Բաժիններ՝

Պարիժեն եկան պատկերդ տարան, չքնաղ Ապարան

Մեր քաղաքական ուժերը միշտ գնում են իրադարձությունների ետևից: Թե ընդդիմադիր, թե իշխանական: Հատկապես իշխանական ուժերը: Հավանաբար դրա համար գործադիր իշխանության ամենաարդյունավետ աշխատող օղակը հենց Արտակարգ իրավիճակների նախարարությունն է: Անվանումից իսկ պարզ է, որ իշխանության այս օղակը փորձում է կանխատեսել ու կառավարել արտակարգ իրավիճակները: Նույնը չես կարող ասել կառավարության մյուս կառույցների մասին: Հատկապես տնտեսության ոլորտը համակարգող գործադիր օղակների մասին: 2012 և 2013թթ. բազում փոփոխությունների ենթարկվեց «ՀՀ օրենքը Շահութահարկի մասին»:

Ոչ ոք չէ՞ր էլ պատկերացնում, թե ինչ հետևանքների կհանգեցնեն այդ փոփոխությունները: Հատկապես, որ այդ գործընթացն ուղեկցվում էր մանր ու միջին գործարարության աջակցության մասին օրոր հիշեցնող ելույթներով: Ես անձամբ չեմ հիշում մի ամիս, երբ այդ թեմայով ելույթներ, քննարկումներ, խոստումներ կամ գոնե կառավարության որոշումներ չհրապարակվեն: Ու հանկարծ պարզվեց, որ տարիներ երգվող օրորն իրականում հոգեհանգստի երգ էր:

Ծնողական հոգատարությամբ գործադիր ու օրենսդիր իշխանությունների քայլը 3.5 տոկոսանոց շահութահարկը 1 տոկոս իջեցնելն ընդամենն ական էր մանր գործարարների համար: Հիմա դա բոլորը հասկացան, երբ մի քանի հարյուր մանր գործարար դուրս եկան հրապարակ ու փորձեցին փողոց փակել: Վարչապետն անձամբ փորձեց կապ հաստատել նրանց հետ ու խոստացավ քննարկել ու հասկանալ, թե խոսքն ինչի մասին է:

Ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ իրար հերթ չտալով` զորակցական հայտարարություններ արեցին: Բան չի մնացել` օրենքն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 1-ից: Մանր ու միջին գործարարությունը Հայաստանում «որբի գլուխ է», որի վրա իշխանավորները դալլաքություն են սովորում: Այս ոլորտները պաշտոնապես չեն ուսումնասիրվում: Վիճակագրական տվյալներ համարյա չկան: Ասել է թե` իշխանավորներից ոչ ոք տեղյակ չէ` այս ոլորտներն ինչքա՞ն աշխատող ունեն, քանի՞ ընտանիք է հանապազօրյա հացն աշխատում այս «աշխատատեղերի» հաշվին: Մանր գործարարության ամենազանգվածային հատվածները հանրահայտ տոնավաճառներն են: 1990-ականներին խորհրդային «Սև շուկաների» հենքի վրա ձևավորվեցին ու բարգավաճեցին տոնավաճառները:

Անկախության առաջին տասնամյակում տոնավաճառներին բաժին էր ընկնում մանր ու մեծածախ առևտրի հսկայական մասը: Մեր օլիգարխների մեծ մասը հենց տոնավաճառների միջոցով սկսեցին «կապիտալի նախնական կուտակման» սրբազան գործընթացը: Տնտեսության ու հասարակական կյանքի զարգացման հետ մանրածախ ու մեծածախ առևտուրը տեղափոխվեց ավելի քաղաքակիրթ հարթակներ` բազաներ ու «սուպերմարկետներ»: Նորահայտ օլիգարխների մեծ մասն ազատվեց տոնավաճառային բիզնեսից: Տոնավաճառների տերերն այլևս նախկինի նման ազդեցիկ չեն: Ուստի չեն կարող դիմադրել օրենսդրական «բարեփոխումներին»: Իշխանություններն էլ կամաց-կամաց սկսեցին ճնշել այս կառույցներին: Ճնշել ամենատարբեր հիմնավորումներով:

Իշխանության գաղափարական տղերքը տոնավաճառների դեմ պայքարը հիմնավորում են ստվերային տնտեսության դեմ պայքարելու իրենց առաքելությամբ: Գեղագետները գերադասում են խոսել այն մասին, որ «Մալաթիայի» կամ «Հրազդանի» տոնավաճառները վայել չեն մեր վեհաշուք մայրաքաղաքին: Պարզ ասած, «Մալաթիա» տոնավաճառն աղճատում է նույն անունը կրող թաղամասի ճարտարապետական տեսքը: Ապարանի մասին հանրահայտ երգից ես հիշում եմ, որ «Պարիժեն եկան պատկերդ տարան, չքնաղ Ապարան»: Իսկ Բանգլադեշի մասին բանահյուսությունը լռում է: Բանահյուսությունը լռում է, իսկ իշխանությունները` ոչ: Տոնավաճառների մանր գործարարները (հին հայերենով ասած` միկիտանները) պարտավոր են իրենց գործը (արդի հայերենով ասած` բիզնեսը) կազմակերպել փաստաթղթաշրջանառությամբ: (Իզուր չեն ասել, որ մեր լեզուն «ճկուն է ու բարբարոս»: Տեսնո՞ւմ եք` ինչ երկար բառեր կարելի է կազմել: Ափսոս, որ մեր իշխանությունները մեր լեզվի երկու բնութագրիչից միայն երկրորդն են փոխ առել): Բայց հետաքրքիր ժամանակներ են սկսվում: Իշխանությունների համար նման զանգվածային մասշտաբի դժգոհությունը հավանաբար անակնկալ էր: Ընդդիմության համար` նույնպես: Ընդդիմադիրները հիմա կփորձեն այս «շարժումն» իրենցով անել: Փոխարենը` իշխանությունների քայլերը միանշանակ կանխատեսել հնարավոր չէ:

Միակ հստակ կանխատեսումն այն է, որ սա արտագաղթի նոր ու հզոր ազդակ է: Առաջիկա կես տարում արտագաղթի աճի տեմպից հնարավոր կլինի գլխի ընկնել, թե իրականում բնակչության ինչ զանգվածի համար էր աշխատատեղ ու եկամուտ ապահովում «տոնավաճառ» կոչվող երևույթը: Միևնույն է, պարզ է` հարազատ իշխանությունները երբեք տեղի չեն տվել զանգվածային շարժումների առջև: Հասարակությունն էլ երբեք զանգվածային դիմադրությամբ արդյունքի չի հասել: Համարյա երբեք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս