Ալեքսանդր Արզումանյանը` «գրողի ծոցը վավերացնեք» արտահայտության մասին. «Հայհոյանք չեմ տեսնում»

«Գրողի ծոցը վավերացնեք» արտահայտությունը ընդամենը իդիոմատիկ արտահայտություն է և հայհոյանք չէ: Այսօրվա ասուլիսում այսպես մեկնաբանեց ԱԺ պատգամավոր, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որը նա արել էր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ելույթի ընթացքում` խոսելով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման մասին:

«Այդտեղ հայհոյանք ես չեմ տեսնում: Դա ընդամենը արտահայտվելու ձև է: Մեկին կարող է դուր գալ, մյուսին` ոչ: Բայց կարող եմ իմ փորձից ասել, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում այնպիսի հայհոյանքներ և ելույթներ եմ լսել, և կարծում եմ` բոլորդ կհիշեք, թե ինչպես Ուգո Չավեսը Ջորջ Բուշին անվանեց սատանա և առաջարկեց ծծումբով մաքրել ամբիոնը: Եղել են Կադդաֆիի շատ սուր, վիրավորական հայտարարությունները, ըստ իս` Ահմադինեջադի ոչ այնքան ադեկվատ արտահայտությունները, Խրուշչովի հայտնի կոշիկի պատմությունը: Այնպես որ, այդ դահլիճն այնքան բան է տեսել, որ սա նույնիսկ քննարկման առարկա չէ»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

Սերժ Սարգսյանի ելույթում նա նկատել է մեկ թերություն, որ շատ քիչ է խոսվել ՄԱԿ-ի ընդհանուր դերակատարության բարձրացման, ՄԱԿ-ի տեսլականի մասին, բայց ավելի կարևոր է համարում հարցը, թե արդյոք սպասարկե՞ց այդ ելույթը Հայաստանի արտաքին քաղաքական շահերը, թե՞ ոչ:

«Այո´: Պե՞տք էր Ադրբեջանին իրավիճակը ներկայացնել, կարծում եմ` այո,- ինքն իր հարցերին պատասխանում է Հայաստանի նախկին գլխավոր դիվանագետը:- Բայց երբ խոսում ենք Ադրբեջանի ներքին իրավիճակից, մեր ներսում ամեն ինչ բարվո՞ք է: Ո´չ: Մենք ունենք քաղբանտարկյալներ` Շանթ Հարությունյան և ընկերներ, մենք ունենք ավելի արտառոց իրավիճակ, երբ Շանթի 15-ամյա որդու` Շահենի համար պահանջում են 5 տարվա ազատազրկում: Սա չտեսնված բան է մեր պատմության մեջ: Բայց խոսքն այն մասին է, որ ունենք արտաքին և ներքին լսարան: Մենք մեր հարցերն այստեղ պետք է քննարկենք, բայց ՄԱԿ-ը եկեղեցի չէ, և գլխավոր քարտուղարն էլ խոստովանահայր չէ, որ գնաս և մեղքերդ խոստովանես. պետք է գնաս և փորձես քո երկրի շահն առաջ տանել»:

Արզումանյանի խոսքով` պետք է գիտակցենք, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցը հաջորդ տարի անցնելու է, և սա բացառիկ հնարավորություն էր, այդ հարցը բարձրաձայնելու և մեր մոտեցումները ներկայացնելու համար:

Երկրորդ կարևոր հարցն այն է, որ վերջին 19 տարիների ընթացքում հայր և որդի Ալիևները ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործում են ոչ միայն «հայկական ագրեսիայի» և «օկուպացված տարածքների» մասին խոսելու, այլ նաև ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հայտնի 4 բանաձևերը չկատարելու մեջ Հայաստանին մեղադրելու համար:

Անդրադառնալով սրան` Արզումանյանը նկատեց, որ այդ բանաձևերը մինչ վերջերս շահարկվում էին Հայաստանի ներքաղաքական պայքարում, և օրվա իշխանությունը նախորդ իշխանություններին քննադատելու համար օգտագործում էր Ադրբեջանի փաստարկները, և այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ իրոք ՄԱԿ-ում մեզ դատապարտող բանաձևեր են ընդունվել. «Կարևոր է, որ ՄԱԿ-ի ամբիոնից հստակ բացատրվեց, որ Հայաստանը որևէ խնդիր չունի ՄԱԿ-ի բանաձևերի հետ չունի, ընդհակառակը` ՄԱԿ-ի բոլոր բանաձևերով հայտարարվում է, որ կոնֆլիկտը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև է»:

Ըստ Արզումանյանի` Սարգսյանի ելույթում երրորդ կարևոր կետը հայ-թուրքական արձանագրություններն են: Նա հիշեցրեց իր մոտեցումը, որ կողմնակից լինելով հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը`այնուամենայնիվ, վտանգավոր կետեր է տեսնում այդ արձանագրություններում` մասնավորապես պատմաբանների հանձնաժողով մասին:

Բացի այդ, Թուրքիան առաջին իսկ վայրկյանից, դեռ թանաքը չչորացած, հայտարարում էր, որ առանց Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ առաջխաղացում չենք կարող ակընկալել: Այս առումով քաղաքական գործիչը կարևոր է համարում, որ նախագահ Սարգսյանը արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու մասին իր հայտարարությունից հետո քննարկի այդ հարցը խորհրդարանի ղեկավարության հետ, որից հետո կորոշվի` ինչ ճակատագիր է սպասվում հայ-թուրքական արձանագրություններին:

Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով` արձանագրությունները հետ կանչելուց հետո հավանաբար ճիշտ կլինի վերսկսել տարբեր ձևաչափերով շփումները, որպեսզի ստորագրվի այլ արձանագրություն` ընդամենը Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին:

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Տեսանյութեր

Լրահոս