Հովհաննես Իգիթյան. Արդյոք Սերժ Սարգսյանը լուծե՞ց Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցը, թե՞ հակառակը

Այս իրավիճակում, երբ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ պետություններն են անգամ մտածում Ռուսաստանից տարանջատվելու և Արևմուտքի պատժամիջոցներից խուսափելու մասին, Հայաստանն ամբողջ ուժով գնում է դեպի անդամակցություն` առանց որևէ վերապահման: Սա ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանի գլխավոր մտահոգություններից է` կապված հոտկեմբերի 10-ին ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի ստորագրման հեռանկարի հետ:

Իգիթյանն այսօր Երևանի մամուլի ակումբի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից «Եվրասիական տնտեսական միություն. ի՞նչ կստանա և ի՞նչ կկորցնի Հայաստանը» թեմայով կազմակերպված քննարկմանը ներկայացրեց իր վերլուծությունը` նշելով, որ Հայաստանի անդամակցության դեպքում Ռուսաստանը խոստացել էր ներդրումներ կատարել, սակայն այդ ներդրումների ճակատագիրն առայժմ անորոշ է, քանի որ ռուսական ընկերությունները, որոնք պետք է կատարեին այդ ներդրումները, արևմտյան պատժամիջոցների ցուցակում են:
Եվրասիական միությունը, փորձագետի համոզմամբ, քաղաքական միավորում է, որի հիմքում դրված է տնտեսականը: Այդ միության հիմքում դրված էր ԽՍՀՄ-ի փլուզումը և հետագայում նաև ԱՊՀ երկրների ստեղծումը և բոլոր քաղաքական և տնտեսական համաձայնագրերը:

Իգիթյանի մեկնաբանությամբ` ԵՏՄ-ն հեռանկարային չէ Հայաստանի համար, քանի որ միության երեք երկրներն իրենց քաղաքականության մեջ փորձում են պաշտպանել տեղական արտադրողին, բայց փորձը ցույց է տալիս, որ տնտեսական մոդելի հիմքում պետք է լինի սպառողի պաշտպանությունը.

«Երբ երկիրը փորձում է պաշտպանել սպառողին, նրա իրավունքները` ունենալու լավ, էժան ապրանք կամ, ընդհանրապես, ապրելու և գոյատևելու, ապա, որպես ածանցյալ, ուզած թե չուզած պաշտպանվում է նաև լավ արտադրողի` մրցակցություն ունենալու հիմքը: Դա է դրված տնտեսության հիմքում: Իսկ այն տնտեսական միավորումները, որոնք փորձում են ստեղծել փակ շրջան և փակել որակյալ ու էժան ապրանքների մուտքը իրենց երկիր` այդ ապրանքների վրա դնելով բարձր մաքսատուրք, նրանք, ի վերջո, կործանվում են»:

Կարդացեք նաև

Դրա ամենավառ օրինակը, ըստ փորձագետի, Խորհրդային միությունն է, որտեղ սպառվում էր միայն տեղական արտադրանքը, իսկ արտասահմանյան ապրանքի համար մուտքը փակ էր:

Հովհաննես Իգիթյանը համոզված է, որ այսօր էլ թե´ հայ, թե´ ռուսաստանցի սպառողը կնախընտրի գնել, օրինակ, 10 տարվա արտադրության եվրոպական մեքենա, ասենք` «Օպել Վեկտրա», քան 2014 թ. արտադրության ռուսական «Լադա», որը երբեմն գովազդում է Ռուսաստանի նախագահ Պուտինը:

Հովհաննես Իգիթյանը խոսեց ռուսաստանյան և եվրոպական շուկաների գլխավոր տարբերությունների մասին` շեշտելով, որ Եվրամիության ազատ առևտրի գոտու երկրներում բոլոր ապրանքները ստանդարտիզացված են, որի շնորհիվ նույն ապրանքը կարող է արտադրվել թե´ Հելսինկիում, թե´, օրինակ, Երևանում: Իսկ Ռուսաստանում ստանդարտներ ընդհանրապես չկան, ինչը Ռուսաստանին հնարավորություն է տալիս ցանկության դեպքում քաղաքական նպատակներով արգելք դնել այս կամ այն երկրից ներմուծվող ապրանքի վրա: Ըստ նրա` ամբողջ Ռուսաստանը «մի մեծ ստվեր է»:

«Երբ ասում ենք՝ Գերմանիա, միանգամից պատկերացնում ենք «Մերսեդես», «Սիմենս» և այլն, ասում ենք Ֆրանսիա` «Արիսթոն», «Տալես», «Ալկատել», ասեք Ռուսաստան և պատկերացրեք մի տեխնոլոգիա: Եթե ռազմականի մասին եք խոսում, դա էլ է միֆ, ուղղակի էժան է: Բայց դրա համար չենք համագործակցում երկրների հետ, որ «Կալաշնիկով» արտադրենք: Ի վերջո, պետությունը «Կալաշնիկով» չի ուտում, «Կալաշնիկով»-ով սոցիալական հարցերը չեն լուծվում»,- ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ դնել-չդնելու հայտնի խնդրին` Հովհաննես Իգիթյանը նշեց, որ Հայաստանը, որպես հակափաստարկ Ղազախստանի նախագահ Նազարբաևի հնչեցրածին, պետք է ասեր, որ Լեռնային Ղարաբաղը այլ երկրից ապրանք ստանալու հնարավորություն չունի, ուստի Հայաստանի և ԼՂՀ-ի միջև չի կարող մաքսային սահման լինել.

«Դա պետք է աներ Սերժ Սարգսյանը: Ընդհանրապես որևէ բան պետք է ասեր, բայց՝ չասաց: Երեկ ոչ թե պետք է ասեր, որ մեր անդամակցությունը ԵՏՄ-ին չի սպառնում անկախությանը, այլ պետք է պատասխաներ այդ հարցին, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսային սահմանն անհնար է»:

Որքան էլ հարցը քննարկվում էր տնտեսական հարթության վրա, Իգիթյանը նշեց, որ անգամ իշխանության ներկայացուցիչներն են իր հետ բանավեճում խոստովանում, որ այստեղ կա Լեռնային Ղարաբաղի հարց:

Իգիթյանն այդ կապակցությամբ հռետորական հարց հնչեցրեց. «Գիտեք` ինչ, եթե Լեռնային Ղարաբաղի հարց կա, այդ դեպքում եկեք Լեռնային Ղարաբաղի հա´րցը քննարկենք և նայենք` արդյոք սրանով լուծվո՞ւմ է Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցը: Արդյոք այդ զրկանքները հիմնավորվա՞ծ են, և Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը լուծեց Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցը, թե՞ հակառակը` սրանով անվտանգության հարցը Մինսկի խմբի համակարգից անցավ այլ ոլորտ և դարձավ Ռուսաստանի հարց»:

 

Տեսանյութեր

Լրահոս