Բաժիններ՝

ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուների համար հայտարարված մրցույթի մասնակցելու հայտ է ներկայացրել արդեն 4 անձ. pastinfo.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուների համար հայտարարված մրցույթի ավարտին ընդամենը մեկ աշխատանքային օր է մնացել: Այս պատվաբեր ու ցանկալի տեղը գրավել ցանկացողներից Արդարադատության նախարարությունում փաստաթղթերը ընդունվելու են մինչեւ սեպտեմբերի 24-ը` ժամը 18.00-ն:

Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին նախարարությունից, մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել արդեն 4 անձ: Նրանց անուններն, ի դեպ, չեն հրապարակում: Ինչպես մեկնաբանեցին նախարարությունում, հայտատուներն իրենք են այդպես ցանկացել:

Հենց այս հանգամանքն էլ, թերևս, գործընթացի նկատմամբ լրացուցիչ հետաքրքրություն է բորբոքել` նպաստելով նոր անունների շրջանառության մեջ հայտնվելուն: Մեր ունեցած տեղեկություններով դիմորդների թվում է միջազգային իրավունքի մասնագետ, ԵՊՀ-ի Իրավագիտության ֆակուլտետի Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը: Ավելին` շրջանառության մեջ է մտել նաեւ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի անունը, ով, եւս պատրաստվում է հայտ ներկայացնել ՄԻԵԴ դատավորի թեկնածուի համար:

Ի դեպ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 21-րդ հոդվածի համաձայն՝ Եվրոպական դատարանի դատավորը պետք է ունենա բարձր բարոյական նկարագիր և բավարարի բարձր դատական պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջները կամ լինի ճանաչված իրազեկ իրավագետ:

Մրցույթին մասնակցել կարող են 65 տարին չլրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն իրավաբանական կրթություն, մասնագիտական աշխատանքային փորձ, տիրապետում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներից (անգլերեն, ֆրանսերեն) առնվազն մեկին: Իսկ չեն կարող մասնակցել նախկինում դատապարտված, դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ունեցող, պարտադիր զինվորական ծառայություն չանցած (բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից կամ ունեն տարկետում) ՀՀ քաղաքացիները:

Թերևս ավելորդ չէ նաև նշել, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ամսական աշխատավարձը 13 հազար եվրո է:

Ինչ վերաբերում է բուն մրցույթին, ապա այն անց է կացվելու 2 փուլով: Առաջին փուլում ուսումնասիրվելու են հայտատուների ներկայացրած փաստաթղթերը, իսկ երկրորդ փուլում ստուգվելու են նրանց մասնագիտական գիտելիքները, կարողություններն ու լեզուների իմացությունը:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս