«Ահասարսուռ լաց էր». վկան նկարագրել էր Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի վիճակը կրակոցից հետո (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր Լյուքս Ստեփանյանի մահվան գործով դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը շարունակեց ներկայացնել իր բողոքը:

Հայհոյանքները կատա՞կ են եղել

Փաստաբանն անդրադարձավ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռի այն հատվածին, որտեղ դատարանը նշել էր, որ տուժողի՝ Լյուքս Ստեփանյանի միջև տեղի ունեցած վիճաբանությունը, ականատեսների վկայությունները վիճաբանության ընթացքում Դ. Խաչատրյանի կողմից լարվելու, տուժողի կողմից հայհոյանքներից վիրավորվելու մասին, և դրա պատճառով նրա կատարած գործողությունները՝ զենքը լիցքավորելը, անձանց ուղղությամբ պահելը, կրակելու սպառնալիքը, որոշակի ուժգնությամբ ձգանը քաշելը խոսում են միայն նրա կատարած դիտավորության մասին: Փաստաբանների խոսքով՝ ականատես վկաները նշել են, որ իրադրությունը լրջություն չի ունեցել, վիճաբանություն չի եղել:

Ե. Սարգսյանը մեջբերեց Միշա Ջանազյանի ցուցմունքը: Ըստ նրա՝ դատարանում վկան, պատասխանելով մեղադրողի հարցին՝ ինչի՞ց ելնելով է Դավիթ Խաչատրյանին ասել՝ մի՛ կրակի, պատասխանել է, որ բանակում այդպես է. «Եթե զենքը պահում են մեկի ուղղությամբ, չի կարելի: Այսինքն՝ նա որպես պատճառ նշում է ոչ թե այն, որ այնքան լարված վիճակ է եղել, որ պետք է կրակոց լիներ, յալ որ զենք է պահել մեկի ուղղությամբ, պետք է ասեր՝ իջեցրու:

Հրաչյա Սարգսյանը՝ տուժողը, նույն տրամաբանության ասել է. «Զենքը խաղալիք չէ, իջեցրո՛ւ»:

Հատկապես ուշագրավ է Հրաչյա Սարգսյանի այս խոսքը՝ «խաղալիք»: Այսինքն՝ նա նույնպես վստահ է եղել, որ Դավիթ Խաչատրյանն ընդամենը խաղ, կատակ է անում այդ պահի դրությամբ և որևէ դիտավորություն չկա կրակելու:

Նշվածն իրենց նախաքննական և դատաքննական ցուցմունքներում հաստատել են ինչպես ականատես վկաներ Հրաչյա Մարգարյանը և Արշակ Պետրոսյանը, զորամասի հրամանատար Վահագն Ասատրյանը, նրա տեղակալ Աթոյանը և շտաբի պետ Հովսեփյանը, այնպես էլ՝ ամբաստանյալ Խաչատրյանը: Մյուս ականատես վկա Արշակ Պետրոսյանն այս կապակցությամբ դատարանի հնչեցված հարցերին տվեց հետևյալ պատասխանները.

Հարց. Կրակելուց անմիջապես առաջ, երբ որ փողն ուղղած էր դեպի տաղավարը, մեկն ու մեկդ զգացի՞ք, որ կարող է կրակի: Կոնկրետ Դուք հասկացա՞ք, որ կարող է կրակի:
Պատասխան. Ոչ:
Հարց. Ըստ Ձեզ առիթ կա՞ր կրակելու:
Պատասխան. Կրակելու առիթ չկար»:

Փաստաբանն ասաց, որ անգամ Լյուքս Ստեփանյանը, ով անմիջապես հայհոյանքներ է տվել Դավիթ Խաչատրյանին, տվյալ իրադրությունը լուրջ չի համարել և չի համարել նաև, որ դրա համար Խաչատրյանը պետք է կամ կարող է կրակել իր վրա.

«Ուստի շարունակելով իր կատակը և վստահ լիելով, որ դա չի կարող կրակելու շարժառիթ լինել, նույնիսկ այն ժամանակ, երբ Դավիթ Խաչատրյանն ինքանձիգն իր ուղղությամբ պահած կանգած է եղել, մի քանի անգամ նրան ասել է. «Ով չկրակի…» ու հայհոյանք է տվել, ինչն իրենց և´ նախաքննական, և´ դատաքննական ցուցմունքերում միաբերան հաստատեցին վկաները:

Մի՞թե որևէ մեկը կարող է պնդել, որ Ստեփանյանը գոնե մի փոքր կասկածել է, որ իր կողմից հնչեցրած հայհոյանքների պատճառով Խաչատրյանը կարող էր կրակել իր ուղղությամբ կամ գոնե պատճառ ուներ կրակելու, և այդքանով հանդերձ ավելի էր սրում իրավիճակը և չկրակողի հասցեին մի քանի անգամ հայհոյանքներ տալով ամեն կերպով դրդում էր, որպեսզի անխուսափելիորեն կրակե՞ր:

Բնականաբար հասկանալի է, որ հենց ինքը հայհոյանք տալուց հասկանցել է, որ դա կատակ է»:

Որպես իր ասածի ապացույց՝ փաստաբանը վկայակոչեց նաև վկա Հրաչյա Մարգարյանի դատաքննական ցուցմունքը, համաձայն որի՝ Լյուքսը Դավիթի հասցեին հայհոյանքնր տալիս նույնիսկ ժպտացել է: Ե. Սարգսյանի խոսքով՝ վկա Արշակ Պետրոսյանը դատաքննության ընթացքում՝ պատասխանելով իր հարցին՝ «Հայհոյանքը, որ հնչեցրեց Լյուքսը, ի՞նչ վիճակում էր, զայրացա՞ծ, վիրավորվա՞ծ, քմծիծաղո՞վ», ասել է. «Ինչքան որ տեսա, չէր հավատում, որ կկրակի, որովհետև Դավիթն էլ իջեցնում էր: Ժպիտ կար դեմքին»:

«Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանն իր դատաքննական ցուցմունքում հնչեցված հարցերին տվեց հետևյալ պատասխանները.

Հարց. Որ նշում եք, որ Ձեր հետ խոսում էր, ու նշում եք, որ էդ ամեն ինչը հանաք է եղել: Լյուքսն այդ ընթացքում, որ հայհոյանքներ էր տալիս, օրինակ դեմքը լո՞ւրջ էր, լրջությո՞ւն էր հաղորդել դրան, թե՞՝ ինչ կարգի:

Պատասխան. Չէ, ծիծաղելով, ժպիտով, ոնց որ միշտ ժպիտը դեմքին ծիծաղելով:
Հարց. Այսինքն ի՞նքն էլ հասկանում էր, որ կատակ եք անում և կատակի ընթացքում միևնույնն է չեք կրակելու, դրա համար հանգիստ հայհոյանքնե՞ր էր տալիս:
Պատասխան. Հա, ես որ զենքը պահել էի իրա ուղղությամբ, որ ասեց ով որ չկրակի ու հայհոյանքներ տվեց, էդ ամենը ինչը ժպիտը դեպքին, ծիծաղելով: Ինքը հասկանում էր, որ էդ ամեն ինչը կատակա»,- իր պաշտպանյալի հարցաքննությունից մեջբերեց փաստաբանը:

Ըստ փաստաբանի՝ զորամասի հրամանատարը, նրա տեղակալը և շտաբի պետը նախաքննության և դատաքննության ընթացքում հայտնել են, որ Հրաչյա Մարգարյանի և Արշակ Պետրոսյանը, երբ պատմել են, թե ինչ է տեղի ունեցել նախքան կրակոցը, թե ինչ հայհոյանքներ է տվել Լյուքսը Դավիթի հասցեին, նաև ասել են, որ այդ ամենը նրանց միջև մինչև վերջ էլ կատակ է եղել և որ իրենք հաճախ են միմյանց հետ նման կատակներ անում:

Երեմ Սարգսյանն ասաց, որ քրեական գործում առկա ապացույցներով հաստատվել է, որ կրակոցի պահին Դավիթ Խաչատրյանը կանգնած է եղել պահակատան մուտքի դռան մոտ, ճիշտ այն վայրում, որտեղ հերթապահություն է իրականացրել այդ ժամին, իսկ Լյուքս Ստեփանյանը նստած է եղել նրանից մոտ 25-30 մետր հեռավորության վրա գտնվող տաղավարում: Ըստ փաստաբանի՝ Լյուքս Ստեփանյանի կողքին՝ Դ.Խաչատրյանին ավելի մոտ, նստած է եղել մյուս տուժող Հրաչյա Սարգսյանը:

«Ընդ որում, ըստ գործում առկա փորձագետի եզրակացության՝ արձակված մեկ կրակոցից հետո գնդակն առաջինը խոցել է հենց Հրաչյա Սարգսյանի գլուխը և միջանցիկ անցնելով, նոր միայն գլխի շրջանում մահացու վիրավորել է Լյուքս Ստեփանյանին»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ արձակված մեկ կրակոցը եղել է 30մ հեռավորությունից՝ գտկատեղի հատվածից: Նրա խոսքով՝ եթե անձը կրակելու դիտավորություն ունի, նրա համար ավելի հեշտ է նշան բռնած դիրքից: Ե. Սարգսյանի խոսքով՝ զորամասի հրամանատարի մարտական պատրաստվածության գծով տեղակալ, վկա Հրայր Աթոյանը՝ պատասխանելով տուժող կողմի հարցերին, ասել է. «Մենք հիմա տենց պատրաստված զինվոր չունենք, որ կարողանա գոտկատեղից նշան բռնի»:

Փաստաբանն ասաց նաև, որ հարցին՝ ինչի՞ համար է մինչև զենքը բարձրացնելը նայել փշալարարերից այն կողմ, Դ. Խաչատրյանը պատասխանել է. «Նայել եմ դեպի հետ, որ տեսնեմ սպայական անձնակազմից մարդ չկա՞, թե՞ կա, որովհետև ես գիտեի, որ եթե զենքը լիցքավորված է, չի կարելի պահել մարդու վրա: Ու եթե հանկարծ ինչ-որ սպայական անձնակազմից որևէ մեկը նկատեր, որ ես տենց բան եմ անում, խնդիրներ կառաջանար: Նայեցի, որ տեսնեմ մարդ չկա, որ կատակով վախացնեմ: Եթե ես ուզենայի դիտավորյալ անեի, հաստատ հետ չէի նայի, էլի: Ի՞նչ տարբերություն անողի համար, ո՞վ ա տեսել, ո՞վ չի տեսել»:

«Իսկ եթե հանկարծ որևէ մեկի մտքով կանցնի, որ Դավիթ Խաչատրյանը հետ է նայել, որ տեսնի սպա կա՞ տարածքում, թե՞ ոչ, որպեսզի կրակի ու հանգիստ փախչի, ապա պետք է հիասթափեցնեմ նման կերպ մտածողներին, քանի որ նախ, տարածքում բացի Լյուքս Ստեփանյանը բազմաթիվ այլ զինվորներ են եղել, ովքեր կարող էին տեսնել և տեսել են կրակոցի պահը, ուստի նրա կրակոցը չէր կարող աննկատ մնալ, բացի այդ, կրակոցից անմիջապես հետո Դավիթ Խաչատրյանը ոչ թե փորձել է փախչել, այլ կրակոցից անակնկալի գալով, անմիջապես վազել է տաղավարի ուղղությամբ, որ տեսնի՝ հո չի վնասել որևէ մեկին: Չնայած որ այդ պահին նշված պահակատանը միայն Դավիթ Խաչատրյանն է եղել ինքնաձիգով և առանց խոչընդոտի կարող էր փախչել այդտեղից, սակայն նա նման նպատակ չի ունեցել, փոխարենն անդադար լացել է, ասել, թե էս ինչ արեց: Եթե Դավիթ Խաչատրյանը որոշել էր սպանել Լյուքս Ստեփանյանին, ապա տրամաբանական է, որ այդքանից հետո նա պետք է նաև փորձեր դիմել փախուստի, ինչը չի արել: Մեջբերեմ այս կապակցությամբ ձեռք բերված ապացույցները:
Վկա Հրաչյա Մարգարյանն այս կապակցությամբ դատարանում տվեց հետևյալ պատասխանները.

Հարց. Այդ կրակոցից հետո ասացիք, որ Դավիթն առաջ է գնացել դեպի տաղավար: Իր հոգեկան վիճակը կնկարագրե՞ք:
Պատասխան. Արտահայտությունով, թե ինչ եմ արել ու առաջ էր գնում: Անհանգիստ էր:
Հարց. Ի վերջո, նա ցանկանո՞ւմ էր նման բան լիներ, թե՞ ոչ:
Պատասխան. Էդ իրա վիճակը տեսնելով, չէի ասի, որ ինքը ցանկանում էր տենց բան անել:
Հարց. Իսկ փորձե՞ց փախուստի դիմել:
Պատասխան. Ոչ, չփորձեց:
Հարց. Իր համա՞ր էլ դա անակնկալ վիճակ էր, թե՞ ինքը հատուկ կրակեց:
Պատասխան. Անակնկալ վիճակ էր, որովհետև ինքը զարմացած էր»,- մեջբերեց փաստաբանը:

Նա մեջբերեց նաև վկա Արշակ Պետրոսյանի ցուցմունքը.

Հարց. Կրակոցից հետո տեսե՞լ եք Դավիթին:
Պատասխան. Մի պահ եմ տեսել, գոռում էր: Ոնց որ՝ էս ի՞նչ արեցի, էդ տիպի բաներ:
Հարց. Այդ իրադրությունը Ձեր մոտ ի՞նչ տպավորություն էր, որ նա չէր ցանկանում, որ նման բան լիներ, թե նա լավ էլ ցանկանում էր ու հասավ նպատակին:
Պատասխան. Դրանից կարելի էր հասկանալ, որ չէր ցանկանում: Նա չափից շատ ընկճված էր:
Հարց. Դավիթը փախչելու փորձ արե՞ց:
Պատասխան. Մինչև մեր գնալը, որ նկատել եմ, տենց բան չի արել:

Վկա Գևորգ Հարությունյանն էլ, ըստ փաստաբանի՝ դատարանում, տվել է հետևյալ ցուցմունքը:
Հարց. Երբ որ զենքը վերցրեցիք, կարո՞ղ եք բնութա•րել Դավիթի հոգեկան վիճակը, ի՞նչ վիճակում էր, ի՞նչ էր անում, ի՞նչ էր հարցնում:
Պատասխան. Կանգնած էր զենքը ուսին գցած, դեմքի արտահայտությունից ակնհայտ էր, որ խառը հոգեկան վիճակ էր իր մոտ, չի գիտակցում էդ պահը, իրականում կարող եմ համոզված լինել, որ չի էլ գիտակցել, որովհետև երբ որ զենքը վայր դրեցի, ես գրկեցի իրան, որ տանեմ այն կողմ, ընթացքից նոր հասկացավ:

Հարց. Լաց եղե՞լ է:
Պատասխան. Այո:
Հարց. Ի՞նչ վիճակով էր: Ի՞նչ լաց էր, ըստ Ձեզ:
Պատասխան. Ահավոր: Ահասարսուռ լաց էր, որովհետև վառ տպավորվել են էդ ձայները: Ես գրկել եմ Դավիթին, ես ուրիշ բան չեմ փորձել մտածել, չեմ կարողացել մտածել, ուղղակի ես մտածում էի, որ պետք է իրան օգնել: Իրան բռնած տարել եմ էն կողմ, հետո որ ընթացքում մտածել եմ, վիրավորի գոռոցը, ձայնը, մի քիչ ես էլ չեմ կարողացել կայուն լինել, որ ինչ է կատարվում: Բայց կոնկրետ Դավիթի վիճակից կարամ նույնիսկ համոզված ասել, որ չի ուզել կրակի: Էդ կրակոցը, որը եղել է, դա հաստատ ինքը չէր ուզում:

Երեմ Սարգսյանը մեջբերեց նաև վկա Արտյոմ Խոդերյանի դատաքննության ընթացքում տված ցուցմունքը:

Հարց. Դուք նշեցիք, որ երբ եկաք, զինվորները տարբեր կողմեր էին վազվզում, նրանից մեկը իր վարքով առանձնանում էր Ձեր համար և Դուք մոտեցել եք, սվին դանակը վերցրել եք և այլն: Կարո՞ղ եք այդ զինվորին նշել, Դավի՞թն էր նա: Նրա վարքագիծը այդ պահին կարո՞ղ եք հիշել:
Պատասխան. Անկանոն քայլում էր: Շարահրապարակ կար, ինքը անկանոն մեջը ֆռում էր: Հետո մոտեցա, ասացի՝ ի՞նչ ա եղել, ասում էր. «Ի՞նչ արեցի, ի՞նչ եղավ», ու էդ պահին հասկացա, որ ինքն է: Էդ ժամանակ գոտու հետ էր խաղում: Նայեցի, նկատեցի սվին դանակը վրան չի: Գոտին հանեցի վրայից` սվին դանակի պատյանով, տալիս եմ ուրիշ սպայի, տանում եմ իրեն էնտեղ, ուրիշ սպայի եմ տալիս ու գնում եմ վիրավոր զինվորի մոտ:

Ինչ հանգամանքներ են հաստատվել՝ ըստ փաստաբանի
Երեմ Սարգսյանն ասաց, որ հաստատվել են հատևյալ հանգամանքները.

1. Դավիթ Խաչատրյանը և Լյուքս Ստեփանյանը գտնվել են շատ մտերիմ, ընկերական փոխհարաբերությունների մեջ, երբևէ միմյանց հետ չեն վիճաբանել, առավել ևս միմյանց նկատմամբ թշնամություն չեն ունեցել:
2. Դավիթ Խաչատրյանն առավել մոտ, ընկերական հարաբերությունների մեջ է գտնվել մյուս տուժող Հրաչյա Սարգսյանի հետ: Ամբողջ զորամասում ամենամոտը նրա հետ է եղել:
3. Լյուքս Ստեփանյանի կողմից Խաչատրյանին հայհոյանք տալուց հետո Դավիթ Խաչատրյանը նրան նույնպես հայհոյանքով պատասխանել է:
4. Ստեփանյանը միայն անձամբ Դավիթ Խաչատրյանին ուղղված հայհոյանքներ է հնչեցրել: Նրա ծնողների կամ այլ մերձավորների հասցեին հայհոյանքներ չի հնչեցրել:

5. Դավիթ Խաչատրյանը և Լյուքս Ստեփանյանը նախկինում նույնպես միմյանց հետ հայհոյանքով կատակ են արել, դա իրենից որևէ լրջություն չի ներկայացրել, և Խաչատրյանի համար չէր կարող սպանության դրդապատճառ հանդիսանալ:

6. Լյուքս Ստեփանյանի և Դավիթ Խաչատրյանի խոսակցությունը տևել է մոտ 10-15 րոպե, այդ ընթացքում Ստեփանյանը Խաչատրյանին բազմիցս կատակով հայհոյանքներ է տվել, սակայն Խաչատրյանն այդ ողջ ընթացքում գոնե մեկ անգամ դուրս չի եկել հերթապահության ընթացքում իր համար սահմանված տարածքից, այլ ընդամենը մեկ կամ երկու անգամ չորացած հողի կտորներ է գցել Ստեփանյանի ուղղությամբ:
7. Ստեփանյանը շարունակել է հայհոյանքներ հնչեցնել Խաչատրյանի հասցեին, իսկ Խաչատրյանն էլ Միշա Ջանազյանից ժամն իմանալուց հետո, երբ պարզել է, որ ընդամենը 5 րոպե է մնացել, որպեսզի իր հերթապահությունն ավարտվի, Ստեփանյանին կատակով ասել է՝ հերթապահությունս հանձնեմ, գալու եմ ու հայհոյանք է տվել:
8. Ստեփանյանի կողմից պատասխան հայհոյանք է հնչել, որից հետո Խաչատրյանը Ստեփանյանին վախեցնելու նպատակով, որպես կատակի շարունակություն, ինքնաձիգը բարձրացնելով ուսագոտու հատված, այն պահել է բացօթյա տաղավարի ուղղությամբ և Ստեփանյանին ասել, որ դադարեցնի հայհոյանքերը:
9. Նախքան ինքնաձիգն ուսագոտու հատված բարձրացնելը Դավիթ Խաչատրյանը հետ է նայել պահակատան փշալարերից դուրս, որպեսզի, պարզի տարածքում սպա կա, թե ոչ, քանի որ հասկացել է, որ իր այդ կատակը տեսնելու դեպքում կարող է խնդիրներ ունենալ:
10. Երբ ինքնաձիգն ուսագոտու հատվածում պահած Դավիթ Խաչատրյանն այն ուղղել է տաղավարի կողմ, Լյուքս Ստեփանյանն ասել է, որ չի կարող կրակել, ապա նաև ժպտալով բազմիցս նույնաբնույթ հայհոյանքներ է տվել չկրակողի հասցեին, սակայն անգամ դրանից հետո Դավիթ Խաչատրյանը չի կրակել, այլ լսելով Միշա Ջանազյանի և Հրաչյա Սարգսյանի՝ զենքի հետ խաղ չանելու, այն իջեցնելու հորդորները, նույն դիրքով իջեցրել է գոտկատեղի հատված՝ աջ կողմից:

11. Դեպքին ականատես ոչ ոք, այդ թվում՝ տաղավարում գտնվող Հրաչյա Մարգարյանը և Արշակ Պետրոսյանը, անգամ տուժողներ Հրաչյա Սարգսյանը և Լյուքս Ստեփանյանը տվյալ իրավիճակը կատակ են համարել, դրանում որևէ լրջություն չեն տեսել, Դավիթ Խաչատրյանի կողմից կրակելու որևէ դրդապատճառ չեն տեսել, վստահ են եղել, որ նա չի կրակելու, ուստի անգամ փորձ չեն արել դուրս գալ տաղավարից:
12. Նախքան կրակոցը հնչելը Դավիթ Խաչատրյանը որևէ կերպ չի վերադասավորվել, կրակելու համար որևէ հարմար դիրք չի ընտրել, այդ պահին լինելով միակը, որ իր մոտ ինքնաձիգ ունի՝ անգամ մոտ չի գնացել Լյուքս Ստեփանյանին, որպեսզի առավել դիպուկ կրակոց արձակի, այն դեպքում, որ վերջինիցս գտնվել է մոտ 25-30 մետր հեռավորության վրա, բացի այդ Լյուքս Ստեփանյանի անմիջապես կողքին՝ վերջինիս և Դավիթ Խաչատրյանի միջև գտնվող հատվածում, նստած է եղել նրա ամենամոտ ընկեր Հրաչյա Սարգսյանը, ով իր մարմնով ամբողջությամբ ծածկած է եղել Լյուքս Ստեփանյանին:
13. Արձակվել է ընդամենը մեկ կրակոց՝ ինքնաձիգը գոտկատեղի հատվածում, ընդ որում գնդակն առաջինը խոցել է Հրաչյա Սարգսյանի գլուխը և միջանցիկ անցնելուց հետո միայն գլխի շրջանում մահացու վիրավորել է Լյուքս Ստեփանյանին, որպիսի հանգամանըք Դավիթ Խաչատրյանը չէր կարող նախատեսել:

14. Կրակոցը Դավիթ Խաչատրյանի համար անակնկալ է եղել, դրանից անմիջապես հետո նա ոչ թե դիմել է փխուստի կամ փորձել է փախչել, այլ անմիջապես վազելով մոտեցել է տաղավարին և տեսնելով կատարվածը, սկսել է անդադար լաց լինել և մեղադրել իրեն, ասելով՝ այս ի՞նչ արի, այս ի՞նչ եղավ:
15. Դեպքին ականատես վկաներից, դեպքից տեղյակ, Դավիթ Խաչատրյանին և Լյուքս Ստեփանյանին ճանաչող անձինք համոզված են, որ Դավիթ Խաչատրյանը դիտավորյալ չի կրակել Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ և նրան սպանելու նպատակ և պատճառ չի ունեցել:

Ի՞նչ են պահանջում ամբաստանյալի փաստաբանները
Դավիթ Խաչատրյանի պաշտպան Վաղինակ Գևորգյանն էլ ասաց, որ Դավիթ Խաչատրյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող բազմաթիվ հանգամանքների առկայությունը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, նրա վարքագիծը նվազեցնում են նրա անձի, ինչպես նաև նրա արարքի հանրային վտանագավորությունը, վկայում են այն մասին, որ նա արդեն իսկ ուղղվել և վերադքստիարակվել է կամ գոնե կանգնած է այդ ճանապարհին:

Նա խնդրեց վերաքննիչ դատարանին ամբողջությամբ բեկանել և փոփոխել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, Դավիթ Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով (զենքի հետ վարվելու կանոնների խախտումը, որը մարդու առողջությանը անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս և որն անզգուշությամբ առաջացել է մարդու մահ) և նրա նկատմամբ նշանակել արդարացի պատիժ` նշված հոդվածների սանկցիաների սահմաններում, կամ Դավիթ Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին մասով (սպանություն) և 120-րդ հոդվածով (անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և նրա նկատմամբ նշանակել արդարացի պատիժ` նշված հոդվածների սանկցիաների սահմաններում, կամ ամբողջությամբ բեկանել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10.03.2014թ. կայացրած` ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշումը, բավարարել այդ միջնորդությունը և այդ հիմքով բեկանել դատավճիռը և քրեական գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության, իսկ վերը նշված խնդրանքները չբավարարելու դեպքում նշանակված պատժի մասով բեկանել և փոփոխել 04.07.2014թ. դատավճիռը և նրա նկատմամբ նշանակել ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 6-րդ կետով և 112 հոդ. 1-ին մասով սահմանված նվազագույն պատիժները:

Տեսանյութեր

Լրահոս