: Ես մեզ համար հատկապես փորձել եմ ցույց տալ հայի և հայի միջև եղած պրոբլեմները, մի մոռացեք, թե Վարդանանց պատերազմի ժամանակ քանի հայ անցավ հակառակորդի կողմը: Այսօր էլ նման խնդիրներ կան: Ֆիլմում նաև պարսիկները կան, կան այնպես, ինչպես եղել են այդ ժամանակաշրջանում՝ իրենց գործունեությամբ, բնութագրով, հատուկ շեշտադրումներ չենք արել:

– Իսկ նույն թեմայով նախապես սերիալներ նկարահանելը, ինչ անում եք հիմա, ընդունվա՞ծ է Արևմուտքում, թե՞ նորություն է:

– Այո, ընդունված ձև է, նախ` ներկայացնել ատաղձը, հիմնական նյութը, մարդկանց պատրաստել, որ այս թեմայով մեծ ֆիլմ է գալիս, և նաև սա ձև է հիմնական ֆիլմի վրա հավանական գնորդ-ընկերությունների ուշադրությունը հրավիրելու:

– Ճի՞շտ է, որ հայկական թեմաներին կապվելու հարցում Ձեզ վրա մեծ ազդեցություն է ունեցել փոքր տարիքում աֆրիկյան նավահանգստում տեսած «Արմենիա» նավը:

– Ես շատ փոքր էի այդ ժամանակ: Մենք Աֆրիկայում էինք ապրում, լավ չեմ հիշում այդ դեպքը, հայրս է միշտ պատմում, որ երբ իմացել եմ` հայկական անունով նավ է՝ կանգնել եմ նավահանգստին և արտասանել բանաստեղծությունից մի տող, որ սովորեցնում են սփյուռքում բոլոր հայ երեխաներին՝ «Հայ եմ ես, հայ եմ ես, սարսափեցեք իմ զենքեն»: Ես շատ լավ եմ հիշում, որ Խորհրդային Հայաստանից հայեր էին գալիս Աֆրիկա, բայց ովքե՞ր էին նրանք, ի՞նչ նավ էր՝ չգիտեմ:

Kupelyan (4)

– Դուք ծնվել եք Լիբանանում, ինչո՞ւ եք տեղափոխվել Աֆրիկա, և ի՞նչ ազդեցություն է ունեցել աֆրիկյան կյանքը Ձեզ վրա:

– Մեկ ամսական եմ եղել, երբ հայրս հորեղբորս հետ բիզնես է հիմնել Աֆրիկայում՝ Սիերա Լեոնեում: Նա գրող էր, բայց ապրուստ վաստակելու համար ուրիշ գործի կարիք ուներ: Մենք մեծացել ենք այնտեղ, գրեթե հայ չկար, բայց ամեն ազգ կար: Հայրս իր բիզնեսի մեջ այնքան է առաջադիմել, որ նրան սկսել է ճանաչել նույնիսկ երկրի նախագահը: Հետո երկրում ամեն ինչ փոխվեց, և հայրս որոշեց, որ մենք հայկական միջավայր պիտի տեղափոխվենք. կամ Հայաստան պիտի գայինք, կամ՝ Ամերիկա գնայինք:

Գնացինք ԱՄՆ, ուր բավարար հայկական միջավայր կար: Բայց ես գիտեմ, որ իմ հայկական էությունն ամբողջությամբ բացահայտվել է հենց Աֆրիկայում: Միայն այնտեղ սկսեցի խորապես հասկանալ հայի էությունը: Եթե հայերի մեջ ապրեի, գուցե նույն կերպով չզգայի, ինչպես զգացել եմ այնտեղ՝ հայությունից և հայկական միջավայրից հեռու: Դրսից քո ներսը նայելը շատ լավ է:

Kupelyan (3)

– Իսկ Ձեր հայրը՝ ամերիկահայ գրող Պողոս Գուպելյանը, Ձեզ վրա ազդեցություն ունեցե՞լ է:

– Իհարկե, ես, այսպես ասած, եկել եմ իրենից: Փոքր ժամանակվանից տեսել եմ, թե հայ ստեղծագործողն ինչ դժվար ճանապարհ է անցնում: Բոլոր ազգերի գրողներն են այսօր դժվարությունների մեջ, քանի որ աշխարհն այսօր առաջվա պես չի կարդում, բայց հայ գրողի, արևմտահայերենով գրող մարդու, Հայաստանից դուրս ստեղծագործողի համար շատ ավելի դժվար է: Ես ինքս էլ պատմվածքներ եմ գրում, ժամանակ է լինում, որ հենց պատմվածքով եմ ուզում արտահայտվել: Արտահայտվելուս ձևերը շատ են, նկարելն էլ մի ձև է: Ինքս ինձ պատմություն պատմող եմ համարում:

– Հոլիվուդի կինոստուդիաներում շա՞տ են հայերը:

– Կան, հայազգի ամեն մասնագետ էլ գրեթե կա: Եվ ես համագործակցության ժամանակ նախ հայերի մեջ եմ մասնագետ փնտրում, հետո՝ օտարների: Առհասարակ, հայ մասնագետները մի քիչ դժվար են համախմբվում մի ծրագրի շուրջ, չգիտեմ՝ ինչո՞ւ: Ինձ դա դուր չէր գալիս, և ես փորձեցի հակառակը անել՝ համախմբել նրանց:

– Դուք 1990-ականներին ֆիլմ եք նկարել նաև Ղարաբաղի պատերազմի մասին՝ «Մութ անտառը՝ լեռներում» վերնագրով: Չե՞ք մտածում՝ տարածել, նոր սերունդը նույնպես ծանոթանա:

– Կարելի է, այո, մանավանդ այդ ֆիլմը իրական հերոսների մասին է (երկու սփյուռքահայ կռվողների), և ես շատ եմ ուզում, որ նոր սերունդը հերոսներ ունենա, որոնք ուժ կտան իրեն: Նոր սերունդն այսօր հերոսների կարիք ունի: Ինքս հերոս Վարդանի կերպարով եմ մեծացել, այն ինձ ուժ է տվել: Աշխարհում այսօր հարատևելու, գուցե՝ փրկվելու համար հերոսներ են պետք: «Մութ անտառը` լեռներում» ֆիլմն իմ առաջին հայկական աշխատանքն էր, որը նաև դարձավ Ղարաբաղի պատերազմի մասին պատմող առաջին ֆիլմը, որի մեջ անիմացիա և հատուկ էֆեկտներ օգտագործվեցին:

– Դուք համագործակցում եք «Թումո»-ի հետ, ինչպիսի՞ արդյունքներ կան:

– Լավ արդյունքներ: Աշակերտներն իրենց մասնակցությունն են ունենում իմ ներկայացրած որոշ ծրագրերի, նրանք շարունակել են Սերժ Թանգյանի երգի հիման վրա ստեղծած իմ տեսահոլովակը, սովորում են ընդգրկվել նախագծերի մեջ, ստեղծագործել: Հետաքրքիր ու բացառիկ միջավայր է «Թումոն»:

– Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ` կարծես բոլոր ստեղծագործողներն իրենց ուժերը կենտրոնացնում են այդ թեմայով ինչ-որ բան անելու վրա: Դուք ինչ-որ բան ծրագրե՞լ եք:

– 100-ամյակի մեր նախագիծը մեր ֆիլմն է լինելու: Կոնկրետ ցեղասպանության թեմայով շատ նախագծեր կան, մենք այս ֆիլմով տարբեր ձևով կմոտենանք հարցին. որ հայերն այնքան հին են՝ նույնիսկ թուրքերը չեն եղել այդ ժամանակ, և, որ այն ժամանակ էլ հավատի համար պատերազմ են մղել: Ֆիլմի մեջ այդ բոլոր հարցերը շատ հեռվից ու խորքից են գալիս:

 

Տեսանյութեր

Լրահոս